Նկարիչների միության շենքի գործով ինչ վճիռ է կայացրել դատարանը

Ամիսներ առաջ իշխանությունը, ի դեմս Գլխավոր դատախազության, որոշեց պետականացնել գրողների եւ նկարիչների միությունների շենքերը, որպես հիմնավորում՝ հղում անելով «Հայաստանի Հանրապետության պետական սեփականության մասին» 1990-ի սեպտեմբերի 10-ի օրենքի առաջին կետին, որը սահմանել է, որ ՀՀ տարածքում գտնվող բոլոր պետական ձեռնարկությունների, միավորումների, հիմնարկների եւ կազմակերպությունների ունեցվածքը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է: Մինչդեռ երկու միությունն էլ ստեղծման օրվանից չեն եղել պետական կառույցներ՝ հասարակական կազմակերպություններ են։
Չնայած դիմադրության ալիքին, իշխանությունն այս ընթացքում հասցրել է համապատասխան օրենսդրական կարգավորումներ մշակել՝ հասարակական կառույցներ հանդիսացող բոլոր կազմակերպությունների, միավորումների գույքը պետականացնելու եւ սեփականության իրավունքն անվավեր ճանաչելու համար: Իսկ սա արդեն վերաբերում է ոչ միայն գրողներին ու նկարիչներին, այլեւ բոլոր միություններին ու ՀԿ-ներին:
Սեփականազրկման գործ-ընթացն արագ տեմպերով ու շատ վտանգավոր սցենարով է ընթանում հատկապես Նկարիչների միության՝ Աբովյան 16 շենքի հետ կապված, դատավորն այս գործը գրավոր (ոչ հրապարակային) ընթացակարգով է քննում, ինչը նշանակում է, որ դատական նիստ չի լինելու, եւ միանգամից` հոկտեմբերի 30-ին հրապարակվելու է վճիռը:
Նկարիչների միության փաստաբան Կարեն Մեջլումյանը մեզ հետ զրույցում նշեց, որ երեկվա՝ հոկտեմբերի 30-ի դրությամբ վճիռը հրապարկված չէր, ապա հույս հայտնեց, որ չի էլ հրապարակվի․ «Իրավական առումով, իրավական պետությունում ես շատ ավելի դժվար եմ գտնում վճռի հրապարակումը, քան թե՝ չհրապարակումը։ Այս ընթացքում մենք բազմաթիվ միջնորդություններ ենք ներկայացրել, այդ թվում՝ գործը բանավոր ընթացակարգով քննելու մասին։ Հիշեցնեմ, որ մի քանի գործ կա՝ Նկարիչների միության տարբեր գույքերի հետ կապված․ Շորժայի, Ծաղկաձորի հանգստյան տները եւ Աբովյան 16 հասցեում նկարիչների տան պետականացման հայցերը։ Այս մի գործը, որը մակագրվել է դատավոր Արմեն Ներսիսյանին, գրավոր ընթացակարգով է դատավորը որոշել քննել, մինչդեռ մյուս բոլոր գործերը մյուս բոլոր դատավորները բանավոր ընթացակարգով են քննում, իսկ նման մոտ 20 գործ կա դատարանում։ Եվ դա նորմալ է, որովհետեւ սա կոնվենցիայով եւ սահմանադրությամբ երաշխավորված, անձին սեփականության իրավունքից զրկելու հետ կապված վեճ է, եւ առնվազն հրապարակային ու արդար դատաքննության կանոնների ապահովմամբ դատաքննության իրավունք ունեն կողմերը, տվյալ դեպքում՝ սեփականատերերը, ինչը գրավոր ընթացակարգով գործի քննությամբ չի ապահովվում»։
Փաստաբանն ընդգծում է՝ ներկայացված բազմաթիվ միջնորդություններից որեւէ մեկին արձագանք չի եղել․ «Մենք բազմաթիվ միջնորդություններ ենք ներկայացրել՝ գործը բանավոր ընթացակարգով քննելու մասին, այդ թվում՝ դատախազությունից, կադաստրից ապացույցներ պահանջելու մասին, որոնցից կերեւար, որ հայց ներկայացնելու ժամկետը բաց է թողնվել, եւ գործը պետք է պարզապես կարճվի։ Նաեւ բացարկ ենք հայտնել դատավորին, բայց որեւէ մեկով որեւէ որոշում չենք ստացել։ Այսինքն՝ դատարանը ոչ միայն մերժում է՝ պայմանական ասած, այլեւ ընդհանրապես որոշում չի կայացնում, իսկ դա կողմի՝ արդար դատաքննության հիմք հանդիսացող՝ լսված լինելու իրավունքի խախտում է։ Եվրոպական դատարանը, Վճռաբեկ դատարանն արձանագրել են, որ ձեւական չպետք է լինի, եթե անձը միջնորդություններ, ապացույցներ է ներկայացնում, պետք է դրանց հետ կապված որոշում կայացվի, բայց մինչ օրս որեւէ որոշում չենք ստացել, եւ Դատալեքսում էլ տեղադրված չէ»։
Ինչո՞վ է բացատրում այս գործի հետ կապված այդ տոտալ լռությունը։ «Ես տվյալ դեպքում դա բացատրում եմ դատավորի անձով, եւ, դրանից ելնելով, մենք ամսի 29-ին բացարկ ենք հայտնել դատավորին, որովհետեւ այլ բան չեմ պատկերացնում։ Ինչու եմ դատավորի անձով պայմանավորում, որովհետեւ այլ դատավորները մյուս բոլոր գործերը քննում են բանավոր ընթացակարգով՝ հրապարակային, միայն դատավոր Ներսիսյանն է, որ ոչ միայն մեր գործը, այլ նաեւ Գրողների միության գործերից մեկն էլ, որն իր մոտ է, դարձյալ գրավոր ընթացակարգով է քննում։ Եվ 2-րդ․ մեր միջնորդությունների վերաբերյալ ընդհանրապես որոշումներ չի կայացնում, մենք գտնում ենք, որ նա հօգուտ դատախազության կանխակալ վերաբերմունք ունի»։ Իսկ ո՞րն է նրա մոտիվը։ «Մոտիվը չեմ կարող ասել, բայց այն, որ այս փաստերի համադրմամբ, անկողմնակալ դիտորդի մոտ կարող է երեւալ, որ նա այդ կողմնակալ դիրքորոշումն ունի, ակնհայտ է, հակառակ դեպքում չենք պատկերացնում, թե ինչու է այդպես անում»,- ասում է Կ. Մեջլումյանն ու այս անգամ օրինակ բերում Նկարիչների միության Ծաղկաձորի տան գործը։
«Շատ պարզ օրինակ բերեմ․ գործերից մեկը՝ Ծաղկաձորի տան վերաբերյալ, որը բանավոր ընթացակարգով է քննվում։ Այս գործով վիճարկման հայցը դատախազությունը կարող էր ներկայացնել երկամսյա ժամկետում՝ վարչական ակտի մասին իրազեկվելու պահից, եթե չես ներկայացնում, ուրեմն՝ վերջ, այդ ժամկետը բաց ես թողել։ Հիմա, երբ մենք ուսումնասիրեցինք նյութերը թե՛ Աբովյան 16-ի, թե՛ մյուս գործերով, տեսանք, որ իրականում ավելի շուտ է դատախազությունն իրազեկվել վարչական ակտի մասին, քան թե հայցադիմումում նշված իր հիմնավորումը, որ այսինչ ժամանակ ենք իմացել։ Մենք այդ գործով այդ հարցը բարձրաձայնեցինք, դատարանն էլ, որ մինչեւ այդ նկատել էր այս հանգամանքը, գտավ, որ այդտեղ խնդիր կա, եւ դատախազությունից ու կադաստրից նյութեր պահանջեց, որոնք ներկայացվելուց հետո երեւաց, որ վարչական ակտի մասին իրազեկվել են հայց ներկայացնելուց 3 ամիս շուտ, մինչդեռ 2 ամսում կարող էին հայց ներկայացնել։ Այսինքն՝ բաց են թողել ժամկետը, դա հիմք էր, որպեսզի մենք ներկայացնենք գործի վարույթը կարճելու միջնորդություն։ Չգիտենք՝ դատարանը կկարճի, թե ոչ, բայց դրանից երեւաց, որ նյութերը ստանալուց 3 ամիս հետո են դիմել դատարան՝ խախտելով ժամկետը»,- ասում է փաստաբանն ու նկատում, որ դատախազությունից, կադաստրից պահանջել են այդ նյութերը, բայց՝ ապարդյուն։
«Դրանից հետո, այդ օրինակը ձեռքի տակ ունենալով, Աբովյան 16-ի գործով, ասում ենք՝ նայեք, այսպիսի բան է եղել, ձեզ էլ ենք միջնորդել ու միջորդում, որպեսզի պահանջեք այդ նյութերը դատախազությունից, ընդ որում՝ ոչ միայն դատարանին ենք դիմել, այլեւ՝ կադաստրին, դատախազությանը, բայց կադաստրը, դատախազությունը մեզ մերժել են, այդ նյութերը մեզ չեն տրամադրել, որ չիմանանք, թե երբ են ստացել։ Պատկերացնո՞ւմ եք՝ կադաստրը պատասխանողն է, դատախազությունը՝ հայցվորը, բայց իրար հետ են գործում, կադաստրը չի ուզում այն ապացույցը, որ կա, եւ որի հիման վրա կարող է իր դեմ ուղղված դատախազության հայցը մերժվել, չի ներկայացնում այդ նյութերը, մեզ էլ չի տալիս, որ մենք էլ չներկայացնենք»։
Ի՞նչ հանգուցալուծում է հնարավոր այս իրավիճակում, Կ․ Մեջլումյանը նկատում է․ «Եթե հայցը մերժվի, բնականաբար, կուրախանանք, եթե հայցը բավարարվի․․․ չնայած ես ուղղակի չեմ կարողանում պատկերացնել, թե ինչպես կարող է այդ հայցը բավարարվել, առանց ապօրինությունների, որովհետեւ դա հնարավոր չէ, առանց կողմի արդար դատաքննության իրավունքի խախտման։ Այդքանով հանդերձ, եթե հայցը բավարարվի, կփորձենք հրապարակայնացնել այդ խախտումները, որ թույլ են տվել, եւ, բնականաբար, կպատրաստվենք բողոքարկման»։
Կարծիքներ