Սերիալները դրանք են, ոչ թե Դիանա Գրիգորյանինն ու Գոռ Վարդանյանինը
ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է Գոռ Վարդանյանի «Կայսրության թեւերը» սերիալի առնչությամբ ԿԳՄՍՆ դիմումը: Հիշեցնենք․ «Մանկավարժահոգեբանական կենտրոն»-ը ԿԳՄՍՆ-ի հանձնարարականով վերլուծել է սերիալը եւ եզրակացրել, որ այն կարող է հանգեցնել բացասական վարքային ընդօրինակման` անչափահասների կողմից ծխախոտի օգտագործման, անհարգալից վերաբերմունքի, երեխան կարող է նույնականացնել իրեն գլխավոր հերոսների հետ եւ կրկնել նրա վարքագիծը։ Հայաստանը թավշյա հեղափոխությունից հետո վերածվել է ծայրահեղությունների երկրի:
Նույն ԿԳՄՍ նախարարությունը եւ Գլխավոր դատախազությունը մտահոգիչ են համարում գողական բարքերի մասին պատմող սերիալը, իսկ այդ նախարարությունը տարիներ առաջ 2,756 հազար ՀՀ դրամ էր հատկացրել ինչ-որ «ՀուԶԱՆՔ ու ԶԱՆԳ» ներկայացման համար, որը հանրության շրջանում մեծ աղմուկ բարձրացրեց, եւ մարդիկ կարծում էին, որ դրա միջոցով սատանիզմ է քարոզվում, ինչը բացասաբար կարող է ազդել դեռահասների վրա: «Իմ մարմինն անձնական» է վերտառությամբ գիրք էին հրատարակում, որտեղ հանրության մի զգալի մասն այլասերման քարոզ տեսավ, ու բազմաթիվ նման օրինակներ կան: Ստացվում է, որ անգամ սերիալների հարցում իշխանությունը կողմնակալ է: Իբրեւ թե քրեական ենթամշակույթի դեմ ագրեսիվ պայքար են տանում, իսկ կասկածելի ծագում ունեցող գլոբալիստական տարբեր երեւույթներ խրախուսում: Թեեւ, իհարկե, հայկական հեռուստասերիալները, որոնք հորդում են հեռուստաեթերից, շարունակում են մտահոգել մարդկանց: Դրանցում սպանություններ, գողություններ, դավաճանություն, կռիվ եւ փողոցային բարքեր են քարոզում: Դրանք դիտելով՝ տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանում աֆրիկյան վայրի ցեղախմբեր են ապրում, որոնք ո՛չ օրենքի, ո՛չ մարդու իրավունքների, ո՛չ էլ քաղաքակրթության մասին ոչինչ չգիտեն: Գոռ Վարդանյանի աղմուկ բարձրացրած հեռուստասերիալի մասին զրուցել ենք Հայաստանի մշակութային հիմնադրամի տնօրեն Մանուկ Նիգոյանի հետ:
- Գոռ Վարդանյանի «Կայսրության թեւերը» հեռուստասերիալի մասին առաջին ահազանգողներից մեկը Դուք էիք: Ի՞նչն էր մտահոգիչ թվացել Ձեզ սերիալում, նման սերիալներն ի՞նչ ազդեցություն ունեն հանրության վրա, որի ամենախոցելի շերտը դեռահասներն են:
- Սարսափելի, կործանարար ազդեցություն են թողնում: Ոչնչացնում են մեր՝ իրավական պետություն ստեղծելու ջանքերը: Եթե ԿԳՄՍ նախարարությունը դեռ տարիներ առաջ, երբ մենք բարձրաձայնում էինք այդ նույն մարդու եւ մնացած մարդկանց հեղինակած ֆիլմերի եւ սերիալների մասին, ականջալուր լիներ մեր խնդրանքներին եւ հորդորներին, ու իրավական գործիքակազմեր կիրառեին, եթե Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը ոչ թե ասեր, որ չունի իրավական գործիքակազմեր, այլ դիմեր ԱԺ՝ իրավական գործիքակազմեր ստանալու պահանջով, ապա մենք այսօր չէինք ունենա նման իրավիճակ: Բայց դե, ինչպես ասում են` լավ է ուշ, քան ավելի ուշ: Լավ է, որ գոնե հիմա որոշել են կիրառել իրավական տեխնոլոգիաներ: Ոչ իրավական մասով պետք է քարոզչական գործառույթներ իրականացնել, օրինակ, նույն ԶԼՄ-ների աջակցությամբ, որպեսզի հասարակությունը՝ ինքը մերժի նման բովանդակության սերիալները: Ինչքան ուզում ես իրավական գործիքակազմեր կիրառիր, եթե հասարակությունը սպառում է այն, կգտնի սպառման այլ ճանապարհներ:
- Բայց նման սերիալները շատ են` մեկը չէ, երկուսը չէ, գրեթե բոլորն են այդ որակի: Բռնություն, ագրեսիա, խուլիգանություն, վուլգարություն, աղավաղված խոսք: Տպավորություն է, թե մեր երկրում բոլորն այդպիսին են, չկան լավ օրինակներ:
- Այնուամենայնիվ, հանցագործությունների ցուցանիշները վառ ապացույցն են այն բանի, որ սերիալները եւ իրականությունն իրար լրացնող պատճառահետեւանքային կապի արդյունք են: Քանի դեռ այդ շղթան շարունակում է սպասարկել իրար, ոչինչ չի փոխվի, այն պետք է ինչ-որ տեղից կտրել, որպեսզի հետո հասկանանք, թե մյուս պրոցեսների դեմ ինչպես պետք է պայքարենք: ԿԳՄՍ նախարարությունը պետք է հետեւողականորեն գնա իր պահանջի հետեւից:
- ՀՌՀ-ն ընդդիմադիր հեռուստաընկերությունների դեմ ակտիվ պայքարում է` լիցենզիայից անգամ զրկելով, ինչպե՞ս է ստացվում, որ մի քանի կիսագրագետ ռեժիսորի դեմ չի կարողանում պայքարել:
- Մի անգամ Տիգրան Հակոբյանի հետ զրուցել եմ այդ մասին: Նա նշել է, որ պայքարելու նման գործիքակազմեր չունի, պայքարի իրենց մեթոդները բավարար չեն: Ընդդիմադիր կամ իշխանական խմբակցությունները պետք է օրենսդրական նախաձեռնության մասին մտածեն:
- Բայց կարող են, չէ՞, օրինակ, տուգանել այն TV-ներին, որոնք նման սերիալներ են ցուցադրում: Դա էլ կարող է որոշակի ազդեցություն ունենալ:
- Այո, բայց շատ սերիալներ անգամ TV-ներով էլ չեն ցուցադրում: Հաճախ ցուցադրում են սերիալների հատուկ բաժանորդագրությամբ: Պետք է հստակ պահանջ ուղարկել օրենսդիր մարմնին:
- Ինչպիսի՞ սերիալներ են նայում քաղաքակիրթ երկրներում: Առհասարակ, դրանք պե՞տք են ժամանակակից մարդուն:
- Սերիալը բազմասերիանոց ֆիլմ է: Եթե բովանդակությունը չի հակասում հասարակության բարքերին կամ օրենքներին, ապա կարող են ցուցադրվել: Ժողովրդավար երկրներում հերիք է միայն օրենքներին ենթարկվելը, մնացածն արդեն գրաքննություն է, բայց անչափահասներին հանցագործությունների մեջ ներգրավելն ու դա ցուցադրելն օրենքով սահմանափակված են, եւ կարելի է դրա դեմ գոնե պայքարել:
- Ի՞նչ հեռուստասերիալներ եք դիտում Դուք:
- Նախատեսում եմ նայել «Տրոցկի» սերիալը: Վերջերս մի սերիալ էի նայում, որ կոչվում էր «Օզորկ»: «Նեթֆլիքսի» սերիալներն էլ բավականին լավն են: Մեր ժողովրդին պետք է ցույց տալ, որ սերիալները դրանք են, ոչ թե Դիանա Գրիգորյանի ու Գոռ Վարդանյանի սերիալները:
Կարծիքներ