Ես ավելի շատ տեսնում եմ մարդկանց, ովքեր առիթից օգտվելով փորձում են քիչ վճարել կամ չվճարել. Սուրեն Գրիգորյան

Ես ավելի շատ տեսնում եմ մարդկանց, ովքեր առիթից օգտվելով փորձում են քիչ վճարել կամ չվճարել. Սուրեն Գրիգորյան

Նման թեմայով ստորագրահավաք իրականցնելը քաղաքական անպատասխանատվության հերթական դրսևորումն է, որովհետև ես վստահ եմ, որ երբ ցանկացած հասարակությունում հարց է տրվում՝ կող՞մ եք, որ ինչ–որ բան թանկանա, թե դեմ եք, մարդիկ միշտ կողմ են նրան, որ չթանկանա։ Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստի ընդմիջմանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյո՞ք քաղաքային իշխանությունը ստորագրահավաքի արդյունքների հիման վրա կգնար զիջումների, եթե պահանջն ավելի հստակ ձևակերպված լիներ։

Սուրեն Գրիգորյանը նշեց, որ Հայկ Մարությանն առաջարկում էր հանրային տրանսպորտի թանկացման հարցը հանրաքվեի դնել, սակայն ակնհայտ է, որ նման հարցերն այդ տարբերակով չեն քննարկվում, քանի որ մարդիկ միշտ դեմ են ցանկացած ապրանքի կամ ծառայության թանկացմանը։

Պատասանելով այն  հարցին, ի՞նչ հրահանգ է տրվել վարորդներին, որ հաճախ վերջիններս ագրեսիվ վարք են դրսևորում և վիճաբանում բոյկոտին մասնակցող քաղաքացիների հետ, Սուրեն Գրիգորյանը պատասխանեց.

«Միակողմանի եք ներկայացնում, տպավորություն է, թե մարդիկ ամեն ինչ ցիվիլ են անում, վարորդներն էլ առանց պատճառի նյարդայնանում են։ Եթե մարդն օրինակ ուղևորին ասում է՝ սահմանված ուղեվարձը պետք է վճարել, նա էլ վերցնում է մուրճն ու ապակին ջարդում, դա չի տեղավորվում բոյկոտի մեջ։ Ես ընդհանրապես դա բոյկոտ անվանելն էլ կոռեկտ չեմ համարում։ 2013 թվականին մարդիկ իրենց անձնական մեքենաներով էին տեղափոխում մարդկանց և բոյոկտում էին հանրային տրանսպորտի թանկացումը, չէին օգտվում տրանսպորտից։ Հիմա ինչ-որ կիսատ բոյկոտ է, ասում են՝ մենք կօգտվենք, բայց մեր պատկերացրած ձևով։ Ես ավելի շատ տեսնում եմ մարդկանց, ովքեր առիթից օգտվելով փորձում են քիչ վճարել կամ չվճարել, քան քաղաքական դիրքորոշում արտահայտողների»,-ասաց Գրիգորյանը։

Նա նշեց, որ իրենք վարորդներին հորդորել են լինել համբերատար և չտրվել սադրանքների։