Շորթվել կարող են նրանից, բայց շորթել` ոչ

Շորթվել կարող են նրանից, բայց շորթել` ոչ

Երեւանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը որպես քաղաքապետի թեկնածու կառաջադրվի Երեւանի ավագանու ընտրություններին, որը կայանալու է 2023 թվականի սեպտեմբերին՝ եթե, իհարկե, արտահերթ ընտրություններ չկայանան։ Նա մեզ հետ զույցում նշել էր, թե որպես «Երեւան 2805» նախաձեռնության հիմնադիր է նման որոշում կայացրել: Այսօր մենք տեղեկացանք, որ Շահինյանը որոշել է առաջադրվել Վարդան Ղուկասյանի՝ «Դոգի» «Հանրային ձայն» կուսակցությամբ: Չնայած այս ամենին՝ Շահինյանն ասում է, որ քաղաքապետի թեկնածու լինելն իր համար գերնպատակ չէ, կարևորն օրվա իշխանություններին հեռացնելն է: Նույն բանն ասում է նաև «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանն, ով ևս հայտարարել է, որ Դոգի «Հանրային ձայն» կուսակցությամբ մասնակցելու է քաղաքապետի ընտրություններին: Ուրիխանյանը ևս պնդում է, որ քաղաքապետի թեկնածու լինելն իր համար անկարևոր հարց է, կարևորը Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության հեռացումն է: «Հանրային ձայն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Գալստյանն էլ օրերս կալանավորվեց: Այսպիսով` Դոգի կուսակցության քաղաքապետի թեկնածուի տեղը թափուր է մնացել:

«Հրապարակը» Հովհաննես Շահինյանից հետաքրքրվեց, թե ի վերջո` ով է «Հանրային ձայնի» քաղաքապետի թեկնածուն, Տիգրան Ուրիխանյա՞նը, թե՞ հենց ինքը` Հովհաննես Շահինյանը: Շահինյանն ասաց, որ այդ մասով ոչինչ հստակեցված չէ, ինքն այս պահին Ռուսաստանի Դաշնությունում է. «Գուցե ես էլ գամ, ինձ էլ կալանավորեն», - ասում է նա: «Տիգրան Ուրիխանյանի մասին ոչինչ չգիտեմ: Ես քննարկում եմ ունեցել «Հանրային ձայնի» ղեկավարի և խորհրդի անդամների հետ: Մեր մասով են քննարկումները եղել: Ինչ վերաբերում է Արտակ Գալստյանին ռեպրեսիայի ենթարկելուն, ապա պետք է ասեմ, որ շատ ծիծաղելի է, որ խարդախության ջահակիրը մեղադրում է ուրիշին խարդախության մեջ: Ես կասկածում եմ, որ ինչ-որ մեկը կարող է Տիգրան Արզաքանցյանին շորթել: Շորթվել կարող են նրանից, բայց շորթել` ոչ: Սա կարող ենք բացառել: Մեր միակ նպատակն իշխանափոխությունն է: Ընտրություններին մասնակցելը դառնում է անլուրջ բան: Եթե Արտակ Գալստյանն ընտրություններին չմասնակցի, արդեն պարզ է, թե ինչ կլինի: Բոլորը բոլորի հետ քույր ու եղբայր են: Խնդիրն այստեղ հենց «Հանրային ձայնի» մեջ է»,- նշեց Հովհաննես Շահինյանը: