Եթե հրաժարվեն մանդատներից, դա ԱԺ-ն լուծարելու, արձակելու հիմք չէ․ Հ․ Ենգոյան

Եթե հրաժարվեն մանդատներից, դա ԱԺ-ն լուծարելու, արձակելու հիմք չէ․ Հ․ Ենգոյան

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, իրավաբան Հասմիկ Ենգոյանի խոսքերով՝ Սահմանադրությունը չի նախատեսում, որ եթե «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները հրաժարվեն մանդատներից, խորհրդարանը կլուծարվի։

«Եթե դեռ պառլամենտը չձևավորված, պայմանականորեն «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները կամ այս ուժերից որևէ մեկը հրաժարվեն մանդատներից, կարծիք է արտահայտվում, որ մանդատները չեն կարող փոխանցվել հաջորդ քաղաքական ուժերին [ձայների թվով 4-րդ և 5-րդ տեղերում հայտնված ուժերին]։ Ըստ որոշ գիտանականների՝ այդ մանդատները չեն կարող անցնել, օրինակ՝ «Լուսավոր Հայաստանին» և «Բարգավաճ Հայաստանին», ես հակառակ կարծիքն ունեմ։ Որովհետև Սահմանադրությունն այս հարցը որևէ կերպ չի մեկնաբանում, այսինքն՝ դրույթ չկա, որ այս հարցը կարգավորի։ Եվ մենք պետք է ելնենք ընդհանուր սահմանդրական կարգավորումից։ Սահմանադրական կարգավորումն ասում է, որ մանդատաների բաշխմանը պետք է առնվազն երեք կուսակցություն կամ երեք դաշինք մասնակցեն», - «Հրապարակի» հետ զրույցում ասաց ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի դասախոս, իրավաբան, ընտրական իրավունքի փորձագետ Հասմիկ Ենգոյանը։ 

Ըստ նրա՝ եթե նույնիսկ «Հայաստան»-ն ու «Պատիվ ունեմ»-ը մինչև խորհրդարանի ձևավորումը հրաժարվեին մանդատներից, ապա սահմանադրական այս նորմից ուղղակիորեն բխում է, որ մանդատները պետք է անցնեն հաջորդ քաղաքական ուժերին։ «Այսինքն՝ ամեն դեպքում մանդատների բաշխմանը պետք է մասնակցի 3 քաղաքական ուժ։ Այս փուլում մանդատների հրաժարումը ոչ մի բան չի տա, և պառլամենտական ճգնաժամ չի առաջացնի։ Եթե Սահմանադրական դատարանը մեկնաբանելու հնարավորություն ստանա, ելնելու է այս դրույթից․ մանդատների բաշխումը պետք է առնվազն 3 քաղաքական ուժ մասնակցի»։

Բացի այդ, Ենգոյանը նշեց, որ եթե նույնիսկ հիմա «Հայաստան»-ն ու «Պատիվ ունեմ»-ը չեն կարող հրաժարվել մանդատներից, մանդատները չեն անցնի 4-րդ և 5-րդ տեղերը գրաված քաղաքական ուժերին, որովհետև երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն իսկ կատարել է մանդատների վերաբաշխումը։ 

Իրավաբանը նաև անդրադարձավ խորհրդարան մտնելուց հետո ենթադրելի զարգացումներին։ 

«Պայմանականորեն ընդունենք, որ մանդատները վերցրեցին ու գնացին պառլամենտ։ Եվ հանկարծ պառլամենտում այս երկու ընդդիամդիր ուժը հրաժարվեց իր մանդատներից, արդյո՞ք սա հիմք է, որպեսզի պառլամենտը լուծարվի, արձակվի։ Որպես սահմանադրագետ եմ ասում՝ Սահմանադրությունում այս իրավիճակի հետ կապված հստակ նորմ չկա։ Կա նորմերի մրցակցություն։ Երբ որ նայում ես պառլամենտի լուծարմանը նվիրված հոդվածը, տեսնում ես, որ նման դրույթ՝ «եթե ընդդիմությունը չկա, խորհրդարանը լուծարվում է», նախատեված չէ։ Այսինքն՝ եթե երկու քաղաքական ուժից թեկուզ մեկը հրաժարվում է մանդատներից, դա չի բերում պառլամենտի լուծարմանը։ Չնայած նշվում է, որ խորհրդարանի 1/3-ը պետք է կազմի ընդդիմությունը։ Պայմանականորեն եթե 1/6-ն է մնացել ընդդիմություն, երբ քաղաքական ուժերից որևէ մեկը հրաժարվում է իր մանդատներից, սա նույնպես պառլամենտի լուծարման հիմք չէ», - պարզաբանեց նա։ 

Ըստ Ենգոյանի՝ նույնիսկ եթե ընդդիմադիր երկու ուժն էլ հրաժարվի մանդատներից, ապա խորհրդարանը չի լուծարվի, և մանդատները չեն անցնի 4-րդ և 5-րդ տեղերը գրաված ուժերին։ «Մանդատների բաշխումն իրականացվում է մինչև Ազգային ժողովի անդրանիկ նիստը։ Բայց եթե վերցնում ես մանդատը և գնում ես, անդրանիկ նիստին կամ դրանից հետո հրաժարվում ես մանդատներից, այլևս մանդատների վերաբաշխում չի լինում, որովհետև մանդատների վերաբաշխումը տեղի է ունենում մինչև անդրանիկ նիստը», - շարունակեց նա։

«Եթե հրաժարվեն մանդատներից, կունենանք պառլամենտ, որը չունի օպոզիցիա, բայց նույնիսկ դա, Սահմանադրության համաձայն, Ազգային ժողովը լուծարելու, արձակելու հիմք չէ։ Այսինքն՝ 5 տարի գործելու է մի խորհրդարան, որն ընդդիմություն չի ունենալու», - ասաց սահմանադրագետը։

Ինչ վերաբերում է, թե ինչ հետևանքներ կառաջացնի առանց ընդդիմության պառլամենտի գոյությունը, սահմանադրագետն ասաց, որ այս դեպքում առաջանում է քաղաքական ու խորհրդարանական ճգնաժամ։ 

«Քաղաքական ճգնաժամն այն է, որ միջազգային ստանդարտներով եթե դու ուզում ես համարվես ժողովրդավարական պետություն, պարտադիր քո պառլամենտում պետք է ունենաս  որոշակի տոկոսի օպոզիցիա։ Եթե դա չի լինում, դու ավտոմատ հայտնվում ես ավտորիտար կամ տոտալիտար պետությունների շարքում․ անկախ նրանից, թե քո ընդդիմությունն է հրաժարվել իր մանդատներից, թե դու չես թողել, որ ընդդիմություն ընտրվի։ Այսինքն՝ այստեղ հավասարության նշան է դրվում․ ինչո՞ւ, որովհետև միջազգային կառույցներն այն կարծիքին են, որ եթե ընդդիմությունը հրաժարվում է իր տեղերից, հասկանում է, որ ինքն անելիք չունի խորհրդարանում, հասկանում է, որ իրավական ազդեցություն չունի, և այդտեղ իր մնալը կրում է զուտ ձևական բնույթ։ Քաղաքական ճգնաժամը նաև նրանով է պայմանավորված, որ եթե պետությունը միջազգային որևէ կառույցի է անդամակցում, և պատվիրակություններ է ուղարկում, օրինակ, ԵԱՀԿ, Եվրախորհուրդ, բոլոր այդ միջազգային կառույցները մեր պատվիրակությունների նկատմամբ ունեն խնդիր, պահանջ․ պայմանական՝ այսքան տոկոսը պետք է լինի խորհրդարանի հակադիր ուժի ներկայացուցիչ», - ընդգծեց Հասմիկ Ենգոյանը։

Ըստ նրա՝ եթե պատվիրակության մեջ, հանձնաժողովի մեջ չի ապահովվում ընդդիմության ներկայությունը, դա վարկաբեկում է երկիրը, ազդում է նրա արտաքին վարկանիշի վրա։ «Այսինքն՝ սա մեր քաղաքական խնդիրն է, որն առաջանում է մանդատները վայր դնելուց»։

Խոսելով խորհրդարանական ճգնաժամի մասին՝ սահմանադրագետն ասաց, որ որոշակի քանակի ձայներ են պետք, որպեսզի պառլամենտը կարողանա որոշումներ կայացնել որակյալ մեծամասնությամբ։ «Օրինակ՝ Սահմանադրության փոփոխություն, այս դեպքերում պահանջվում է ձայների 2/3-ը։ Հնարավոր է, որ եթե օպոզիցիան դուրս գա, մենք արդեն չենք կարողանա այդքան ձայն ապահովել։ Եվ ստացվում է, որ շատ որոշիչ հարցեր լուծելու համար, մենք պառլամենտում չենք ունենում անհրաժեշտ թվով ձայներ, որպեսզի կարողանանք այդ որոշումներն ընդունել։ Սա էլ պառլամենտական ճգնաժամն է», - պարզաբանեց իրավաբանը։  

«Որպես քաղաքական գործիչ կարող եմ ասել, թե հիմա «Հայաստան» դաշինքն ինչ կորոշի, պառլամենտական խոսափողը լավ լծակ է ժողովրդին լսելի դառնալու, հարցեր բարձրաձայնելու համար․ ընդ որում, ամբողջ Հայաստանի տարածքում, ոչ թե մեդիաներում, որ կարողանում են հեռարձակումն ապահովել միայն Երևանում», - եզրափակեց քաղաքական գործիչը։