Նրանք կապվում են Արթուր Վանեցյանի հետ՝ հորդորելով, որ մտնի քաղաքականություն

Նրանք կապվում են Արթուր Վանեցյանի հետ՝ հորդորելով, որ մտնի քաղաքականություն

Մեր տեղեկություններով, Արթուր Վանեցյանի հայտնի հարցազրույցը «Պրեսսինգ» հաղորդաշարին ոչ միայն արագացրեց պրոցեսները եւ իշխանական թիմը որոշեց, որ նա պետք է օր առաջ հեռանա նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից, այլ ուրիշ զարգացումներ եւս առկա են։

Մեր տեղեկություններով, հարցազրույցի հատկապես բլից-հարցերի հատվածը, որի ժամանակ Արթուր Վանեցյանն ավելի շատ «ոչ» ասաց, քան հարցերին պատասխանեց, շատերի մոտ տպավորություն է ստեղծել, որ նա դժգոհ է երկրում ստեղծված իրավիճակից եւ ասելիք ունի, որը դեռեւս չի ասում՝ պահելով ապագայի համար։ Այս եզրահանգման արդյունքում մեծ թվով մարդիկ, ովքեր դժգոհ են երկրում տիրող վիճակից, ովքեր լռում են՝ սպասելով, որ երկրում ընդդիմություն կձեւավորվի, ովքեր կարծում են, որ երկիրը վատ ընթացքի մեջ է եւ գործող իշխանությունն այլեւս ունակ չէ մեզ դեպի «լուսավոր ապագա» տանելու, այս օրերին կապվում են Արթուր Վանեցյանին, հանդիպում-խոսում են նրա հետ, դիմում են նրան՝ հորդորելով, որ մտնի ակտիվ քաղաքականություն։ Ոմանք պահանջում են, որ նա ավելի բաց խոսի, մյուսները կարծում են, որ նա պետք է նոր քաղաքական ուժ գրանցի եւ առաջնորդի այդ ուժը։ Երրորդները վստահ են, որ նրա հապաղելը դավաճանությանը համազոր է։ Մի խոսքով՝ բոլոր կողմերից Վանեցյանին մղում են դեպի ակտիվ քաղաքականություն։ Անգամ իշխանությունն է նրան մղում՝ իր ֆեյքերով, նրա դեմ հոդվածներով։ Այսօր էլ Լիլիթ Մակունցն է ինչ-որ արտահայտություններ արել Վանեցյանի դեմ՝ ասուլիսում։

Մենք տեղեկացանք, որ Արթուր Վանեցյանն այս օրերին կարճ ժամանակով բացակայում է Հայաստանից՝ մեկնել է Եվրոպա, առողջության հետ կապված պրոֆիլակտիկ զննության։ Գուցե սա եւս քաղաքականություն մտնելու նախապատրաստական աշխատանքների շրջանակներում է։ Սակայն վերադառնալով նա ստիպված է լինելու իրեն դիմողներին հստակ պատասխան տալ՝ մտնո՞ւմ է արդյոք քաղաքականություն, եթե մտնում է՝ երբ, ինչ ֆորմատով եւ ինչ կարող է խոստանալ իր համակիրներին։