Իսկ եթե Պապիկյանը նշանակվեր ԱԱԾ տնօրեն․․․

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` 2020 թվականի փետրվարի 13-ին «hraparak.am» կայքում հրապարակված «Սուրեն Պապիկյանը թաքցրել է իր դատվածության փաստը» վերտառությամբ հոդվածի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա։ Եթե նման բան չլիներ, չէի հիշի, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ԱԱԾ տնօրեն է նշանակվելու Սուրեն Պապիկյանը։ Այդ նշանակումը հնարավոր էր ոստիկանության և ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաների նշանակման օրենքի հետ կապված փոփոխությունից հետո: Սուրեն Պապիկյանն աշխատել էր որպես պատմության ուսուցիչ։ ԼՀԿ-ն նախագիծ էր ներկայացրել, որ ԱԱԾ եւ ոստիկանության մարմինների ղեկավարները քաղաքական պաշտոն դառնան։ Այդ ընթացքում լրագրողների հետ հարցազրույցներում Սուրեն Պապիկյանն ասում էր, որ ինքը նման պաշտոնի չի հավակնում։ Երբ հարցնում էին՝ դա անհնարիննների շարքից է, Սուրեն Պապիկյանն ասում էր․ «Աշխարհում ամեն ինչ հնարավոր է։ Բայց ես այդ պաշտոնին չեմ հավակնում։ Ես կարծում եմ, որ տվյալ պահին այն տեղում եմ, որտեղ կարող եմ անել ավելին»։
Փաստը հիշեցի այն առումով, որովհետև ԱԱԾ-ում անգամ հասարակ ծառայող նշանակելու համար մանրադիտակային զննում է կատարվում։ Ինչպե՞ս էր Պապիկյանը պատկերացնում, որ չնայած ինքը չի հավակնում, բայց հնարավոր է ամեն ինչ․․․ Այսինքն ԱԱԾ-ն պիտի չիմանա՞ր, որ ինքը դատված է, երբ շրջապատը, մտերիմները, հասարակ տրամաբանությամբ, իմանում էին։ Եվ ի վերջո քրեական դատվածությունը փետուր չէ, որ բարձի մեջ թաքցնես։ Դա կենսագրություն է, առավել ևս պաշտոնյայի համար։
Երբ Ազգային ժողովը դեկտեմբերի 4-ի նիստին երկրորդ ընթերցմամբ՝ 89 դեմ, 19 կողմ քվեներով մերժեց ԱԱԾ տնօրենի ու ոստիկանության պետի պաշտոնները քաղաքական դարձնելու մասին ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրինագիծը, դա ամենաշատը օգուտ էր հենց Պապիկյանին։ Իսկ եթե ինքը նշանակվեր, «աշխարհում ամեն ինչ հնարավոր է», ԱԱԾ տնօրեն, հետո բացվեր դատվածության փաստը, ուզում եմ պատկերացնել՝ ի՞նչ էր լինելու։
Անգամ հնարավոր չէ պատկերացնել։
Հիշեցնենք, որ «Հրապարակ» թերթը գրել է. Սուրեն Պապիկյանին մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 2-րդ մասի Բ կետով և 334-րդ հոդվածի առաջին մասով․ «Պետի նկատմամբ բռնություն գործադրելը, որը կատարվել է զինվորական ծառայության ընթացքում, զենքի գործադրմամբ»։ Նա 5-րդ զինվորական կայազորի դատարանի կողմից 2006 թվականի մարտի 27-ին դատապարտվել է 2 տարի 3 ամիս ազատազրկման, ապա այդ պատիժը Էրեբունի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը համապատասխանեցրել է մեր օրենսդրությանը եւ հաստատել։ Նա պատիժը կրել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, ապա մոտ մեկ տարի անց՝ 2007 թվականի փետրվարի 23-ին ազատ է արձակվել համաներումով։ Այդ փաստը պաշտոնյան խնամքով թաքցրել է։
Կարծիքներ