Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովը բանաձև կներկայացնի՝ գերիների վերադարձի վերաբերյալ

Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովը բանաձև կներկայացնի՝ գերիների վերադարձի վերաբերյալ

Երկկուսակցական բանաձևը, որը հեղինակել են կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Գաս Բիլիրաքիսը, Ջեքի Սփիերը, Դևիդ Վալադոն և Ֆրանկ Փելոունը, փաստում է, որ ադրբեջանական զինված ուժերը վատ է վերաբերվում հայ գերիներին և նրանց ենթարկում է «ֆիզիկական խոշտանգումների և նվաստացման», այդ թվում՝ գլխատումներ անում և մահապատժի ենթարկում առանց դատավարության:

Հայկական հարցերով հանձնաժողովի առաջնորդները կոչ են արել իրենց գործընկերներին միանալ իրենց և հավանություն տալ օրինագծին, որը ներկայացվելու է հաջորդ շաբաթ:

Բանաձևը մասնավորապես ասում է.

«Հաշվի առնելով, որ չնայած Ժնևի կոնվենցիայով սահմանված Ադրբեջանի պարտավորվածություններին, նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագրին, հակամարտության ավարտից ավելի քան 100 օր անց Ադրբեջանի կառավարությունը, շարունակում է պատանդառության մեջ պահել մոտ 200 հայ գերիների,

Հաշվի առնելով, որ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը 2020 թվականի դեկտեմբերին պարզել է, որ Ադրբեջանի զինուժը «ֆիզիկական խոշտանգումների և նվաստացման է ենթարկել» հայ ռազմագերիներին,

Հաշվի առնելով, որ չափազանց քիչ հավաստի տեղեկություն կա գերիների և ձերբակալված քաղաքացիների վիճակի և նրանց հանդեպ վերաբերմունքի մասին,

Հաշվի առնելով, որ Հայաստանը կատարել է նոյեմբերի 9-ի համաձայնագրով ստանձնած իր պարտավորվածությունները և միջազգային օրենքը՝ վերադարձնելով ադրբեջանցի ռազմագերիներին,

Հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն, Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ միասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն են,

Հետևաբար Ներկայացուցիչների պալատը

Կոչ է անում Ադրբեջանին անհապաղ վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին և պատանդառված անձանց,

Կոչ է անում Պետքարտուղարությանը բոլոր մակարդակներով կապ հաստատել Ադրբեջանի իշխանությունների հետ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացով՝ հստակեցնելու համար նոյեմբերի 9-ի համաձայնագրով սահմանված իրենց պարտականությունները կատարելու կարևորությունը»:

Հայ Դատի Կենտրոնական Խորհուրդ