Չարենցը կասեր՝ ողորմելինե՜ր, երկիրս ճյուղակտոր մի արեք

Չարենցը կասեր՝ ողորմելինե՜ր, երկիրս ճյուղակտոր մի արեք

Երեկ ՀՀ գրողների միություն կոչված գոյացության  նախագահի ընտրությանն էի հետևում ու ինքս ինձ մտածում՝ այդ ի՞ նչ միություն է, որ երկրում կատարվող արհավիրքներին չի արձագանքում։ Այդ ի՞նչ միություն է, որ երբ ասում են՝ Արցախը Ադրբեջանինն է, լռում է, երբ ասում են Շուշին դժբախտ ու դժգույն է, ծպտուն չի հանում, երբ Մայր Հայաստանի փեշերն են ծվատում ու հոշոտում, անտարբեր է։ Այդ ի՞նչ միություն է, որ Արցախը հանձնելուց մի տնքոց չի հանել, Արցախը հայաթափելուց մի վայ չենք լսել։  Այդ ի՞նչ միություն է, որ ընտրությունից ընտրություն է հանրությունը հիշում նրա գոյությունը․․․ Լեզուները կծել,  պապանձվել ու սպասում են պալատական կերի․ կա՞ մեկը, որ «Շուշին դժբախտ ու դժգույն» ասողին հակադարձել է  քնարական բանաստեղծությամբ, արձակով, կեղեքվող սրտի խոսք ասել, արթնացրել «նարկոզի տակ դրած» ժողովրդին։ Հասկացրել, որ եթե նույնիսկ Շուշին դժբախտ է,  ինքը սիրում է Շուշեն դժբախտ ու դժգույն վիճակում, որովհետև դա իր զավակն է, իր սիրտը․․․ Մեկը ձայն հանե՞լ է,  երբ թշնամին  Հայաստանի որովայնը Սյունիքից, Ջերմուկից, Գեղարքունիկից խառնել ու խառնում է, երբ Կապանի մայր ճանապարհն է սեփականացրել։ Մեկը Սև լիճը հանձնելուց ասե՞լ է՝ ինչու՞ եք Սյունիքին սև աչքից զրկում։ Հիմա նախագա՞հ եք ընտրում։ Ընտրում եք, որ ի՞նչ անեք, որ շարունակեք քա՞րշ տալ ձեր բջջաբանական անգոյությունը․․․ Այսօր Չարենցի հիշատակի օրն է ու ես Չարենցից մի փոքրիկ հուշի պատառիկ եմ ներկայացնելու, որ հասկանաք, թե ինչպիսին է լինում գրողը․ 

«Մի անգամ Չարենցը համալսարանում ուսանողներին պատմում էր իր տպավորությունները՝ Եվրոպա կատարած ճանապարհորդություններից: Ուսանողները բազմաթիվ ու բազմատեսակ հարցեր էին տալիս պոետին, և նա պատասխանում էր ոգևորված ու մանրամասն: Դահլիճի վերջում նստած էր մի նիհար, հիվանդ տղա: Գունատ էր տղան, արտահայտիչ, մեծ-մեծ աչքեր ուներ, հուզված դեմք ու բարձրահասակ էր: Տղան կանգնեց ու դիմեց Չարենցին.
– Ասացե՛ք, խնդրե՛մ, պոե՛տ, ո՞ր փողոցն էր ամենալավը Ձեր տեսած փողոցներից ու ո՞ր քաղաքում էր այն:
Չարենցն ուշի ուշով նայեց պատանու աչքերին, մի պահ լռեց ու կարծես ծածուկ, կարծես շշուկով ասաց.
– Ամենալավ փողոցը Երևանի Նայիբի քուչան է…
Դահլիճը լցվեց շշուկով. բանաստեղծն անհավատալի բան ասաց: Նայիբի քուչան մի նեղ փողոց էր՝ ծուռումուռ, անլույս, անգույն, ամայի ու անմարդաբնակ:
– Որովհետև այնտեղ է ապրում իմ սիրելի կինը,- շարունակեց Չարենցը:
Դահլիճը թնդաց ծափերից…
Իսկ Շուշին դժբախտ ու դժգույն է, Հայաստան աշխարհը՝ ամայի, ձյունոտ տարածք․․․Դուք ձայն չեք հանում, որովհետև ոչ թե ՀՀ սուվերեն երկրի հողերն են ամայի, ողջ տարին ձյունապատ, այլ ձեր հոգիներն են ամայի, ավերված, անօգտագործելի․․․ Չարենցը կասեր՝ ողորմելինե՜ր․․․ երկիրս ճյուղակտոր մի արեք․․․ Չարենցի ձյունապատ լեռները ու ձեր ձյունապատ լեռները տարբեր են։ Չարենցին լսենք․ 
Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։