Նրա եւ նրա գործընկերների անձնական կարծիքները այն նախընտրական դրույթներն են, որի շնորհիվ իրենք «կպցրին» իրենց 70%-ը

Նրա եւ նրա գործընկերների անձնական կարծիքները այն նախընտրական դրույթներն են, որի շնորհիվ իրենք «կպցրին» իրենց 70%-ը

Իշխանական պատգամավոր Վահագն Թեւոսյանը ասում է․ «Իմ անձնական վերաբերմունքը Ամուլսարի խնդրի շուրջ որոշակիորեն տարբերվում է այն վերաբերմունքից, որը ես՝ որպես պաշտոնատար անձ, պարտավոր եմ որդեգրել՝ իմ գործունեության ընթացքում։ Ես կարող եմ անձնական կարծիք ունենալ տարբեր երեւույթների մասին, բայց որպես պաշտոնատար անձ՝ պարտավոր եմ հետեւողական լինել, որպեսզի ցանկացած պրոցես ընթանա իրավական նորմերի շրջանակում՝ պարտադիր կերպով, որովհետեւ դա մշակույթ է, որը պարտավոր ենք փոխանցել»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

«Նման դիրքորոշումների ականատես ենք լինում նաեւ իշխանական այլ շրջանակներից, մասնավորապես համանման կարծիք էր արտահայտել վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսում։ Հարգելի պատգամավորին եւ մյուսներին տեղեկացնենք, որ նրա եւ նրա գործընկերների անձնական կարծիքները այն նախընտրական դրույթներն են, որի շնորհիվ իրենք «կպցրին» իրենց 70%-ը։

Այժմ նրանք ոչ թե կարող են ազատորեն արտահայտել այս կարծիքը, այլ պարտավոր են, ավելին՝ նրանք պարտավոր են անել ամեն ինչ, որպեսզի այդ կարծիքը դառնա իրականություն։ Այս մասին են մարդկային համակեցության բոլոր օրենքները, նաեւ սա է վկայում երկրի Գլխավոր Օրենքը, որտեղ նշված է, որ «Պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով»։ Ընդամենը նրանից հարցնում են իր խղճի ու համոզմունքի ներկա վիճակի մասին, եւ ոչ թե որպես պաշտոնական անձ ինչ-ինչ բաների համար հետեւողական լինելու։

Իրենք 70%-ը կպցրել են հենց այն բաների համար, որը ներկայացրել են որպես իրենց խիղճ եւ համոզմունք, ոչ թե՝ որ պարգեւավճարներ թալանեն, պատահական մարդկանց ասֆալտին պառկեցնեն, իսկ ոչ պատահականների վրա քրեական գործեր թխեն։ Քշտած ձեռքերով բյուջե մտնելը, իրենց 70%-ը պահպանելու համար բռնաճնշումները, այն իրավունքներ են, որ իրենք իրենց վերագրել որպես պաշտոնատար անձ։ Իսկ իշխանական առաջնային պարտականությունը Ամուլսարի եւ այլ հարցերի վերաբերյալ իրենց համոզմունքներ արտահայտելն ու նախանձախնդրորեն հետապնդելն է։

Ի դեպ, ասվածը չի վերաբերվում Աննա Հակոբյանին, նա կաշկանդված չէ Սահմանադրությամբ, այլ միայն՝ մարդկային օրենքներով»,- գրում է քաղաքագետը։