Արցախում գործող բանկերը հրաժարվում են վարկերի ու ապառիկների տրամադրումից

Արցախում գործող բանկերը  հրաժարվում են վարկերի ու ապառիկների տրամադրումից

Իսկ դուք տեղյա՞կ եք, որ պատերազմից հետո Արցախում գործող բանկերը հրաժարվում են վարկ տրամադրել Արցախի քաղաքացիներին ու իրավաբանական անձանց։ Բոլոր բակերում՝ այդ թվում նաև «Արցախբանկում», հրաժարվում են ոչ միայն սպառողական կամ այլ տեսակի վարկերի տրամադրումից, այլև Արցախում տեղակայված անշարժ գույքի գրավադրումից, ավելին՝ «Արցախբանկը», որը Արցախում, այսպես ասաց, աշխատավարձային քարտապանների քանակով առաջինն է, չի տրամադրում նույնիսկ աշխատավարձի հիման վրա տրված վարկեր (օվերդրաֆտ)։ Բանկերը քաղաքացիներին չեն տալիս նաև ապառիկով գնումներ կատարելու հնարավորություն։ Արցախում հնարավոր չէ ապառիկով որևէ գնում կատարել, քանի որ բանկերը հրաժարվում են ապառիկի սպասարկումից։ Հրաժարվելով բնակչությանը ֆինանսական ծառայություններ մատուցելուց՝ փոխարենը բանկերը վերցնում են ավանդներ և չեն հրաժարվում ոսկու գրավադրումից։ Թե ինչու՞ են ավանդ վերցնում ու վարկ չեն տրամադրում և այդ ավանդները ու՞ր են գնում, եթե դրանք չեն ծառայում գոնե վարկերի միջոցով քաղաքացիների կյանքը փոքր ինչ բարելավմանը, մնում է անհասկանալի ու անորոշ։ Իհարկե վարկ ու ապառիկ չտրամադրելու համար բանկերը պատճառաբանություններ են բերում, որոնք խելքին մոտ չեն։ Հիմնականում նշվում է, որ սպասում են «հիմնադրամի պատասխանին» ։ Բայց հնչեցվող հարցերը, թե ինչ "պատասխան" է դա մնում են անպատասխան։ Արցախում վարկ կարող ես ստանալ միայն Ֆիդես  վարկային կազմակերպության միջոցով, որը գործում է պետական երաշխիքներով, այսինքն՝ պետության ապահովագրմամբ։ Բայց կարող եք կռահել, թե առկա պայմաններում որքան դժվար կլինի նույնիսկ այդտեղից սպառողական կամ այլ բնույթի վարկ վերցնելը։ Նամանավանդ տարակուսելի է, որ արցախցիները պատերազմից հետո զրկվեցին ու շարունակում են զրկված մնալ ապառիկով գործարքներ ու գնումներ կատարելու հնարավորությունից։ Ստացվում է այնպես, որ եթե քաղաքացին փորձում է իր կյանքը փոքր֊ինչ բարեկեցիկ դարձնել՝ ասենք կենցաղային տեխնիկա ձեռք բերել կամ կահույք գնել, ու եթե չունի կանխիկ բավարար դրամական միջոցներ, ապա չի կարող իր կյանքի առօրյա հոգսերը մի փոքր թեթևացնի։ Փաստորեն արցախահայերը պետք է առաջնորդվեն «Փող ունես ձեռքիդ կարող ես լավ ապրել, չունես՝ մի կերպ գոյատևի» սկզբունքով։ Այս ֆոնին բարձրակոչ ելույթներն ու հայտարարությունները, թե արցախցին պետք է լավ ապրի, ամուր լինի, անսասան լինի, պետք է կառչի հողին և այլն, որոնք հաճախակի հնչում են հատկապես իշխանավորների շուրթերից, առնվազը զավեշտալի են, քանի որ դրանք մնում են միայն խոսքերի մակարդակում, իսկ առօրյա կյանքում ամեն ինչ հակառակն է դասավորված։ Փաստորեն բանկերի ֆինանսական ապահովվությունն ու ռիսկայնությունն առավել կարևոր է, քան քաղաքացիների բնականոն ու բարեկեցիկ ապրելու իրավունքները։ Եթե պարզ խոսենք, ապա ստացվում է այնպես, որ բանկերն ասում են, որ այս պետությանը՝ այսինքն Արցախի Հանրապետությանը, չենք վստահում ու այդ պետության քաղաքացիներին ու իրավաբանական անձանց վարկ տրամադրելով չենք կարող ռիսկի գնալ ու իրենց ֆինանսական միջոցները հարցականի տակ դնել։ Բայց այնուամենայնիվ անհասկանալի է մնում, թե այդքանից հետո, այդ բանկերն ինչու՞ են շարունակում այդ պետության քաղաքացիներից ավանդ վերցնել։ Զրկված լինելով առօրյա հոգսերը թեթևացնելու հնարավորությունից՝ Արցախում բնակվողներին մնում է հարմարվել ու այլևս չմտածել բարեկեցիկ կյանքի մասին։ Առանց այդ էլ բարդ ու անորոշ անվտանգային պայմաններում ապրող մարդկանց հոգսերը ոչ միայն չեն թեթևացվում, այլ հակառակը՝ բարդացվում են։