Սիսիանի ճանապարհը քարուքանդ վիճակում է (տեսանյութ)

Սիսիանի ճանապարհը քարուքանդ վիճակում է (տեսանյութ)

Երեք տարի ժողովրդին ասֆալտով կերակրած իշխանությունները, պարզվում է, այս փայլուն ասֆալտապատման հարցում էլ են խաբել: Մի իշխանություն, որ հազարավոր զոհերն ու տարածքների կորուստը փորձում է «կոմպենսացնել» իբրև թե հարյուրավոր կիլոմետրեր առանց ատկատի որակյալ ասֆալտ անելով, մեզ համար ռազմավարական նշանակության ճանապարհները երեք տարի է` թողել է քարուքանդ վիճակում:

Բայց առանց ամաչելու ամեն առիթով կփնովեն նախկիններին, թե անորակ ասֆալտի ատկատների հաշվին միլիոնատեր են դարձել, իսկ իրենք առանց մի կոպեկ աշխատելու ամբողջ երկիրը ասֆալտապատել են: Տեսանյութում Երևան-Սիսիան ճանապարհի` Վայքից Սիսիան տանող հատվածն է: Ճանապարհի մեծ մասը փողերով է պատված, ասես ռմբակոծության տակ ընկած լինի, իսկ տեղ էլ կա, որ բառի բուն իմաստով խրամատներ են գոյացել, ու մեքենաները մի կերպ են հաղթահարում այդ հատվածները: Մինչև Վայք էլ բազմաթիվ դարուփոսեր կան, ասես աստիճանավանդակներում վարես մեքենան: Հանուն արդարության նկատենք, սակայն, որ Սիսիանից Գորիս տանող ճանապարհը բավականին լավ վիճակում է, նոր ասֆալտապատած է ու գծանշումները արած, ինչը հատկապես մառախուղին օգնում էր հեշտ հաղթահարել այդ հատվածը: Բայց դա ավելի քան 200 կմ ճանապարհահատվածում փոքր տոկոս է կազմում: 

Իսկ Սուրեն Պապիկյանը թող շարունակի Ֆեյսբուքում իրենց իշխանությանը գովազդել ասֆալտի հաշվին: Նկարները մի բան են, աչքով տեսածն ու իրականությունը` այլ բան:

Մանրամասն՝ տեսանյութում