Արծրուն Հովհաննիսյանը ԵՊՀ-ում ուսանողներ է վերապատրաստում

Արծրուն Հովհաննիսյանը ԵՊՀ-ում ուսանողներ է վերապատրաստում

Ստի և ապատեղեկատվության «նախահայր», 44-օրյա պատերազմի պարտության խորհրդանիշ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում ԵՊՀ 6-րդ մասնաշենքից` սև շենքից լուսանկարներ է հրապարակել, թե ինչպես է ուսանողների համար դասախոսություն կարդում:

Նշենք, որ Արծրուն Հովհաննիսյանը նախքան 2020 թվականի պատերազմը դասավանդում էր ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում` ռազմական լրագրություն, սակայն դասերից հաճախ բացակայում էր, նրա փոխարեն հիմնական դասախոսությունները կարդում էր ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ասպիրանտներից մեկը` Նաիրա Համբարձումյանը: Գոնե իմ ուսանողության տարիներին այդպես էր։

Պատերազմից հետո Արծրուն Հովհաննիսյանը դադարեց դասավանդել Ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Հիմա, փաստորեն, նորից է հայտնվել ԵՊՀ-ում։ Հիշեցնենք նաեւ, որ նա ԱԺ-ում փորձագետ է եւ անգամ Պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի կողմից պաշտոնապես գործուղումների է մեկնում արտերկիր։ Պաշտպանության հանձնաժողովի նախագահն էլ, հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանն է։

Մենք փորձեցինք հասկանալ, թե ինչպես է ԵՊՀ պատմության ֆակուլտետում հայտնվել Արծրուն Հովհաննիսյանը, գուցե՝ պատմությունը կեղծելու նոր ծրագիր են մշակել ԵՊՀ-ում՝ ավելի լավ իրականացնող չեն գտել։

ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ Հովհաննիսյանը Պատմության ֆակուլտետում դասաժամեր չունի, նա պարզապես թրեյնինգներ է իրականացնում Միջազգային հարաբերությունների և Պատմության ֆակուլտետների ուսանողների համար` ուսանողներին ծանոթացնելով որոշակի հմտություններին: Մեր այն հարցին, թե ինչո՞ւ են այդ թրեյնինգները սև շենքում իրականացվում, Էդիկ Մինասյանը նշեց, որ այդպես որոշել է ԵՊՀ ռեկտորը: «Արծրունը մեզ մոտ չի դասախոսում, նա պարզապես ՊՆ-ի թույլտվությամբ վերապատրաստումներ է անում մեր դահլիճում, որտեղ հավաքված են քաղաքագետներ և պատմաբաններ, նա պարզապես ուսանողներին է վերապատրաստում»-, ասաց Էդիկ Մինասյանը:

Մենք դեկանից փորձեցինք ճշտել, թե կոնկրետ ի՞նչ թրեյնինգ է դա, ինչ է կոչվում և ո՞րն է նպատակը: Ի վերջո` ձախողված մեկն ի՞նչ կարող է սովորեցնել ուսանողներին, Էդիկ Մինասյանը նշեց, որ ոչնչից տեղյակ չէ, որևէ բան չգիտի այդ մասին:

Կարող ենք ենթադրել, թե դրանք ինչ վերապատրաստումներ են։ Ասենք, «Ինչպես կեղծել իրականությունը պատերազմական իրավիճակներում», «Ինչպես հիմարացնել հասարակությանը՝ սուտ ինֆորմացիա տրամադրելով եւ ապակողմնորոշելով», «Ինչպես փափուկ բարձ դնել բանակի, քաղաքական շրջանակների, ընդդիմության գլխի տակ՝ ներշնչելով, որ հաղթում ենք եւ դրանով հող նախապատրաստել երկրի ամբողջական կապիտուլյացիայի համար»։