Նիկոլ Փաշինյանի այլընտրանքը Սերժ Սարգսյանը չէ

Նիկոլ Փաշինյանի այլընտրանքը Սերժ Սարգսյանը չէ

Վերջին երկու տարիներին հեղափոխության գաղափարն ու Նիկոլ Փաշինյանի անձը հետևողականորեն նույնականացվել են։ Այսինքն, արհեստականորեն ստեղծվել է այնպիսի մի իրավիճակ, երբ գաղափարի և արժեքի գոյությունը առկախված է մեկ մարդու լինելիությունից։ Մարդկանց համոզել են, թե Փաշինյանի պարտությունը հեղափոխության պարտությունն է, հիասթափվել Փաշինյանից նշանակում է, հիասթափվել հեղափոխությունից և այսպես շարունակ։

Սա իհարկե միֆ է, որի միջոցով հիմարեցնում և մոլորեցնում են ժողովրդին։ Օրինակ, ինչպես ես, այնպես էլ շատ շատերը հիասթափվել ենք Նիկոլ Փաշինյանից, էն աստիճան, որ փողոցում տեսնեմ չեմ էլ բարևի։ Բայց սրանից ամենևին էլ չի հետևում, որ ես հիասթափվել եմ հեղափոխությունից։ Անկեղծ եմ ասում, եթե տասը անգամ ժամանակը հետ տալու հնարավորություն լինի, ապա ամեն անգամ ես նույն որոշումը կկայացնեմ ու իմ փոքրիկ լուման կներդնեմ Սերժ Սարգսյանի իշխանության տապալման գործում։ Խնդիրը մեկն է, ես ու էլի շատ մարդիկ երբևէ հեղափոխությանը չենք մասնակցել ինչ-որ անձի համար, անհատները մեզ համար երկրորդական են եղել։ Մեծ հաշվով մենք թքած ենք ունեցել, թե ով կլինի վարչապետը, կարևորը փոփոխությունը չսահմանափակվեր անձերի մեխանիկական փոփոխությամբ, այլ վեր բարձրանար զուտ անձնական տարածությունից և տեղափոխվեր համակարգային ռեֆորմների լեվել։

Այս իմաստով հեղափոխությունը չի հասել իր նպատակին և կյանքի է կոչվել միայն անձերի փոփոխության փուլը, իսկ համակարգափոխության անհրաժեշտությունը այդպես էլ մնացել է օդից առկախված։ Շարունակելով միտքը՝ նշեմ հետևյալը․ հեղափոխության հաղթանակն ու պարտությունը ամենևին էլ պայմանավորված չեն Նիկոլ Փաշինյանի անձնական վայրիվերումներով։ Հեղափոխությունը որպես իրողություն այլևս անշրջելի է և Սերժ Սարգսյանն ու Ռուբերտ Քոչարյանը այլևս երբեք չեն կարող վերադառնալ իշխանության։ Մենք հեղափոխականներ ենք եղել և՛ Նիկոլ Փաշինյանի հեղափոխական դառնալուց առաջ և՛ կշարունակենք հեղափոխական լինել առանց Նիկոլ Փաշինյանի, երբ զգանք, որ ինքն իր անձնական ողբերգությամբ այլևս խանգարում է հեղափոխության արժեքների ռեալիզացմանը։ Միգուցե մեծամիտ է հնչում, բայց սա է իրականությունը։

Հիմա կարծես թե աստիճանաբար մոտենում ենք այդ փուլին, վարչապետը հեղափոխության լիդերից կամաց-կամաց փոխակերպվում է հեղափոխության կանխորոշած տրամաբանական զարգացումը խոչընդոտող ուռուցքի։ Սրանից հետևում է, որ պետք է պատրաստ լինենք ազատվել խոչընդոտից, ամենայն հարգանքով շնորհակալություն հայտնել նրան Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար և ուղարկել թոշակի։ Շուտով այդ պահը հասունանալու է։

Միֆ է նաև այն պնդումը, երբ ասում են, թե Նիկոլը չլինի, բա էլ ո՞վ։ Այն ժամանակ էլ ասում էին, որ Սերժը չլինի, բա էլ ո՞վ։ Սա հայտնի միֆ է, որի միջոցով մանիպուլացնում են հանրույթներին։ Փոխարինողներ միշտ էլ կան, ինչպե՞ս Սերժ Սարգսյանին կարողացանք փոխարինել կիսագրագետ լրագրողով, նույն կերպ վերջինիս կփոխարինենք ավելի արժանի թեկնածուով։ Հավատացնում եմ, մեր հանրությունը այդքան էլ աղքատ չէ։ Հեղափոխական թիմում առնվազն երեք-չորս արժանապատիվ թեկնածուներ կան։

Վստահաբար Նիկոլ Փաշինյանի այլընտրանքը Սերժ Սարգսյանն ու Խաչատրյան Գագիկը չեն, Նիկոլ Փաշինյանի այլընտրանքը շատ ավելի պայծառ է, քան մենք կարող ենք պատկերացնել։ Ինչքան էլ մեզ ամեն օր վախեցնեն ու մանիպուլացնեն Քոչարյանի և Սարգսյանի վերադարձով, միևնույն է, ինչ-որ մի օր մենք հրաժարվելու ենք Նիկոլ-Սերժ-Քոչարյան անպտուղ բռնոցի-պախկվոցիից։
Անուններ չեմ ուզում տալ, քանի որ լավ գիտեմ, թե ինչերի է ընդունակ Նիկոլ Փաշինյանի իշխանատենչությունն ու իշխանությունը կորցնելու բնազդային վախը։