23 տոննա ալյուրը Արցախի մեկ օրվա հացի հարցն է լուծելու 

23 տոննա ալյուրը Արցախի մեկ օրվա հացի հարցն է լուծելու 

Այսօր առավոտից Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով Կարմիր Խաչը Արցախ մտցրեց մեկ բեռնատար ապրանքներ՝ հիգիենայի պարագաներ, նույն ժամին զուգահեռաբար բացվեց Բերձորի միջանցքը եւ 23 տոննա ալյուր մտավ Արցախ։

Արցախցի քաղաքագետ Հովիկ Ավանեսովը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ Արցախի իշխանության կողմից նման որոշման կայացումը պայմանավորված էր տիրող իրավիճակով։ «Պետք է հասկանանք, որ այդ պայմանավորվածությունը մի օր Ադրբեջանը խախտելու է՝ հաշվի առնելով Ադրբեջանի ձեռագիրը, որ նման մի քանի պայմանավորվածություններ խախտել է»,-ասաց Ավանեսովը։

Ինչ վերաբերում է Բերձորի միջանցքի բաց լինելուն, ապա դա բավականին հարաբերական է։ «Կարող ենք ասել բացվել է այն պարագայում, երբ որ գործեր այն տրամաբանությամբ, ոնց որ կար մինչև դեկտեմբերի 12-ը՝ առանց անցակետի, ինչ ձևաչափով, որ գալիս-գնում էինք և կապը Մայր Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կար։ Այս պարագայում խոսքը գնում է Բերձորի միջանցքով Կարմիր Խաչի միջոցով հումանիատար օգնության տեղափոխման մասին»,-ասաց վերջինս։

Այլընտրանք ունե՞ն Արցախի իշխանությունները՝ համապատասխան քայլեր ձեռնարկելու պարագայում և դիվանագիտական բանակցությունների դեպքում հնարավոր էր գործարկել միայն Բերձորի միջանցքը՝ համոզված է քաղաքագետը, սակայն հավելում է, որ տարածաշրջանային իրավիճակն էլ է անընդհատ փոփոխվում և հիմա հաշվարկներ անելը բավականին բարդանում է։

Վերջինս դեմ է Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի շահագործմանը, այն չպետք է շահագործվեր, պիտի բացվեր միայն այն դեպքում, երբ գրավված տարածները կվերաազատագրվեն։ Ճանապարհի բացմանը դեմ էին արցախցիների հիմնական մասը՝ պահանջում էին Բերձորի միջանցքի գործարկում։

«Ադրբեջանը ցանկացած վայրկյանի կարող է փակել և Բերձորի միջանցքով շարժը, որ հիմա Կարմիր Խաչն անում է և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը ևս՝ դա Ադրբեջանի քաղաքականությունն է։ Նրանք դա կարող են անել մեկ վայրկյան հետո կամ երբ որ լինի ձմեռ ու անբարենպաստ պայամններ կլինեն Արցախում»,-նշում է վերջինս։
Ինչ վերաբերում է 23 տոննա ալյուրին, ապա Արցախի միջին պաշարն ամեն օրվա համար 30 տոննա է՝ ստացվում է, որ այդ օգնությունը Արցախի բնակչության միայն մեկ օրվա պաշարն է կազմում։

«Շատ կարևոր հանգամանք կա՝ այս ամենով Արցախի շրջափակումը չի ավարտվում, այս գործընթացը հումանիտար խնդիրները չի լուծելու՝ հաշվի առնելով, որ մոտ ինը ամիս պաշարման հետևանքով` բացի հումանիտար խնդիրները, շրջափակման ընթացքում խախտվել են մի շարք կարևոր իրավունքներ և այլ հարցեր, որոնք անչափ կարևոր են։ Մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքն է խախտվել, առողջապահական համակարգից օգտվելու, կրթություն ստանալու իրավունքն է խախտվել և ամենակարևորը՝ խախտվել է ազգերի ինքնորոշման իրավունքը։ Այս ամենի մասին պետք է խոսել ու հստակորեն պետք է նշենք, որ Արցախի շրջափակումն ու դրա հետևանքով ստեղծված վիճակը ոչ միայն հումանիատար խնդիրներ է առաջացրել՝ այս ամենը ընդամենը չնչին տոկոսն էլ չի լուծի՝ այդ օգնությունը»,- եզրափակեց Հովիկ Ավանեսովը։