Շները նորից երեխաների վրա են հարձակվել

 Շները նորից երեխաների վրա են հարձակվել

Երեկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (Շերամի փողոց) երեխայի վրա շների կողմից հարձակման հերթական դեպքն է գրանցվել։ Հիշեցնենք, որ վերջին շրջանում վերոնշյալ հատվածում նմանատիպ մի քանի դեպք է գրանցվել, դրանից մեկին երեկ «Հրապարակը» անդրադարձել էր։

Մենք տեղեկացանք, որ այսօր Մալաթիա -Սեբաստիա վարչական շրջանի դպրոցներից մեկի մոտ մի քանի ծնողներ, որոնց երեխաների վրա ևս շներ են հարձակվել, բողոքի ակցիա են իրականացնել։

«Կոնկրետ իմ երեխայի հետ կապված դեպքը եղել է հունվարի 24-ին, երեխաս աղջիկ է, 6 տարեկան։ Զանգել ենք թաղապետարան, ոչ մի արձագանք, զանգել ենք քաղաքապետարան, ասել են՝ էդ հարցին լուծում կտրվի, բայց, ինչպես տեսնում ենք, մինչև այսօր էս հարցին լուծում չի տրվել։ Այդ ՀՈԱԿ-ից եկել են տարել շներին, բայց հաջորդ օրը նորից նույն տեղում բերել բաց են թողել։  Իրենք ասում են, որ իրենց պարտականությունը նրանով է սահմանափակվում, որ պետք է տանեն, պատվաստեն, նորից բաց թողնեն։Մի կին կա, որ էդ շներին խնամում է, կերակրում, ինքը պահանջել է , որ շներին բաց թողնեն, ըստ նրա՝ այդ շները անվնաս են,  ոչ մեկին վտանգ չի սպառնում։ Էս վերջին շաբաթում գրեթե ամեն օր էլ դեպքեր են լինում։ Երեկ էլ է դեպք եղել, այսօր էլ է նորից 176 դպրոցի տարածքում դեպք եղել, խոսքը Շերամի փողոցի մասին է, այդտեղ են լինում։ Կոնկրետ իմ երեխայի դեպքը եղել է 99 շենքի բակում։ Պապիկը նրան ուղեկցել է ուղղակի կողքի մուտք՝ մորաքրոջ տուն, 10 մետր է հեռու եղել, չորս շներ հարձակվել են երեխայիս վրա։ Ազդրի վնասվածք է ստացել, երկու տարբեր շներ միանգամից կծել են, ներքևն էլ են կծել, ատամների տեղերն էլ կան։ Երեկվա դեպքն էլ նորից տեղի է ունեցել 176 դպրոցի բակում, երրորդ դասարանի տղա երեխան դուրս է եկել մոր հետ, երեխան մի քիչ առաջ է եղել, մայրիկը՝ հետ, երեք շներ հարձակվել են երեխայի վրա, մայրը ասում է՝ անգամ պայուսակով հարվածներ է հասցրել, բայց շները չեն փախել։ Իրենք էլ, զանգահարել են թեժ գիծ, ասել են՝ մենք կհետաքրքվենք, կզանգահարենք, բայց ոչ զանգահարում են, ոչ էլ։ Գիտեմ, որ այդ երեխային այսօր ծնողները տարել են 19-րդ պոլիկլինիկա՝ վիրակապը փոխելու, մշակելու, որովհետև երրորդ մանկականում կար են դրել»,- մեզ հետ զրույցում նշեց ծնողներից Ասյա Մխիթարյանը։

Մխիթարյանը պնդում է, որ վերջին մի շաբաթում արդեն 3 նման դեպք է գրանցվել։

«Հաստատ երեքը արդեն կան։ ՀՈԱԿ-ը տեղյակ է այս խնդիրներից, ես նույնիսկ իրենց ֆեյսբուքյան էջին եմ հաղորդագրություն գրել։ Իրենք են պատասխանատուն այս ամենի, ինչի համար են իրենք վարձատրվում, իրենք պետք է այդ շներին վնասազերծեն, բայց, փաստորեն, գալիս տանում են,սրսկում են, նորից բաց թողնում։ Մենք պահանջում ենք, որ նորից չբերեն այդտեղ բաց թողնեն։ Ես ուզում եմ նշել նաև, որ ամենևին դեմ չենք շներին,չենք ասում՝ տարեք սպասնեք։ Նույնիսկ շներ կան, որոնց տիրություն ենք անում, շների դեմ ոչինչ չունենք, բայց կան մի քանի շներ, ոհմակով, մեջը մի 7-8 շուն, որ նրանք վտանգ են ներկայացնում,մենք խնդրում ենք՝ ազատել մեզ այդ վտանգից»,-պատմեց ծնողը։

«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ից ինչպես երեկ, այնպես էլ այսօր մեր զանգերին չպատասխանեցին։

Հիշեցնենք, որ երեկ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ չնայած նրան, որ ՀՈԱԿ-ում ղեկավար կազմի փոփոխություն է եղել, սակայն այն շարունակում է բնականոն գործել։