Ոչ, Արեւմուտքը մեզ չի փրկի

Ոչ, Արեւմուտքը մեզ չի փրկի

Հենց ռուսներին այստեղից վռնդենք, Արեւմուտքը մեզ կփրկի: Այս «մոգական» բանաձեւն է թեւածում որոշ հայրենասերների շրջանում, ովքեր իրենց խելացի են համարում: Համարում, քանի որ գրագետ, խելացի անձը պետք է կարողանա գրագիտորեն վերլուծել աշխարհում տեղի ունեցող իրադարձություններն ու պատկերացնել աշխարհաքաղաքական շահերի ուղղվածությունը: 
Իսկ դա անելու դեպքում կգիտակցի, որ ամերիկյան խորհրդարանում Հայաստանը որպես բարեկամ երկիր արձանագրող բանաձեւի ընդունումը տեղի չի ունենա երբեք: Դրա անուղղակի վկայությունն է սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձեւի չընդունումը, չնայած անցել է շուրջ 2 ամիս: Ամերիկյան շահերը մեր տարածաշրջանում հակասում են առաջին հերթին ռուսականին: Որովհետեւ այդ երկրին այստեղից հեռացնելուց հետո հերթը կհասնի նաեւ հյուսիսկովկասյան մահմեդական ժողովուրդներով բնակեցված տարածքների անջատմանը: Բայց դրանով չի ավարտվի, կհասնի նաեւ Ռուսաստանի՝ թյուրքախոս ժողովուրդներով բնակեցված միջինասիական եւ սիբիրյան տարածքների անջատման հերթը:

Բայց անգլո-սաքսոնական շահերը հակասում են նաեւ մեր ազգային շահերին, քանի որ, Արցախն Ադրբեջանի մաս ընդունելուց զատ, որպես այդպիսին են դիտարկում նաեւ Զանգեզուրի միջանցքի անվան ներքո ողջ Սյունիքի մարզը: Որը կմիացնի թյուրքախոս Թուրքիան ու Ադրբեջանը եւ Իրանի հյուսիսային մասի՝ թյուրքախոս բնակչությամբ տարածքի միջոցով այդ երկուսին կկապի միջինասիական երկրների հետ: Եվ որքան էլ ԱՄՆ-ում «մեր» իշխանավորներին համոզեն, թե Սյունիքն (Արցախի հարցն արդեն համարել են փակված) Ադրբեջանին հանձնելու դեպքում 10 տարով տեր կկանգնեն Հայաստանին կամ Հայաստանի այն հատվածին, որ կմնա դրանից հետո: Ենթադրում եմ, որ ԱՄՆ-ում Փաշինյանին ներկայացված հենց այս հեռանկարն էր պատճառը, որ վերջինս դրական արձագանքեց Ռուսաստանի նախագահի հովանավորությամբ Իլհամի հետ Սոչիում հանդիպելու առաջարկին:

Եկեք հիշենք անցյալը. 90-ականների «մութն ու ցուրտը» հաղթահարելու համար մեզ ամերիկյան օգնություն տրամադրվեց` ընդամենը 2 միլիարդից մի փոքր ավելի, իսկ ուկրաինացիներին՝ արդեն ավելի քան 65 միլիարդ, եւ շարունակում է աճել: Թվերից անցում կատարենք խաղաղության հաստատման առումով տարածքային խնդիրների լուծմանը: Ինչպես արդեն ասվեց, Հայաստանից պահանջվում է Արցախի եւ Սյունիքի հանձնումը թուրքերին: Ենթադրաբար, Արեւմուտքի համար նման լուծումը համարվում է արդար խաղաղության հասնելու ընդունելի տարբերակ: Իսկ որո՞նք են Ուկրաինայի համար արդար խաղաղության հասնելու ընդունելի տարբերակները: Մեկը 1991 թ. սահմաններում Ուկրաինայի տեսլականն է, մյուսը՝ 2014 թ. սահմաններում: Ուկրաինան, բնականաբար, պնդում է առաջին տարբերակի օգտին, ինչը նշանակում է պատերազմի շարունակում ընդդեմ Ռուսաստանի եւ դրա հաղթական ավարտ: Բայց չեմ կարծում, թե դրան համաձայն կլինի Ռուսաստանը: Նույնը, բնականաբար, հասկանում են նաեւ Արեւմուտքում: Սակայն, հասկանալով հանդերձ, չեն կարող անել քայլեր, որոնք կհակասեն Ուկրաինայի շահերին:

Եվ դա բնական է, քանի որ 8 ամիս Ուկրաինային հսկայական օգնություն տրամադրելը չի կարող ավարտվել նրան «քցելով»: Որպես դրա վկայություն՝ մեջբերեմ․ «Արեւմտյան մայրաքաղաքներում հստակ պատկերացում չկա, թե ինչպիսին կարող է լինել վերջնական խաղաղ կարգավորումը,- ասում է ԵԽ Վարշավայի գրասենյակի՝ արտաքին հարաբերությունների գծով ղեկավար Պյոտր Բուրասը։- Կարծում եմ, որ ո՛չ Բեռլինը, ո՛չ Փարիզը եւ ո՛չ էլ Վաշինգտոնն այժմ չեն դրդի Կիեւին՝ ընդունել մի բան, որը, ըստ Զելենսկու, չի բխում Ուկրաինայի շահերից»: Իսկ Ուկրաինայի շահերը ենթադրում են ռուսական զորքերի դուրսբերում երկրի՝ 1991 թ. սահմաններից:

Կարծում եմ՝ ասվածը բավարար է հասկանալու համար, որ եթե համեմատվենք Ուկրաինայի հետ, ստիպված ենք ընդունել, որ Հայաստանը բացարձակ արժեք չունի Արեւմուտքի աչքում: Եվ նշանակություն չունի, որ այնտեղ Ուկրաինան դիտարկվում է որպես ժողովրդավարական երկիր, իսկ Ռուսաստանը՝ բռնատիրական: Որովհետեւ Ադրբեջանն արեւմտյան չափանիշների տեսակետից պակաս բռնատիրական երկիր չէ, եթե ոչ ավելի, սակայն այդ պետության ղեկավարին Եվրոպայում համարում են հուսալի գործընկեր եւ գազային պայմանագրեր են կնքում: Կամ աչք են փակում ադրբեջանական գազանությունների վրա եւ բավարարվում 1-2 հերթապահ դատապարտող հայտարարությամբ: Լավագույն դեպքում դիտորդներ են ուղարկում Հայաստան, բայց դրանց ներկայությունը չի խանգարում, որ ադրբեջանական կողմը շարունակի հայկական դիրքերի գնդակոծումները: