23 մլն դոլարը սև թիվ է Հայաստանի բանկերի համար. այդքան էր պարտք բանկերին ալյուրի գիգանտ «Մանչո գրուպ»-ը

23 մլն դոլարը սև թիվ է Հայաստանի բանկերի համար. այդքան էր պարտք բանկերին ալյուրի գիգանտ «Մանչո գրուպ»-ը

Բանկային  համակարգը լուրջ վտանգների առաջ է կանգնած: Գործարարները, որոնք նախկինում հազվադեպ էին դատի տալիս բանկերին, իսկ եթե տալիս էին, ապա հիմնականում պարտվում էին, այսօր կարծես ավելի «հանդուգն» են դարձել եւ հաջողություններ են արձանագրում բանկերի հետ պատերազմում: Ասվածի ապացույցը գործարար Գեւորգ Աֆանդյանի աղմկահարույց դատական հայցն է՝ ընդդեմ «Անելիք» բանկի (այժմ՝ ԱյԴիբանկ), որով գործարարը բանկից պահանջում է 22 միլիոն դոլար եւ առաջին ատյանում արդեն հաղթել է։

Հիշեցնենք․ նախկին «Սթար» սուպերմարկետների ցանցի, «Արզնի» հանքային ջրերի գործարանի, «Բյուրակն» եւ այլ ընկերությունների սեփականատեր Աֆանդյանը բանկից վերցրել է 7 մլն ԱՄՆ դոլար վարկ՝ փոխարենը գրավադրելով նաեւ «Բ․Մ․Լ․ Արզնի» ընկերության գույքը, այդ թվում՝ հանքային ջրերի հայտնի գործարանի շենքը, իսկ որոշ ժամանակ անց բանկը բռնագանձել է գույքը, ինչպես գործարարն է համարում, ապօրինաբար: 

Նույնիսկ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն ԱԺ-ում  հարցուպատասխանի ժամանակ վերջերս ստիպված եղավ SOS հնչեցնել գործարարների դատական հայցերի առթիվ։ «Հայաստանում մի խումբ գործարարներ փորձում են միջամտել բանկային համակարգի կայունությանը»,- ասաց Ջավադյանը՝ ավելացնելով, որ մի ընկերություն խնդիր ունի 7 բանկի հետ, եւ որ բանկերին հասցվող վնասը հարյուր միլիոնավոր դոլարների է հասնում: Թե որ ընկերության մասին է խոսքը, Ջավադյանը չհայտնեց, եւ քանի որ ամենաաղմկահարույցն Աֆանդյանի ու «Անելիք» բանկի միջեւ դատական վեճն է, հանրությունը «կռահեց», որ հենց Աֆանդյանի մասին է ակնարկում ԿԲ նախագահը: Երկրորդ եզրակացությունն էլ, որին շատերը հանգեցին, այն է, որ իրավիճակը շատ լուրջ է, եթե սովորաբար քչախոս, լուրերի հարցում «կոնսերվատիվ» ու փակ կառույցի ղեկավարը հանկարծ սենսացիոն հայտարարություն է անում: 

Պարզվում է՝ Աֆանդյանը միակը չէ, որ ուզում է խաթարել բանկերի խաղաղ առօրյան: Մենք գտանք եւս մի ընկերություն, որը 13 մլրդ դրամից ավելի գումար է վերցրել բանկերից ու չի կարողացել վերադարձնել: Խոսքը «Մանչո գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասին է, որը 2000 թվականից ալյուր ու հրուշակեղեն էր արտադրում եւ 2014-2015 թվականներին Հայաստանի ալյուր արտադրող ամենախոշոր ընկերություններից էր, որին ցորենի ներկրման եւ ալյուրի արտադրության շուկայի 20-25 տոկոսն էր բաժին ընկնում: 2008-2009 թվականներից՝ նաեւ գինի ու կոնյակ, իսկ 2012 թվականից «Աստաֆյան» ապրանքանիշի տերն էր: 

2014-2016 թթ. ընթացքում ընկերությունը հայաստանյան տարբեր բանկերից 23,8 մլն դոլարի չափով վարկ է վերցրել, անշարժ ու շարժական գույք, որը պետք է վերադարձներ մինչեւ 2021 թվականը: «Մանչո գրուպի» պարտատերերի թվում էին «HSBC բանկ Հայաստան» ՓԲԸ-ն, որին ընկերությունը, ըստ բանկի ներկայացրած պահանջի, մոտ 15 մլն դոլար էր պարտք, Ինեկոբանկը, Հայբիզնեսբանկը, «ԱԳԲԱ լիզինգ» ՓԲԸ-ն։ Նաեւ վարկային կազմակերպություններ ու այլ ընկերություններ՝ «Քուանդիլ Սերվիսիզ ԼԹԴ» ՍՊԸ-ն, «Մոդուս Գրանում»-ը, «Սարանիստ»-ը, «Կարտոն-Տարա»-ն, որոնց «Մանչո գրուպ»-ն ավելի փոքր գումարներ է պարտք եղել: 2016 թվականի նոյեմբերին «Մանչո գրուպ»-ը դիմել է դատարան՝ խնդրելով, որ սնանկության վտանգ ճանաչվի: «Զգալով, որ ի վիճակի չէ վերադարձնել պարտքերը, ընկերությունը դիմեց դատարան, բանկերի հետ համաձայնության եկանք, նրանք դժվարությամբ, բայց համաձայնեցին սնանկության վտանգ ճանաչելուն, քանի որ հասկանում էին, որ «Մանչո գրուպ»-ը չի կարողանա ժամանակին վերադարձնել գումարները: Սակայն հետո ինչ-որ բան պլանավորվածի պես չգնաց»,- պատմում է այն ժամանակ ընկերությունը  ներկայացրած փաստաբան Դավիթ Մանթաշյանը: Խնդիրը, որը խանգարել է «բարիշելու» գործընթացին, այն է եղել, որ պարզվել է՝ անհետացել են գրավադրված թանկարժեք սպիրտները, իսկ դրանց մի մասը միաժամանակ տարբեր բանկերում է գրավադրված եղել: Դատարանը մերժել է սնանկության գրավի ճանաչումը, իսկ 2017 թվականին «Մանչո գրուպ» ընկերությունը սնանկ է ճանաչվել: 

Ջավադյանի ելույթից հետո այս պատմության մասին հիշողներ եղան: Լուրեր են տարածվում, որ «Մանչո գրուպ»-ը, ի վերջո, կարողացել է «քցել» բանկերին, քանի որ պարզ է, որ ընկերությունը վճարունակ չէր եւ սնանկ ճանաչվելուց հետո էլ ի վիճակի չէր լինելու բավարարել պարտատերերին: «Բանկերն են ինձ կրել: Ինձ սնանկ ճանաչեցին, ինձ լուծարեցին, իմ օգուտը ո՞րն էր,- հարցնում է «Մանչո գրուպ»-ի նախկին սեփականատեր եւ տնօրեն Վանիկ Մոսոյանը։- Եթե ես շահողը լինեի, ինչո՞ւ պետք է դիմեի, որ ինձ առողջացման ծրագիր տալու հնարավորություն տան, ու իրենք էլ չտվեցին: Բանկերն են շահել, եւ ես ոչինչ էլ չեմ շահել»: Բայց, ի վերջո, իրենք իրենց 23 մլն դոլարը չստացան, չէ՞: Մեր հարցին Մոսոյանը չպատասխանեց՝ ասելով, թե հյուրեր ունի, չի կարող խոսել: Հարցրինք՝ իսկ հիմա ընկերություն ունի՞, թե՞ դադարել է բիզնեսով զբաղվել։ Նա կրկնեց, թե հյուրեր ունի: 

Ստացվում է, որ Արթուր Ջավադյանի նկարագրած մի խումբ գործարարների փորձերը՝ բանկային կայունությանը միջամտելու, այնքան էլ աննախադեպ չեն, իսկ գործարար-բանկ վեճը միշտ էլ ընթացել է, ու այդ վեճում երկու կողմերն էլ պետության կողմից պաշտպանված լինելու հավասարազոր իրավունք ունեն: