ՌԴ-Հայաստան հարաբերությունների խորացո՞ւմ. Որն էր Լավրովի այցի բուն նպատակը

ՌԴ-Հայաստան հարաբերությունների խորացո՞ւմ. Որն էր Լավրովի այցի բուն նպատակը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային երկօրյա այցով Հայաստանում էր: Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում անդրադարձ եղավ նաև Արցախի կորստին: Լավրովն ասաց, որ վերջին քսան տարիներին Ռուսաստանի Դաշնությունն առաջարկել էր մի լուծում, որը կարող էր շատ երկար տարիներ ձգձգել Արցախի կարգավիճակի հարցն ու թույլ չտալ գոնե այն, ինչ եղավ: Իսկ առաջարկը հետևյալն էր՝ Ադրբեջանին հանձնել յոթ շրջաններից հինգը ու պահպանել Հայաստանն Արցախին կապող կարևորագույն հատվածները: 

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը «Հրապարակի» հետ զրույցում, անդրադառնալով Լավրովի հայտարարությանը, նկատեց, որ այդ մակադակում սուտ խոսել հնարավոր չի, որովհետև կան փաստեր, փաստաթղթեր, այլ երկրներ, որոնք այդ գործընթացին մասնակցել են: «Որքանով ես գիտեմ, նման առաջարկներ վաղուց եղել են և դա եղել է Մինսկի խմբի համանախագահների առաջարկը՝ հինգ շրջան տալ, կոմունիկացիաները բացել և հարցը թողնել ապագային: Նկատի ունեին Արցախին միացնող երկու շրջանը ու բուն Արցախը: Վերջին անգամ 2019 թվականին փաստաթուղթ է տրվել Հայաստանի  գործող վարչապետին, նաև Հայաստանում, երբ որ ԵԱՏՄ երկրները եղել են Երևանում, նույնպես այդ առաջարկը արվել է՝ Հայաստանի վարչապետը հրաժարվել է: Նույնիսկ ասել են, որ այդ հարցը տասնյակ տարիներ հետո կսառեցվի, մյուս սերունդները կգան՝ իրենց մտածողությունն այլ կլինի, իրենք կսովորեն, որ Արցախը հայկական է, միջազգային հարաբերություններն էլ այլ կլինեն, որովհետև հիմա քանդվել է անվտանգային համակարգը: Հայաստանը հրաժարվել է: Կան փաստաթղթեր ու այս գործընթացին մասնակցած այլ երկրներ, մասնավորապես` Միացյալ Նահանգները և Ֆրանսիան»,-ասաց Դանիելյանը:

Ինչ վերաբերում է Հարավային Կովկասում ԱՄՆ-ի ազդեցության մասին Լավրովի մյուս հայտարարությանը, քաղաքագետը նշեց, որ Բայդենի վարչակազմն ուղիղ հակամարտության մեջ էր մտել Ռուսաստանի հետ, իսկ Թրամփի քաղաքականությունն ուղիղ իմաստով հակասում է Բայդենի բռնած քաղաքական գծին: Թրամփը փորձում է հնարավորինս արագ լուծել ստեղծված խնդիրները: Ինչ վերաբերում է Լավրովի այցին ընդհանրապես, ապա կարող ենք նկատել թե Լավրովի, թե Արարատ Միրզոյանի հայտարարություններից, որ այցելության շրջանակում ընդգրկված հարցերի շրջանակը բավականին լայն է եղել, իսկ այցելության բուն նպատակը` հարաբերությունները` Հայաստանի և Ռուսաստանի միջև ավելի խորացնելն է: