Ռադիոյի գույքը առանց մրցույթի օտարվել է Կարինե Կիրակոսյանի և Արմեն Ամիրյանի օրոք

Ռադիոյի գույքը առանց մրցույթի օտարվել է Կարինե Կիրակոսյանի և Արմեն Ամիրյանի օրոք

ՀՀ ոստիկանությունը բացահայտել է, որ 2010 թվականին ինչ-որ բարձրաստիճան պաշտոնյաներ կազմակերպել են կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչությանը հանձնված «Ռադիո» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցումը՝ «այդ գործընթացի շրջանակներում չարաշահելով պաշտոնեական լիազորությունները»։ «Ռադիո» ընկերությունը գտնվում է Գեղարքունիքի մարզում։ Երեկ այս մասին հաղորդում էր տարածել ոստիկանությունը։ Քննչական կոմիտեում պաշտոնեական լիազորությունների չարաշահելու հոդվածով գործ է հարուցված։ Ըստ հաղորդագրության, 2010 թվականին այդ խորհրդավոր «ռադիոյի»  բաժնետոմսերի արժեքը գնահատվել է 1 միլիարդ 172 միլիոն 417 հազար դրամ։ «Պաշտոնատար անձինք», որոնց անունը ոստիկանությունը չի տալիս, առանց մրցույթի օտարել են օֆշորում գրանցված «ԵվրոՊրեսԳրուպ» ընկերությանը։

Գործարքը իրականացնելու համար, ըստ ոստիկանություն, կեղծ տեղեկանքներ են կազմել, իբր ընկերության գույքը 70 և ավելի տոկոս մաշվածություն է ունեցել՝ գնահատվելով 411․832․400 դրամ։ Մինչդեռ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ այդ ժամանակ ընկերության միայն ակտիվները փաստացի կազմել են մոտ 784 մլն, իսկ գույքը առավելագույնը 30 տոկոս մաշվածություն է ունեցել, ոչ թե 70 և պետք է գնահատվեր շուրջ 1 մլրդ դրամ։ 

«Այնուհետև, ՀՀ կառավարությանն է ներկայացվել «Ռադիո» ՓԲ ընկերության անարդյունավետության վերաբերյալ ոչ արժանահավատ տվյալներ, որոնց հիման վրա կառավարության 2010 թվականի դեկտեմբերին կայացրած որոշմամամբ ընկերությունն առանց մրցույթի և գնահատված արժեքից 50 տոկոս ցածր գնով օտարվել է Բրիտանական Վերջինյան կղզիներում գրանցված «ԵվրոՊրեսԳրուպ» ընկերությանը։ Հիշյալ ապօրինությունների հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 1․160․000․000 դրամի վնաս», - ասվում է հաղորդագրության մեջ։ 

Գործի դնելով Սևանում մեր ունեցած կապերը, տեղեկացանք, որ հանրային ռադիոն Գեղարքունիքի մարզում ունեցել է Նորատուսի ռադիոընդունիչը, շատ հզոր հաղորդակներ, Սեւանի ափին ահռելի տարածք, շենք- շինություններ։  

Ոստիկանությունը պարզել է, որ «Ռադիո» ընկերությունը 2013 թվականին 250․000 ԱՄՆ դոլարով վերավաճառվել է «Միջազգային ռադիոցանց» ՓԲԸ-ին, «որի բաժնետերերը ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մերձավոր շրջապատից են»։ Անուններ ոստիկանությունը չի նշում, և ովքեր են «բարձրաստիճան պաշտոնյաները», հայտնի չէ։ Սակայն գործարքի տարեթիվը՝ 2010 թ, հուշում է, որ այն իրականացվել է Արմեն Ամիրյանի պաշտոնավարման շրջանում։ Նա Հայաստանի Հանրային ռադիոյի գործադիր տնօրենն է եղել 1997-2015 թվականներին։ Արմեն Ամիրյանի հետ կապ հաստատել չհաջողվեց։ Նա, ըստ տեղեկությունների, Հայաստանում չէ՝ ԱՄՆ-ում է։  Իսկ պետգույքի վարչությունը 2010 թվականին ղեկավարող բարձրաստիճան պաշտոնյան Կարինե Կիրակոսյանն էր, Օպերայի և բալետի ազգային թատրոնի ներկայիս տնօրենը։ 

Սակայն Կարինե Կիրակոսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ գնում է ներկայացման, իրեն իրավապահները հարցաքննության չեն հրավիրել։ «Ես չեմ հիշում, թե 2010 թվին ինչ գործարք և ում հետ է կնքվել։ Կներեք, ես շտապում եմ ներկայացման», - ասաց Կարինե Կիրակոսյանը, խոստանալով, որ անպայման կպատասխանի ավելի ուշ։