Սառը ջուր խմեք, հանգստացեք

Արդեն մի քանի օր է ֆեյսբուքում միանման, գերդոզավորված պաթոսի չափաբաժնով, գրառումներ եմ կարդում՝ ի աջակցություն և ի «փրկություն» մաեստրո Տիգրան Մանսուրյանի: Հիմա հարց կառաջանա՝ ումի՞ց են փրկում Մանսուրյանին՝ լրագրողներից: Այո, այո, բանն այն է լրագրողները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ապրիլի 24-ին հանդգնել էին մաեստրոին հարցնել, թե ինչո՞ւ է լռում, ինչո՞ւ այսքան արհավիրքներից հետո գոնե մեկ անգամ չխոսեց: Մանսուրյանը, որն այդքան սարսափում է քննադատել իշխանություններին կարող էր/է ուղղակի օգտագործել իր դիրքն ու ճանաչումը և օրինակ ի լուր աշխարհի գոնե բարձրաձայնել Բաքվում խոշտանգվող հայ ռազմագերիների մասին:
Ցավոք, Տիգրան Մանսուրյանի նման քչերի ձայնն է աշխարհին լսելի…. գրառումներ եմ կարդում կյանքում ոչ մի բանի չհասած ինչ-որ դեղնակտուցներ ներողություն են խնդրում Մանսուրյանից՝ լրագրողների տված հարցերի համար, կեղծ սիրո խոսքեր են շռայլում, վստահ եմ՝ այդ գրառումների հեղինակները մաեստրոյի գործերից գոնե մեկ-երկուսի անունը անգամ չեն կարող առանց համացանցի օգնության մտաբերել, բայց ոչ, մեր ժողովուրդը Նիկոլից ընդօրինակել է բանսարկություն, խառնակչություն, դիվիդենտներ շահելու հնարավորություն, կեղծավորությունների միջոցով ամբոխին հաճոյանալու կարողություն, «կլյաուզնիկություն»:
Մի պահ ինձ թվաց լրագրողները վիրավորել են մաեստրոյին, շանտաժի են ենթարկել, մանավանդ ոմանցից հեռու չէ, համացանցը փորփրեցի, բայց ոչ մի ավելորդ խոսք լրագրողների կողմից չհայտնաբերեցի, ընդամենը՝ մարդկային և տրամաբանական հարց՝ ինչո՞ւ չեք խոսում: «Հանրությունը սպասում է ձեր խոսքին, պարոն Մանսուրյան, ինչո՞ւ եք լռում»: Այս նախադասությունն է փոթորկել համացանցը: Արդեն քանի օր է, գրում են ու գրում, չեն հանգստանում: Պարոնայք ու տիկնայք, գուցե սառը ջուր խմեք ու հանգստանաք:
Կարծիքներ