Կամ անկեղծ չէ, կամ իրազեկ չէ

Կամ անկեղծ չէ, կամ իրազեկ չէ

ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի անունից  ֆեյսբուքյան գրառում է հրապարակվել, որտեղ կոչ է հղված արցախցիներին, որ նրանք ընտրություն պետք է կատարեն ոչ թե զարգացման տարբեր մոդելների , այլ  Արցախի լինել-չլինելու միջեւ: Որպես ելք՝  տեսլականն է զարգացված, որ Ադրբեջանը միայն այն ժամանակ կհրաժարվի հողային պահանջներից, եթե համոզվի, որ պատերազմում հաղթել չի կարող, իսկ դրան հասնելու ճանապարհ էլ  հռչակագրված է հզոր պետության կերտումը՝ սոցիալապես ապահով բնակչությամբ եւ մարտունակ բանակով:

Մենք գիտակցաբար մի կողմ ենք թողնում Հայաստանի եւ Արցախի նախկին ու ներկա իշխանությունների, ԱՀ նախագահի թեկնածուների հասցեին ՊԲ հրամանատարի անունից արված բավական կոպիտ վերագրումները: Նախընտրական շրջանում ամեն ոք չէ, որ հարգում է տարրական բարեկրթությունը: Ավելի ուշագրավը  հայեցակարգային մոտեցումն է, որը փաստացի հանգում է մի բանի՝ Ադրբեջանի հետ ռազմա-տնտեսական այնպիսի մրցակցության, որի արդյունքում հայկական կողմը պետք է  գերազանցի հակառակորդին, որպեսզի բանակցություններում թելադրի իր պայմանները: Սա նոր մոտեցում չէ: Այդ տրամաբանությամբ է տեղի ունեցել 1998թ. հայաստանյան իշխանափոխությունը: Նույնն է ՀՅԴ կարգախոսը՝ «զարգանալ՝ չզիջելով»:

Թե ինչ ունենք արդյունքում Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի 22-րդ տարեդարձի նախաշեմին՝ փորձենք պարզել Հայաստանի եւ Ադրբեջանի տնտեսությունում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի ներդրումների համեմատությամբ: Այսպես, 2018թ. տվյալներով Ադրբեջանում ռուսական ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 4,4 միլիարդ դոլար: Նույն տարում Հայաստանի տնտեսությունում ռուսական ներդրումները կազմել են 124,6 միլիոն դոլար: Ադրբեջանի տնտեսությունում ֆրանսիական ներդրումները գերազանցել են 2,4 միլիարդ դոլարը, այն դեպքում, երբ Ֆրանսիան Հայաստանի տնտեսությունում ներդնում է տարեկան ոչ ավելի, քան 19 միլիոն դոլար: Հայաստանում ամերիկյան ներդրումների մասին որեւէ տվյալ բաց աղբյուրները չեն տալիս, իսկ ահա Ադրբեջանում դրանք ընդհանուր գումարով կազմում են 13 միլիարդ դոլար, չհաշված USAID ծրագրով տարեկան շուրջ 300 միլիոն դոլարի հասնող օգնությունը, որ Ադրբեջանն ԱՄՆ-ից ստանում է 1992թ.-ից ի վեր:

Հարկ է ավելացնել, որ Ադրբեջանի տնտեսության մեջ խոշոր ներդրումներ են անում Թուրքիան, Իրանը, Պակիստանը, Բելառուսը, Ուկրաինան: Չենք խոսում շուրջ 45 միլիարդ դոլարի հասնող ներդրումների մասին, որ արել են BP-ին, ռուսաստանյան Լուկօյլը եւ արեւմտյան մի շարք նավթագազային կորպորացիաներ: Թվերն, ինչպես ասում են, համառ են: Եւ եթե այս համեմատական պատկերից կարելի է արցախցիներին ներշնչել, որ հնարավոր է ռազմա-տնտեսական մրցակցությունից հաղթող դուրս գալ եւ պայմաններ թելադրել Ադրբեջանին, ապա մնում է ենթադրել, որ կամ հավաստիացման հեղինակն անկեղծ չէ, պարզապես նախընտրական մանիպուլյացիա է կիրառում, կամ   վիճակագրական տվյալների չի տիրապետում: Մի տարբերակ էլ կա՝ հնարավոր է, նրան օգնականներն են ապակողմնորոշում:

Հ. Գ. Միայն լավագույն ցանկություն է՝ հուսալ, որ առաջիկա տասնամյակում Ադրբեջանը ոչ միայն տնտեսական ստագնացիա կունենա եւ կդոփի տեղում, այլեւ չի խոչընդոտի հայկական կողմի տնտեսական զարգացմանը, համբերատար կսպասի, որպեսզի մենք հասնենք եւ անցնենք առաջ: Եւ ահա այդ ժամանակ նրան պայմաններ թելադրելը կլինի տեխնիկայի խնդիր: