«Հանրապետություն» կուսակցության առաջնորդն ու «Աբրահամի համաձայնությունները»

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդն ու «Աբրահամի համաձայնությունները»

«Հրապարակ»-ն արդեն անդրադարձել է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ, եվրոպամետ Սարգսյան Արամի հերթական «տարօրինակ և զարմանք հարուցող գրառմանը» (https://hraparak.am/post/6a06b5c35b3b22e8dcbef8b4522733d0):

Բայց իմ կարծիքով, այդտեղ ոչինչ տարօրինակ չկա. Զավենիչը զարմանալիորեն գիտակցել է, որ Եվրոպայից ակնկալիքներ ունենալն իրատեսական չէ: Որովհետև եթե եվրոպական պետությունների ղեկավարությունը համապատասխան կարողություններ ունենար, ապա չէր «քցի» Ուկրաինայի նախագահին: Որին ընդամենը մի քանի շաբաթ առաջ նույնիսկ 800 միլիարդ դոլարի աջակցություն էր խոստանում, որպեսզի կարողանար շարունակել պատերազմն ընդդեմ Ռուսաստանի: Բայց հասկանալով, որ դա ինքը չի կարող անել (մեկը լիներ, որ իրեն օգներ), անմիջապես ձայնակցեցին պատերազմը դադարեցնելու ամերիկյան պահանջին: Դա տեսնելով՝ եվրոպամետ Սարգսյանն էլ վերածվեց նախկինի: Չէ, ոչ թե ընդհանրապես նախկինի, այլ ընդամենը նախկին եվրոպամետի: Ու, որպես արևմտյան շահերի գործակալ, պետք է որ դիմեր Միացյալ Նահանգներին: Որպեսզի վերջինս փոխարիներ Ռուսաստանին և հանդես գար որպես միջնորդ Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Անկեղծ ասած, ես էլ այդպես կվարվեի մինչև 2020 թվականի պատերազմը: Այն փոխեց ամեն ինչ, ու այդ թվում վերաբերմունքը թե՛ եվրոպացիների և թե՛ ամերիկյան վարչակազմի նկատմամբ:
Բայց ժամանակին ռուսներին խիստ վստահող (հիշենք հոկտեմբերի 27-ի գործով նրա կողմից ռուս փաստաբան վարձելը) Զավենիչը վերածվեց ռուսատյացի ու հինգ տարի առաջ բաց է թողել իր քթի տակ կատարված իրադարձությունը: Խոսքն ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի քավորությամբ Իսրայելի, մի կողմից, ու Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի ու Մարրոկոյի (նաև Սուդանի, որի դեպքում այն չի հաստատվել), մյուս կողմից, միջև 2020-ին Վաշինգտոնում կնքված երկկողմանի, այսպես կոչված, «Աբրահամի համաձայնությունների» մասին է: Անվանումն, ի դեպ, նպատակ ուներ ընդծելու Աբրահամ նախահոր միջոցով իսլամի և հուդայականության կապը: Որով արաբական այդ պետությունները ճանաչում էին Իսրայելի ինքնիշխանությունը, ինչը նրանց միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հնարավորություն էր ընձեռում: Դա Մերձավոր Արևելքում նախագահ Թրամփի իրականացրած քաղաքականության հաջողության արձանագրումն էր: Չնայած այն հանգամանքին, որ դրան նախորդել էր ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելը: Ինչն առաջ էր բերել բազմաթիվ արաբական երկրների հասարակությունների զայյրույթը: Բայց այդ տեղափոխումը նախատեսված էր դեռևս 20-րդ դարում ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից ընդունված հատուկ օրենքով: Սակայն դա իրականացնելու համարձակությունն ունեցավ հենց Դոնալդ Թրամփը:
Բայց վերադառնանք մեր օրերը: ԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Սթիվ Ութքոֆը մարտի 14-ին Մոսկվայում բանակցություններ վարելուց հետո վերադառնում է ոչ թե Վաշինգտոն, այլ մեկնում է Բաքու: Ինչն առիթ է ծառայել, որպեսզի իսրայելական «The Jerusalem Post» պարբրականը հատուկ հոդված նվիրի Իսրայելի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի փոխհարաբերություններին՝ դրանց անդրադառնալով վերը նշված՝ «Աբրահամի համաձայնությունների» լույսի ներքո: Հատկապես որ Բաքու այցից առաջ տեղի է ունեցել մեկ այլ իրադարձություն. նախագահ Թրամփին նամակ է հղվել ավագ ռաբբիների (ենթադրաբար՝ ամերիկյան) կողմից, ովքեր կոչ են արել ընդլայնել «Աբրահամի համաձայնությունները»: Եվ ամրապնդել Իսրայելի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև ռազմավարական դաշինքը, ինչն, ըստ պարբերականի, «զգալի արձագանք է առաջացրել քաղաքական և դիվանագիտական միջանցքներում և ուղղակիորեն ազդել է Բաքու այցի նախապատրաստման վրա» (տեղեկատվությունը news.am-ից)։
Հասկանալի է, որ «Հանրապետություն» կուսակցության արևմտամետ առաջնորդը դա չէր իմանում ու նույնիսկ չէր էլ կարող իմանալ: Որովհետև 2018-ի մայիսի սկզբին վարչապետ կարգված «դուխով» Նիկոլին թվում էր, թե ինքն ունի կախարդական փայտիկ (ենթադրում եմ, որ նկատի ուներ համազգային վստահությունը), ու դրա շնորհիվ շատ բան կարող է անել: Նույնիսկ այնպիսի բան, ինչից խելքը չէր հասնում: Ու այդ մտայնության ներքո էլ ոչ թե վերլուծական միտքն էր զարգացնում, այլ իշխանությունը դարձնում էր ՔՊ-ական վայելքների արոտատեղի: Որում, բնականաբար, հավաքված էին ոչ թե իրենից խելացի, այլ այդ հատկանիշով իրեն մի գլուխ զիջող անձինք: Ովքեր ոչ միայն չէին ընկալելու, թե ինչ է կատարվել 2020-ին, այլ չէին պատկերացնում, թե ինչ ազդեցություն է դա ունենալու մեր երկրի ճակատագրի վրա: Որպեսզի մշակեին ու իրականացնեին դրա մարտահրավերները չեզոքացնող քաղաքականություն: Ու Զավենիչն էլ իմանար, որ ԱՄՆ-ի 47-րդ նախագահը ոչինչ չի կարող անել հօգուտ Հայաստանի՝ եթե դա դեմ լինի ադրբեջանական շահերին: Այն երկրի, որը համարյա թե Իսրայելի դաշնակիցն է ու հրեա ռաբբիների կարծիքով «Աբրահամի համաձայնությունների» հռչակագրին  միանալու արժանի պետություն: