«Հրապարակ». Պուտինը գալու է կեսօրին

«Հրապարակ». Պուտինը գալու է կեսօրին

Հաշված օրեր են մնացել հոկտեմբերի 1-ին Երեւանում անցկացվելիք ԵԱՏՄ գագաթնաժողովի անցկացմանը: Սակայն թե՛ նիստի, թե՛ բարձրաստիճան հյուրերի ժամանման հետ կապված՝ խորը խառնաշփոթ է. հայաստանյան իսթեբլիշմենթում անակնկալի են եկել հատկապես Վ. Պուտինի  սպասվելիք այցի մասով։ «Նախկինում երբեք չի եղել, որ Վ. Պուտինը կես վայրկյան իսկ ուշանա Հայաստանում նշանակված միջոցառումից, այս անգամ մենք նախատեսել էինք նիստը սկսել առավոտյան, սակայն գոնե այս պահի դրությամբ նախատեսված է, որ Պուտինը կժամանի կեսօրին, եւ նիստը, ըստ ամենայնի, կսկսենք կեսօրին»,- ասաց ԱԳՆ բարձրաստիճան աղբյուրը:

Մեր տեղեկություններով` հայկական կողմն ամեն ինչ արել է, որպեսզի Վ. Պուտինը Հայաստան գա մեկ օր շուտ` գիշերակացով, սակայն համաձայնության չեն եկել անգամ առավոտյան անցկացվելիք նիստի մասով. նա կմասնակցի ԵԱՏՄ պլենար նիստին ու կվերադառնա: Նախատեսվա՞ծ է հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ։ «Այս պահին դեռ պարզ չէ։ Խնդիրը հետեւյալն է` ամսի 1-ին մի կողմից պետք է բոլոր հյուրերը մասնակցեն Եվրասիական ֆորումին, մյուս կողմից պետք է լինի առանձին նիստ, ու առայսօր վերջնականացված չէ, թե որը որից հետո կլինի։ Ավելին` չի բացառվում, որ միջոցառումներն սկսվեն սեպտեմբերի 30-ին։ Այս պահին վերջնական ոչինչ հայտնի չէ»,- ասացին մեզ: Իսկ Իրանի նախագահ Հասան Ռոհանին ի՞նչ ռեժիմով է գալու` գիշերակացո՞վ։ «Մասնակցություն անպայման լինելու է, ինչ ձեւաչափով՝ դեռ պարզ չէ»: