Քոչարյանը սկսեց խոսել Սերժ Սարգսյանի ներկայությամբ

Քոչարյանը սկսեց խոսել Սերժ Սարգսյանի ներկայությամբ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով քիչ առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր նորքի 4-րդ զանգվածում գտնվող նստավայրում մեկնարկել է հերթական նիստը։ Սերժ Սարգսյանը, հիշեցնենք, մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու համար։ Սարգսյանը մեղադրանքը չի ընդունում, իսկ նրա փաստաբանները պնդում են՝ նախկին նախագահի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:

Մեղադրանքը չեն ընդունում նաև այս գործով մյուս 4 մեղադրյալները՝ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը, նախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանը:

Ըստ Հատուկ քննչական ծառայության՝ 2013 թվականին Սերժ Սարգսյանը կազմակերպել է, որ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ և Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ Սերգո Կարապետյանը վատնի պետբյուջեից 15 միլիոն լիտր վառելիքի համար նախատեսված մոտ կես միլիարդ դրամ գումարը։ Նիստերի դահլիճ է ժամանել Բարսեղ Բեգլարյանը։  

Քիչ առաջ գործով առանցքային վկա Սևան Քոչարյանը, որն էլ հենց Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տված անձն է, սկսեց խոսել՝ պատասխանելով դատարանի հարցերին։ Սևան Քոչարյանը, հիշեցնենք, սկզբում ընդհանրապես չէր ներկայանում նիստերին՝ լսողական խնդիրներ ունենալու պատճառաբանությամբ, իսկ հետո էլ ներկայանում էր լսողական սարքով։