Թրամփն արհամարհու՞մ է Կոբախիձեին. ԱՄՆ-Վրաստան հարաբերություններում անորոշություն է

Թրամփն արհամարհու՞մ է Կոբախիձեին. ԱՄՆ-Վրաստան հարաբերություններում անորոշություն է

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և փոխնախագահ Ջեյ Դի Վենսին ուղղված բաց նամակում տարակուսանք է հայտնել երկու երկրների միջև հարաբերությունների վերաբեռնման հեռանկարների վերաբերյալ Վաշինգտոնի լռության կապակցությամբ։

«Մի քանի շաբաթ առաջ ես ձեզ դիմեցի վրաց-ամերիկյան հարաբերությունների մասին նամակով։ Նշված նամակին նախորդել էին իմ հրապարակային հայտարարությունները, որտեղ ես բացահայտորեն արտահայտեցի Վրաստանի պատրաստակամությունը թարմացնել Վրաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը մաքուր էջից և կոնկրետ ուղենիշով։ Սակայն մենք դեռևս պատասխան չենք ստացել մեր նամակին և հրապարակային հայտարարություններին։ Ավելին, վրացական և ամերիկյան իշխանությունների միջև բարձր մակարդակի շփում դեռևս տեղի չի ունեցել», - ասվում է Կոբախիձեի Facebook-ում հրապարակված բաց նամակում։

«Այս լռությունը զարմանալի է վրաց ժողովրդի և վրացական իշխանությունների համար մի քանի պատճառներով», - նշել է վարչապետը։

Ինչպես նշում է Կոբախիձեն, Վրաստանը աջակցել է Միացյալ Նահանգներին թեժ կետերում՝ Իրաքում և Աֆղանստանում՝ այնտեղ ուղարկելով մեկ շնչի հաշվով ամենամեծ զորակազմը։ Վարչապետի խոսքով՝ այս կերպ Վրաստանը խնայել է 2.5 միլիարդ ԱՄՆ դոլար, որը «բազմաթիվ անգամ գերազանցում է ԱՄՆ բյուջեից Վրաստանին տրամադրված իրական օգնությունը»։

Կոբախիձեն նաև գրում է, որ Վրաստանը տարածաշրջանում առաջատար է ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում, մինչդեռ ԱՄՆ նոր ղեկավարությունը «ակտիվ երկխոսություն է վարում նույնիսկ բացահայտ ոչ ժողովրդավարական և ավտորիտար պետությունների հետ»։

Բացի այդ, Վաշինգտոնի լռության հետ կապված առեղծվածային պատճառների շարքում Կոբախիձեն նշել է երկու երկրների ընդհանուր հռետորաբանությունը այնպիսի կազմակերպությունների գործունեության վերաբերյալ, ինչպիսիք են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) և Ժողովրդավարության ազգային հիմնադրամը (NED), ինչպես նաև Ուկրաինայի հակամարտության և ԼԳԲՏ քարոզչության վերաբերյալ նույնական գնահատականները։

Վրաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները զգալիորեն վատթարացան 2024 թվականին, այն բանից հետո, երբ երկիրն ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենք։ Կոբախիձեի՝ ԵՄ անդամակցության բանակցությունների մեկնարկի գործընթացը սառեցնելու մասին նոյեմբերի 28-ի հայտարարությունից հետո, ԱՄՆ Պետդեպարտամենտը կասեցրեց հանրապետության հետ ռազմավարական գործընկերությունը։ 

Նույնիսկ Թրամփի նախագահ ընտրվելուց առաջ վրացական իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ հույսերը կապում են Միացյալ Նահանգներում իշխանափոխության և Վաշինգտոնի հետ հարաբերությունների վերագործարկման հետ։