Սինանյանը նորից մեկնում է ԱՄՆ

Սինանյանը նորից մեկնում է ԱՄՆ

Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանը Մոսկվայից վերադառնալուց հետո ուղևորվելու է ԱՄՆ և այցելելու է իր սիրելի Գլենդել քաղաք, որի քաղաքային խորհրդի անդամն ու քաղաքապետն է եղել ոչ հեռու անցյալում։ Մեր աղբյուրից ստացած այս լուրը հաստատեց Սինանյանի խոսնակ Ամալյա Կարապետյանը։

«Վարչապետի որոշմամբ, պարոն Սինանյանը ապրիլի 25-ին մեկնելու է ԱՄՆ, լինելու է 4 քաղաքներում՝ Վաշինգտոնում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում և Գլենդելում», - ասաց նա։ Իսկ պատրաստվո՞ւմ է վերադառնալ, թե՞ արդեն կմնա Գլենդելում։ «Ոչ, իհարկե։ Մայիսի 10-ին ավարտվում է գործուղումը, և պարոն Սինանյանը վերադառնալու է Հայաստան։ Նա հագեցված օրակարգով է մեկնում ԱՄՆ, գրեթե բոլոր հայկական կազմակերպությունների հետ հանդիպումներ են լինելու բոլոր չորս քաղաքներում»,- պատասխանեց խոսնակը։

Այսպիսով, Սփյուռքի գլխավոր հանձնակատարի բախտն այս անգամ կբերի՝ ՀՀ բյուջեից գործուղման կմեկնի իր հարազատ քաղաք՝ ընտանիքին այցելության, զուգահեռաբար՝ կհաջողվի ընտրություններից առաջ տպավորություն ստեղծել, թե աշխարհասփյուռ հայությունը աջակցում է ՀՀ ներկայիս վերնախավին։ Դե, իսկ Մոսկվայի հանդիպումներին, մեր տեղեկություններով, ինչպես նախորդ ամիս, այս անգամ էլ շատ քիչ հայեր են մասնակցել։

Երեկ Զարեհ Սինանյանը հանդիպել է հայ բժիշկների ասոցիացիայի անդամների հետ։ Մեր զրուցակիցը Մոսկվայի հայերից կատակում է․ «Մոտ 15 հոգի են եղել հանդիպմանը, էն էլ կեսը դեսպանատան աշխատողներն էին, ֆոն էին ապահովում, թե չէ լուսանկարներում կերևար, որ քիչ մարդ է եկել»։ Օրվա երկրորդ կեսին սփյուռքի հանձնակատարի հետ հանդիպման են եկել նիկոլական կողմնորոշմամբ աչքի ընկնող «Հայ իրավաբանների ասոցիացիայի» անդամները։ Հանդիպումն անցել է «Ռենեսանս Մոնարխ» ռեստորանում։