Սուրիկ Խաչատրյանը հիվանդանոցում է․ նա փաստաթղթեր է ուղարկել ՀՔԾ

Սուրիկ Խաչատրյանը հիվանդանոցում է․ նա փաստաթղթեր է ուղարկել ՀՔԾ

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ՀՔԾ-ում քննվող քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից, ինչպես նաև, պաշտոնեական դիրքն օգտագործելով և անձանց ապօրինի կարգադրություն տալով, դրդել է կատարել առանձնապես խոշոր չափերի վատնում ու պաշտոնեական կեղծիք, ինչի հետևանքով էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին: 

Խաչատրյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Սուրիկ Խաչատրյանի պաշտպանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ  քրեական գործով դեռեւս չի ներգրավվել, ինչպես նաեւ առաջադրված քրեական հոդվածներին ծանոթ չէ․ «Պարոն Խաչատրյանի հետ ես չեմ խոսել դեռ։ Ինքն արտերկրում է գտնվում վաղուց, վիրահատվել է, բժշկական կենտրոնից դուրս չի գրվել»։

Ըստ պաշտպանի՝ Սուրիկ Խաչատրյանին հրավիրել են հարցաքննության, սակայն նա տեղեկացրել է, որ գտնվում է արտերկրում․«Հրավիրել են հարցաքննության, քանի որ դեռ դուրս չի գրվել, բնականաբար, չէր կարող գալ։ Այդ մասին ինքը նախաքննական մարմնին հայտնել է եւ բժշկական փաստաթղթերը ներկայացրել է, սակայն այդ հանգամանքը հաշվի չի առնվել ու էսպիսի որոշում  է ընդունվել։ Այսքանը ես կարող եմ ասել, մնացածը՝ լիազորագիր ունենալուց հետո»։

Նշենք, որ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տրդատ Խաչատրյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում անդրադառնալով հոր նկատմամբ Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրությանը, որ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել և կալանավորումն ընտրվել է որպես խափանման միջոց, ասել էր․ «Մեր համար հիմա անհասկանալի է, թե ինչ շտապողականություն է, երբ մենք փաստաթղթեր ենք ներկայացրել, թե հայրս մոտավոր երբ կարող է ներկայանալ իրավապահներին: Իրենք լավ գիտեն, թե որտեղ է հայրս բուժվում, Հայաստանում չէ: Նա երբեք չի խուսափել ներկայանալ քննչական մարմիններին»։