Ինչու է Գյումրու մանկատան սանը թողել ծանրամարտը, դուրս եկել մանկավարժների դեմ

Ինչու է Գյումրու մանկատան սանը թողել ծանրամարտը, դուրս եկել մանկավարժների դեմ

Գյումրու «Թռչունյան տուն» մանկատան մթնոլորտն առավոտվանից լարված է: Մանկատան կոլեկտիվը վրդովված է: Երեկ սաներից մեկի ֆեյսբուքյան գրառումը տակնուվրա է արել ուսուցիչների ներաշխարհը: Նրանց խոսքերով՝ առանց այդ էլ սոցիալական ծանր պայմաններում հայտնվելով, ամիսներ շարունակ չվճարվելով՝ անսպասելի  գնահատանքի  արժանացան մի աղջնակից, որին 3-4 տարեկանից պահել են հարազատի պես: Հիշեցնենք, որ սփյուռքահայ բարերար Հերման Հինթիրյանը, որ 16 տարի շարունակ ֆինանսավորել էր Գյումրու մանկատունը, այլևս հրաժարվել է դոնոր հանդիսանալ հաստատության համար:

Մանկատունն այսօր հայտնվել է ծանր կացության մեջ: 

Դեռևս 18 տարին չբոլորած եւ մանկատանը բնակվող Տանյա Գրիգորյանը երեկ  գրել էր, որ 14 տարի է՝ ապրում է մանկատանը, եւ հիմա շատ խնդիրների պատճառով հովանավորները հրաժարվում են օգնել իրենց: Նա առաջարկում է խնդիրներից խուսափելու համար փոխել մանկատան տնօրենին: Պատմում է, որ դեռ 13 տարեկան էր, դասից ուշանալու համար մարմնամարզության ուսուցիչը, որ տնօրենի եղբորորդին է, այնպես է հարվածել իրեն, որ գլուխը բացվել է: «Էստեղ մանկավարժները կզարգեն երեխեքին: Գուզեի պաշտպանվել, իմ կողքին ոչ մեկ  չկար, դրա համար ծանրամարտով զբաղվեցի, որ կարողանամ ինքս ինձ, քրոջս, եղբորս պաշտպանել»,- գրել է նա՝ այլ մանրամասներ ներկայացնելով մանկատան առօրյայից: Տանյայի խոսքերով` ինքը չէր անդրադառնա այդ ամենին, եթե հովանավորները չհրաժարվեին իրենց օգնելուց:

«Թռչունյան տուն» մանկատան տնօրեն Սոնյա Սիրունյանն աղջկա գրածներից ցնցված է: «Հիմա չգիտեմ՝ ինչպես պատասխանենք իրեն: Մանկավարժները հավաքվել են ու այնքան վիրավորված են: Ես առաջարկում եմ ոչինչ չասել իրեն, մանավանդ, որ ինքը շրջանցում է, ասես՝ ոչինչ չի եղել: Մեր հոգեբանն էլ է ասում, որ իրեն պետք չէ լուրջ վերաբերվել, ինքն առաջնորդվում է իր շահերով. երբ, ինչպես հարմար է: Այս դեկտեմբերին չափահաս է դառնալու: Վարսահարդարության դասերի ենք ուղարկում:բԵթե այդքան վատն էինք, ինչո՞ւ իր մոր հետ  չգնաց ապրելու, եկել էր ետևից: Նրա նկատմամբ այստեղ բոլորն են ուշադիր եղել»,- hraparak.am-ի հետ զրույցում ասաց մանկատան տնօրենը՝ որպես ապացույց տրամադրելով լուսանկարներ Տանյայի մանկությունից:

Ի դեպ, hraparak.am-ը երկու տարի առաջ Տանյայի եւ նրա մոր պատմությանն անդրադարձել է:

Ուշագրավ է, որ Տանյան ծանրամարտում հաջողություններ է գրանցել, բայց տեղեկացանք, որ  այլևս չի մարզվում, թողել է  սպորտը:

Զրուցեցինք Տանյայի դասվարի՝  Զարուհի Դարբինյանի հետ: «Տանյան 3-4 տարեկան էր, որ մտավ այստեղ:  Տեսնեիք՝ ինչ վիճակում էին ինքը,քույրն ու եղբայրը՝ բզկտված, հիվանդ: Աստված գիտի,թե ինչ խնամք ենք տվել:4 տարի դասավանդել եմ, կամակորություններ ուներ,չէր հաշտվում ոչ մեկի հետ: Մտածում էի՝ կփոխվի: Չգիտեմ ինչո՞ւ՝ հիմա զայրացած է,չարացած աշխարհի վրա:Եղբորն էնպես է ծեծում,որ եթե մանկավարժները չլինեն,կսպանի: Ծանրամարտը թողեց, ավելի ճիշտ՝ մարզիչը հրաժարվեց իրենից, Ծաղկաձորում մարզումների ժամանակ բարկացել էր,վռնդել նրան»:

Նշենք, որ մեր զրույցի պահին Տանյան մանկատանը չէր,այլ, ինչպես տնօրենը փոխանցեց, վարսահարդարության դասերի էր: 

Դասապատրաստող Հայկուհի Գրիգորյանն էլ վստահեցրեց. «Տանյան ադեկվատ երեխա չէ,այսօր էսպես կասի,վաղը՝ ուրիշ,ինչպես իր շահն է թելադրում:Մի պահ մոր մոտ էր, յոլա չգնաց,զանգեց,խնդրեց ետ գա: Բռնի աշխատացրել էր, նեղել:Եղբայրն ընդհանրապես մոր անունը չի ուզում տալ»,-նշեց մանկավարժը:

Մեզ հետաքրքրեց նաև, թե ,առանց որևէ ֆինանսական մուտքի, ի վերջո, մանկատունը ինչպես է շարունակելու գոյատևել : Տնօրենն ասաց, որ խնդրով մտահոգ է Մայր Աթոռը,որին կարծես թե հաջողվել է գտնել նոր հովանավորներ,որոնք հետաքրքրված են հաստատությունով,սակայն ժամանակից շուտ ուրախանալ չեն կարող, քանի դեռ փաստաթղթային որևէ ձևակերպում չկա: