Երեխաները մրսում են․ Երեւանի որոշ դպրոցներում եւ պարտեզներում ջեռուցում չկա
Չնայած այս օրերին արձանագրվող բավական ցուրտ եղանակին՝ Երևանի որոշ դպրոցներ և մանկապարտեզներ դեռևս չեն ջեռուցվում:
Նշված մանկապարտեզներից մեկի ծնողներից մեկը մեզ ասաց, որ շենքի չջեռուցվելու պատճառով երեխային չի ուղարկում պարտեզ, բացի այդ սուր շնչառական հիվանդությամբ վարակվելը ծնողները կապում են հաստատություններում մրսելու հետ․ «Ես շատ անհանգիստ եմ, քանի որ միշտ նոյեմբերի սկզբին միացվել է, բայց այս տարի համ դեռ չեն միացրել, համ էլ ցրտերը շուտ եկան։ Չգիտենք էլ՝ երբ կմիացվի ընդհանուր ջեռուցում։ Մի սենյակը պլիտայով տաքացնելը նորմալ չի, մի սենյակ տաք ա, շենքը ցուրտ, դրանից էլ հիվանդանում են»։
Հարկ է նշել, որ, ընդհանրապես ջեռուցման համակարգը ուսումնական հաստատություններում, պետական մարմիններում միացվում են նոյեմբերի 1-ից։
Երեւանի քաղաքապետարանից հետաքրքրվեցինք՝ միացվե՞լ են դպրոցներում եւ մանկապարտեզներում ջեռուցումը, եթե այո, ապա երբվանից, մեզ պատասխանեցին․««Ջեռուցման սեզոն հասկացություն» ըստ էության գոյություն չունի, հիմնականում միացվել են նոյեմբերի 1-ից՝ ելնելով եղանակի որոշակի ցրտաշունչ լինելուց, բայց օրինակ, կան հատվածներ,որտեղ ջուր չկա այս պահին, օրինակ՝ Քանաքեռ-Զեյթունում, հնարավոր չէ ջեռուցման համակարգը միացնել։ Բացի այդ տարբերակից, այն բոլոր դպրոցներում որտեղ ջեռուցման համակարգը փորձարկվում է, ինչ-որ խնդիրներ, եթե կան, վեր են հանվում, մի քանի օրերի ընթացքում լուծում են ստանում։ Այդ դպրոցներում, եթե առկա են նշված խնդիրները, ժամանակավորապես էլեկտրական վառարաններով են ջեռուցվում, մինչեւ հնարավոր լինի նորից միացնել համակարգը։ Ոչ թե սեզոնով պայմանավորված, այլ ստացվել է այնպես, որ որոշակիորեն եղանակի ցրտելու սեզոնը համընկավ նոյեմբերի սկզբի հետ։ Կարող եմ նաեւ ասել, որ կա դպրոց, որտեղ ջեռուցումը նոյեմբերից առաջ է միացվել»։
Քաղաքապետարանից մեզ փոխանցեցին, որ այս ամենը վերաբերում է ինչպես դպրոցներին, այնպես էլ մանկապարտեզներին։
Կարծիքներ