Մեծ ավանտյուրա

Մեծ ավանտյուրա

Իհարկե, բաներ կան, որ մարդը պետք է գիտակցի ի ծնե, բաներ կան, որոնք պետք է յուրացնի կյանքի ընթացքում եւ ինչ-որ բաներ էլ սովորի` աշխատանքի, պաշտոնի, կարգավիճակի բերումով: 2018 թվականին երեւի շատերն էին հասկանում, որ երիտասարդ ու անփորձ մարդկանց պետության ղեկին նստեցնելով` մենք ազգովի մի վտանգավոր ավանտյուրայի մեջ ենք ներքաշվում: Թերթի փոքր խմբագրություն ղեկավարած, ողջ կյանքում ընդդիմադիր ու պատգամավոր եղած անձը կարող է չգիտակցել, թե ինչ բեռ է իր ուսերին վերցնում եւ այդ պահին գայթակղությանը չդիմանալով` հավակնել վարչապետի աթոռին: Բայց հանրությունը, գոնե նրա գիտակից հատվածը, պետք է հասկանար եւ հասկանում էր, որ վտանգավոր քայլի է գնում: Հաջողելու կամ ձախողելու հավանականությունը երեւի 50/50 էր: Բայց հասարակությունը գնաց այդ քայլին, եւ անգամ այդ արկածախնդրության լրջությունը գիտակցողները դրան հրապարակավ դեմ չեղան, որովհետեւ կարծում էին, որ եկել է փոփոխությունների ժամանակը, եւ հույս ունեին, որ թարմ արյունը, երիտասարդ կորովը, փողոցային պայքարի մեջ թրծվածությունը կօգնեն այդ ջահելներին՝ գիտակցել իրենց պատասխանատվությունը, շուտ սովորել եւ արագ պետական գործիչներ դառնալ:

Չէինք պատկերացնում, որ նրանք արագ կգիտակցեին պետական միջոցները վայելելու հաճույքը, կսովորեին խաբել ու մանիպուլացնել հանրությանը եւ կարճ ժամանակում կդառնային բյուրոկրատներ, պետբյուջեի վրա նստած տզրուկներ, պորտաբույծներ, որոնք չնչին պատասխանատվություն չեն զգում հանրության եւ այս պետության առաջ: Չգիտեինք, որ այդքան հեշտ կորդեգրեին հանրությանը պառակտելու, սեփական մեղքն ուրիշների վրա բարդելու, քաղաքական հակառակորդներին բռնել-դատելու ձեւերը: Այդքան արագ կդառնային այն «հրեշը», որից հանրությունն ուզում է ազատվել: