Տարիներ շարունակ խոստանում էին, որ Վրաստանը ԵՄ անդամ կդառնա, հետո սկսեցին մատ թափ տալ ու շանտաժ անել

Տարիներ շարունակ խոստանում էին, որ Վրաստանը ԵՄ անդամ կդառնա, հետո սկսեցին մատ թափ տալ ու շանտաժ անել

Վրաստանում ընդդիմությունը չի հանձնվում: Չնայած ընդդիմադիրների քանակն այնքան էլ մեծ չէ, սակայն բախումները բավականին կոշտ բնույթ են կրում: 

Վրաստանի քաղաքացի, «Անի» ՀԿ-ի համահիմնադիր, փաստաբան, ուսուցիչ, հասարակական գործիչ Արթուր Մուրադյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ Վրաստանի ժողովուրդն իր ընտրությունն արդեն կատարել է և ճնշող մեծամասնությունն աջակցում է Վրաստանի ներկա իշխանություններին՝«Վրացական երազանքին»:
«Ես համարում եմ, որ «Վրացական երազանքը» այն քաղաքական ուժն է, որն իսկապես բալանսավորված քաղաքականություն է վարում հարևան երկրների նկատմամբ:

Բացի այդ, ընդհանուր առմամբ հայերի նկատմամբ ու Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը, չգիտեմ Հայաստանում դա ինչպես են ընկալում, բայց անձամբ ես և Վրաստանի մյուս հայերը, նախկինում տեսնում էին որպես ընկերների հարաբերություններ, իսկ հիմա մեր երկու երկրների միջև հարաբերություններն այնպիսին են, կարծես երկու եղբայրներ լինեն: Մեր երկրների միջև հարաբերություններն ավելի են լավացել: Ես ինքս որպես նաև ուսուցիչ եմ դա տեսնում, դասավանդում եմ քաղաքացիական կրթություն, մեր դասագրքերում վրացական, հայերի մասին շատ դրական տեղեկատվություն է մատուցվում աշակերտներին»,- ասաց Մուրադյանը:

Մուրադյանը նկատում է, որ կան նաև հայաֆոբության դեպքեր Վրաստանում, սակայն դրանք այնքան քիչ են, որ հայերին ոչնչով չեն խանգարում: Վրաստանի քաղաքացի ազգությամբ հայը շեշտում է, որ իր համար կարևոր է Վրաստանի իշխանությունների՝ Հայաստանի նկատմամբ տարվող քաղաքականությունը, իր՝ որպես ազգությամբ հայի նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքը, հետևաբար համարում է, որ ներկա իշխանությունների քաղաքականությունը Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների ուղղությամբ շատ արդյունավետ է ու դրական:

Իսկ ինչպե՞ս են զարգանալու իրողությունները, չէ որ ԵՎրամիությունն ամբողջովին պաշտպանում է ընդդիմությանը հարցին, Մուրադյանը պատասխանեց. «Ինչ էլ անեն, որքան էլ փորձեն, որքան էլ ուզենան ցույց տալ, որ Վրաստանում իրավիճակն այն չէ, որ մարդիկ դեմ են ներկա կառավարությանը, իրականում ամեն ինչ պարզ է: Վրաստանի ժողովուրդը աջակցում է ներկա իշխանություններին: Այն քաղաքականությունը, որ վարում է ներկա իշխանությունը, զարգացման տեսլականները տարբեր ոլորտներում, այս ամենը վրացական հասարակությանը ձեռք են տալիս: Այո, կան որոշ հարցեր, որոնց մասով կարող էին մի քիչ այլ ձևով մոտենալ, փոքր-ինչ այլ մոտեցում ցուցաբերել, կարող էին մի քիչ ավելի լավ անել, բայց ընդհանուր առմամբ ներկա իշխանությունների քաղաքականությունն ու մոտեցումները ինձ համար՝ որպես Վրաստանի քաղաքացի,այն, թե ինչպես է երկիրը գնում առաջ՝ ամբողջովին դուր է գալիս, ես գոհ եմ»,- ասաց Մուրադյանը:

Վրաստանի ներկա քաղաքականությունը համեմատել նախկինում եղածի հետ՝ դա երկնքի ու երկրի միջև տարբերություն է: 

Իսկ ո՞ր կետից Վրաստանի հասարակության ու ԵՎրամիության միջև անջրպետ ստեղծվեց, Մուրադյանն ասաց, որ դրա հիմնական մեխը, այսպես կոչված, թափանցիկության օրենքն էր, ինչից հետո Եվրոպայի վերաբերմունքը Վրաստանի նկատմամբ դարձավ կոշտ ու պահանջատիրական:

«Դա շատ նյարդայնացնող էր, տպավորություն էր, ոնց որ մեզ անընդհատ սովորեցնում են, գլխիդ են տալիս, ստիպում են անել, ինչը հակազդեցության հանդիպեց: Վրացի ժողովուրդն ունի իր սովորույթները, այսքան դարեր գոյություն ունի, Վրաստանում էլ ծնված հայերս այդ մենթալիտետի կրողն ենք, որովհետև անընդհատ վրացիների հետ ենք շփվում, մեզ համար կան պահեր, որոնք մեզ համար անընդունելի են: Հատկապես հիմա, երբ ընտրություններից հետո մեզ ասում են՝ այսպես չպետք է լինի, դուք այսպես չպետք է պահեք ձեզ, սա պետք է անեք, եթե չանեք՝ այսպես կլինի, դրանից ավելի շատ շանտաժի հոտ է գալիս, բռնության հոտ է գալիս, այսինքն, ուզես, չուզես, պիտի այսպես քեզ պահես: Այնտեղ, որտեղ ընդունվում են որոշումներ երկրին վերաբերող, կարծում եմ, որ այդ վերաբերմունքը նույն կերպ են ընկալում և նույն ձևով են նայում իրողություններին և սա էլ արդյունքն է»,- ասաց Մուրադյանը:
Վրաստանցի հայը նկատում է, որ Վրաստանում բնականաբար կան մարդիկ, ովքեր աջակցում են ընդդիմությանը և դա նույնպես նորմալ է:

Իսկ հարցին, թե ինչպե՞ս կամ ինչո՞վ կավարտվի իշխանություն-ընդդիմություն հակամարտությունը, Մուրադյանը պատասխանեց. «Ոչ մի ձև, շուտով այդ ամենը կավարտվի անպայման: Տպավորություն է ստեղծվում, որ այդ մարդկանց ուղղակի օգտագործում են, ես հասկանում եմ, որ այնտեղ մարդիկ կան, ովքեր իսկապես շատ գաղափարային են, իսկապես հավատում են, որ Վրաստանը պետք է դառնա ԵՄ անդամ, եթե անկեղծ լինեմ, ես երկակի վերաբերմունք ունեմ այդ մասով, կարծում եմ, որ Վրաստանը պետք է չեզոքություն պահի, բայց կան մարդիկ, որոնք կարծում են, որ Վրաստանը պետք է դառնա Եվրամիության անդամ և պատկերացրեք, ձեզ տարիների ընթացքում ասում են, որ Վրաստանը պետք է դառնա ԵՄ անդամ, դառնա ՆԱՏՕ անդամ ու հանկարծ ձեզ վերջում ասւոմ են, որ մենք որոշել ենք կանգնեցնել այդ պրոցեսը, ու ինչից հետո՝ դա էլ է պետք ասել:

Այն բանից հետո, երբ ասում են, որ Վրաստանն անպայման պետք է դառնա ԵՄ ու ՆԱՏՕ անդամ, իսկ հետո շանտաժի են անցնում, ստիպում, սպառնում, երբ մատ են թափ տալիս դեմքիդ առաջ, դա շատ վատ ու սխալ, շատ վիրավորական մոտեցում է և իշխանությունների դեմ մասնակցողները վաղ թե ուշ իրենք էլ դա կհասկանան, որ դատարկ խոստումներին չի կարելի հավատալ և շանտաժին էլ պետք չի տրվել, քանի որ կա նման երևույթ՝ հպարտություն, արժանապատվություն»,- եզրափակեց Արթուր Մուրադյանը: