Վրաստանը Եվրոպայի ամենաանվտանգ վայրն է, իսկ Հայաստա՞նը

Վրաստանը Եվրոպայի ամենաանվտանգ վայրն է, իսկ Հայաստա՞նը

 Մոտավորապես Հայաստանի չափ բնակչություն ունեցող հարեւան երկրում՝ Վրաստանում, որը Հայաստանի հետ համեմատած, փակ սահմաններ չունի, կա կորոնավիրուսով հաստատված 148 դեպք, մոտ 5 հազար 400 մեկուսացված, ոչ մի մահ։ Մեզ մոտ նույն օրվա դրությամբ՝ 736 դեպք, 7 մահ։ Մոտ 600 հոգով պակաս հիվանդների տարբերությամբ Վրաստանի ֆենոմենը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը փորձել է բացատրել համաճարակաբանական հետքով ու երջանիկ պատահականությամբ։ Այսինքն՝ այնտեղ 500 հոգանոց արտադրամասի աշխատակից չի վարակվել եւ այլն։ Իսկ իշխանության լոյալությունը ցուցաբերող որոշ քաղաքագետներ, վերլուծաբաններ հայտարարում են, թե Վրաստանում թաքցնում են ճշմարտությունը։ Չի ասվում, բայց դրան հետեւողը պետք է այն լինի, որ ժողովրդավարության բաստիոն Հայաստանում ամեն ինչ թափանցիկ է արցունքի կաթիլի պես։ «Հրապարակ»-ը զրուցել է Վրաստանում ապրող մեր հայրենակից, Միխայիլ Սահակաշվիլու պաշտոնավարման օրոք նրա խորհրդական Վան Բայբուրդի հետ։

 - Պարոն Բայբուրդ, ձեզ մոտ 148 հիվանդ կա։ Բնակչությունը հավատո՞ւմ է իր երկրի իշխանությունների պաշտոնական թվերին, որովհետեւ այստեղ՝ Հայաստանում, ձեր թվերի հետ կապված՝ թերահավատություն կա։ Ձերոնք ե՞ւս թերահավատ են։ 

- Ոչ, ոչ, ոչ եւ ոչ։ Վրաստանը Հայաստանի պես փոքրիկ երկիր է։ Եթե ավելի շատ մահանային, կամ դրությունը լիներ ավելի ծանր, հաստատ՝ դա չէր կարող թաքուն պահվել։ Անգամ այդ 148-ի համար մեզ մոտ արդեն պանիկա են բարձրացնում ու առաջարկում են խստացնել պայքարի միջոցները։ Զարմանալի է, որ մեր ժողովուրդը մի քիչ թերահավատ է այդ խստությունների նկատմամբ, վատ են նայում այդ խստություններին։ Բայց մեզ մոտ հիմա համակարգված է․ մարդ դուրս չի գալիս փողոց։ Խախտումներ կան, կային, մեզ շատ խիստ են պատժում․ եթե, օրինակ, մեքենայով դուրս եկար ժամը 9-ից հետո, կամ եթե մեքենայում 2 հոգուց ավել եղավ։ Միայն վարորդն ու ուղեւորը։ Նա էլ իրավունք չունի նստել վարորդի կողքին։ Կառավարության որոշմամբ՝ սրա համար 3 հազար լարիանոց տուգանք է։ Սկզբում մի 140-200 հոգի տուգանվեցին, ու արդեն ժողովուրդը էլ խախտումներ չի անում։ Մի հետաքրքիր բան պատմեմ․ մեր ծանոթներից մեկը՝ Լեհաստանից է, Լեհաստանի նախկին արտգործնախարար, Թիֆլիսում էր, ինքնաթիռները չկարողացան գնալ, ինքը դիմեց իր ընկերոջը, ով Լեհաստանի դեսպանն է եւ իրեն ասաց՝ էսօր Եվրոպայում ամենաապահով տեղը Վրաստանն է։ Տես՝ ինչ է կատարվում Լեհաստանում, կողքի երկրներում։ Ու այդ լեհ դիվանագետը մինչ օրս Թիֆլիսում է ու չի գնում։ 

- Կա վարկած, որ հայերս անկարգապահ ենք, ինչպես իտալացիները, իսպանացիները, չենք ենթարկվում իշխանությունների ցուցումներին, տանը չենք մնում, եւ վարակը տարածվում է։ Ինչ է՝ վրացիները հայերիցս այդքան տարբե՞ր են։ - Իհարկե, վրացիները բնավորությամբ ոչնչով չեն տարբերվում հայերից։ Բայց այս վտանգը, որը դամոկլյան սրի նման կախված է մեր բոլորիս գլխին, այդ վախը, իհարկե, զգոնացրել է։ Որ տեսնեք՝ մեզ մոտ, խանութներում 2 մարդուց ավել չկա, խանութի մոտ ոստիկանը կանգնած է, երկու մարդ է թույլ տալիս մտնել, երկու մետր դիստանցիան պահպանվում է։ Նույնիսկ ամենամեծ «Քարֆուրներում» նույն բանն է, մարդիկ փողոցում են հերթ կանգնում ու մեկ-մեկ մտնում։ Մեզ մոտ հիմա էլ արգելում են ալկոհոլի վաճառքը։ 

- Դա ինչո՞ւ։ 

- Վատ ա, ասում են՝ դա էլ է վատ ազդում ժողովրդի վրա, հարբում են, մոռանում են, էս են անում, էն։ 

- Իսկ կա՞ն բողոքներ, որ մարդիկ թեստ են ուզում անցնել, չեն անում։ 

- Ոչ։ Նորից եմ ասում՝ կարգապահություն։ Օրինակ՝ գյուղերում ազդեցիկ մարդիկ, բարերարներ կան, նրանց թաղմանը չեն գնում։ Թաղումները, քելեխները, զգուշացնում են՝ տասը մարդ, բայց 15-ից ավել չեն լինում։ Չեն գալիս, զուսպ են մնում, որ չվտանգեն իրենց, իրենց ընտանիքի անդամների կյանքը։

 - Ձեր քաղաքապետբը ախտահանո՞ւմ է փողոցները։ 

 - Այո։ Մեզ մոտ բոլորը դիմակներով են, դիմակներ մենք Հայաստանից մի շաբաթ ուշ սկսեցինք կարել, էդ առումով մենք մի քիչ հետ ենք։ Իհարկե, մի փոքր կա դիմակների պակաս, բայց մետրոների մոտ վաճառվում են։ Միակ կազմակերպությունը, որը մի քիչ դիմադրում է, եկեղեցին է, էն էլ մեր վարչապետը հանդիպեց Իլյա Երկրորդի հետ, խոսեց․․․ եւ եկեղեցին համաձայնեց, որ ապրիլի 19-ին եկեղեցական այդ տոնը, որ կա, երբ կրակը վառում են ու բերում, մարդիկ չմտնեն եկեղեցի, բայց գան ու կանգնեն եկեղեցու պատերի մոտ՝ պահպանելով դիստանցիան։

 - Եթե ամփոփելու լինենք, այնուամենայնիվ, ի՞նչն է պատճառը, որ ձեզ մոտ 600-ով պակաս հիվանդ կա։ 

- Դժվարանում եմ ասել, երեւի՝ ինքնագիտակցության աստիճանը։ Վախը, որ չվարակվես, հրամաններից ու հրամանագրերից ավելի ուժեղ է գործում, որ քո երեխան չվարակվի, որ քո յոթանասունն անց մայրը չվարակվի։ 

- Ձեզ մոտ հոսպիտալների համար ստադիոններ առանձնացնո՞ւմ են, կա՞ նման անհրաժեշտություն։ 

- Այս պահի համար դեռ նման անհրաժեշտություն չկա։ Բայց պիկը մեզ մոտ լինելու է ապրիլի կեսին։ Բայց էն տեմպերը, որով ավելանում են, ըստ մասնագետների՝ հնարավոր է, որ մենք խուսափենք էդ պիկից, քանի որ մեզ մոտ իրոք շատ խիստ է։ 

- Ձեր կառավարությունը վճարում է նաեւ բնակչության կոմունալները, որքան գիտեմ։ 

- Վճարում է էն մարդկանց հոսանքը, որոնք 600 կիլովատից քիչ էլեկտրաէներգիա են ծախսում․ սա ամբողջ Վրաստանով մեկ է։ Գազի վարձի մի մասի ծախսն են փակում՝ 3 ամսվա կտրվածքով։ Հիմա 2 միլիարդ լարի հատկացվելու է փոքր ու միջին բիզնեսին, այն բիզնեսին, որին շատ մեծ վնաս հասցվեց։ Բայց վարչապետն ակնարկեց, որ այդ գումարը կավելանա։