Այցելեք Վրաստան` Բաթումի, կամ Սիրիա և կտեսնեք, թե Թուրքիայի խաղաղության օրակարգն ինչ է

Այցելեք Վրաստան` Բաթումի, կամ Սիրիա և կտեսնեք, թե Թուրքիայի խաղաղության օրակարգն ինչ է

«Հրապարակի» հարցերին պատասխանում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը:

- ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը եւ դեսպան Սերդար Քըլըչը չորրորդ հանդիպումն են անցկացրել Վիեննայում։ Նրանք պայմանավորվածություն են ձեռք բերել Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու մասին՝ Հայաստան եւ Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար, եւ որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները: Ի՞նչ է սա նշանակում: Ադրբեջանի քաղաքացիները կարո՞ղ են այդ կերպ հատել ՀՀ սահմանը:

- Սա նոր գաղափար չէ: Սրա համար կարող են ուրախանալ, կամ տխրել նրանք, ովքեր չեն հետևել հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր այսպես ասած զարգացմանը` սկսած դեռևս 2001 թվականից: Այս գաղափարն ամեն անգամ արծարծվել է և բոլորովին նորություն չէ:

- Գուցե գաղափարը նորություն չէ: Այսինքն, իշխանությունները ոչ մի բանի առաջ կանգ չեն առնում:

- Նրանք համաձայնում են ամեն ինչին` առանց հետևանքներին ուշադրություն դարձնելու: Մի կողմից ասում են` էսպես թե էնպես թուրքերը մեզ հետ չեն կարող առանց նախապայմանների ինչ-որ հարցեր քննարկել, մյուս կողմից էլ ուզում են ցույց տալ, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առումով ինչ-որ առաջընթաց կա: Այո, ցանկացած երրորդ երկիր համարվող երկիր, այդ թվում նաև Ադրբեջանը կարող է այս գաղափարով մտնել Հայաստան: Կարող է նաև ինչ-որ մի տուրիստական կազմակերպություն նոր մի փաթեթ մշակի այս կերպ: Դրանից ի՞նչ: Ո՞վ ասաց, որ եթե Թուրքիան նման բան է որոշել, ապա ադրբեջանական կողմն էլ իր համաձայնությունն ու հավանությունն է տվել դրան:

- Իսկ այս ամենն ի՞նչ վտանգներով է հղի:

- Հայ-թուրքական գործընթացներում ամեն ինչ վտանգավոր է: Թուրքիան բացահայտ մտավ ռազմական գործողությունների մեջ, էլ սրանից մեծ ի՞նչ վտանգ: Հիմա էլ խաղաղության օրակարգի վտանգներից պատմե՞մ: Այցելեք Վրաստան` Բաթումի, կամ Աջարիա, կամ Սիրիա և կտեսնեք, թե Թուրքիան խաղաղության օրակարգերով ինչեր է անում: Թուրքիայի խաղաղության օրակարգով Հայաստանն ահռելի վտանգներ կարող է կրել: Էլ չասեմ, որ սահմանը կարող է դառնալ ՆԱՏՕ-ՀԱՊԿ: Իսկ ՆԱՏՕ-ՀԱՊԿ հարաբերություններն ինչպիսի՞ն են:

- Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վերջին առցանց ասուլիսի ժամանակ ակնարկեց նոր հնարավոր պատերազմի մասին: Ի՞նչ էր դա նշանակում:

- Նման ակնարկներ մեկ անգամ չէ, որ արվել են: Դա հնարք է, որով փորձում են մեզ վախեցնել և այդ կերպ արդարանում են, թե ինչու են նոր զիջումների գնում: Լավագույնս Նիկոլ Փաշինյանի ակնարկին պատասխանել է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը հենց Փաշինյանի ասուլիսի հաջորդ օրը: Դրանից հետո էլ մենք ի՞նչ ասենք: Ադրբեջանցիներն են պատասխանում Նիկոլ Փաշինյանին, իսկ նա արձագանքե՞լ է Ադրբեջանին, չի արձագանքել:

- Իսկ ինչո՞ւ չի արձագանքում:

- Որովհետև նրան միայն ու միայն հետաքրքրում է իր իշխանության պահպանումը: Դրա համար էլ սպասարկում է թուրքադրբեջանական շահերին, հակառակ պարագայում եթե հայկական շահի հետ կապված լիներ որևէ մտահոգություն, ապա կլսեինք Փաշինյանի արձագանքը: Բայց քանի որ մեր իշխանությունները հայկական շահերով չեն առաջնորդվում, էլ ի՞նչ սպասել: Պարտված իշխանությունից կարելի է սպասել միայն նոր զիջումներ, ուրիշ ոչ մի բան....

- Փաստորեն ունենք մի իշխանություն, որն ամեն ինչի պատրաստ է միայն իշխանություն ձեռքից բաց չթողնի և ունենք ընդդիմություն, որն իր քայլերում, կարծես, այնքան էլ կտրուկ չէ: Շուրջ երկու ամիս տևած պայքարում զգալի արդյունք չարձանագրեց ընդդիմությունը:

- Նայած թե արդյունք ասելով ով ինչ է հասկանում: Ինձ համար հիմնական պայքարի նպատակն ազգային ուժերի միավորումն ու ազգային օրակարգն առաջին պլան բերելն էր:

- Կարծո՞ւմ եք միավորվե՞լ են:

- Երկու ամիս շարունակ միավորված էին, խոսեցին, որ ազգային թեմաները դեռևս շատ կարևոր են, դա նշանակում է, որ կան նման պրոցեսներ: Որոշ մարդիկ պնդում են, թե ընդդիմությունը ծրագիր չի ներկայացնում, այն դեպքում, երբ նրանք մի քանի անգամ ներկայացրել են իրենց ծրագիրը, անգամ հրապարակել են: Բայց ով չի ցանկանում տեսնել, չի տեսնում: Գործող իշխանությունների տեղեկատվական մանիպուլյացիաններն անհամեմատ ավելի ուժեղ են: Դուք Ձեզ որքան երջանիկ կզգայիք, երբ, դիցուք, իշխանության մեջ Ձեր դարավոր թշնամի Թուրքիան պաշտպանում է Ձեզ, սա ինչ-որ բան չի նշանակո՞ւմ: Ինչպե՞ս եղավ, որ թշնամին պաշտպանում ու ողջունում է Ձեզ և դեռ մի բան էլ հաթաթա է տալիս հայրենի ընդդիմությանը: Էստեղ հայկական թասիբը պետք է պահանջեր, որ թշնամին լռի և չխառնվի Հայաստանի ներքին գործերին: Ինչի՞ դեմ էինք մենք պայքարում՝ անձի՞, թե՞ երևույթների: Ինձ հետաքրքրում են միայն երևույթները: