Ադրբեջանցիները ոչնչացնում են ամեն ինչ, նրանք ուզում են, որ այս հողը ոչ մեկինը չլինի

Ադրբեջանցիները ոչնչացնում են ամեն ինչ, նրանք ուզում են, որ այս հողը ոչ մեկինը չլինի

Հարցազրույց ԱՊՀ ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւի հետ

- Օրերս Ֆրանսիայի ու ՌԴ նախագահները ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել, մտահոգություն հայտնել հակամարտության գոտի Սիրիայից ու Լիբիայից գրոհայինների տեղափոխման կապակցությամբ։ Ինչի՞ համար են այս հեռախոսազրույցները, եթե ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ռուսաստանը, չեն կարողացել հրադադար հաստատել։ Ի՞նչ եք կարծում՝ եթե Ռուսաստանը շատ մեծ ցանկություն ունենար, կկարողանա՞ր հասնել հրադադարի։ Եվ հարցս կոնկրետացնեմ՝ Ռուսաստանը չցանկացա՞վ, թե՞ չկարողացավ։

- Նախ․ Ռուսաստանից բացի, կան նաեւ ԵԱՀԿ ՄԽ այլ երկրներ։ Մասնավորապես, Ֆրանսիան ու ԱՄՆ-ն, որոնք 2 շաբաթ փաստացի սպասում էին՝ լրջորեն չխառնվելով ու չնպաստելով հակամարտության կարգավորմանը։ Ավելին՝ ԱՄՆ-ն, որ շատ լուրջ ազդեցություն ունի Մեծ Բրիտանիայի վրա, ոչինչ չարեց, որպեսզի առնվազն ՄԱԿ-ի ԱԽ-ի հայտարարություն լիներ։ Ռուսաստանը նախագահում էր, հայտարարությունը նախապատրաստված էր, բայց տեսաք, թե ինչ արեց Մեծ Բրիտանիան։ Իսկ ԱՄՆ-ն ոչինչ չարեց, որ այդ վետոն չլինի։ Ուստի համարում եմ, որ հիմա պետք է լինի ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրների՝ Ֆրանսիայի, ՌԴ-ի ու ԱՄՆ-ի համագործակցություն՝ Արցախում պատերազմը կանգնեցնելու համար։ Բայց պետք չէ դրանից չափազանց շատ սպասումներ ունենալ։ Ինչո՞ւ, որովհետեւ այն քայլերը, որոնք կարող էին Արցախում պատերազմը դադարեցնելու առումով ռեալ ազդեցություն ունենալ, չեն արվել։ Եվ առաջին հերթին չեն արվել Արեւմուտքի կողմից։

- Ադրբեջանի՝ առաջին հերթին։

- Չէ, դե, դա հասկանալի է։ Ես Ադրբեջանի մասին չեմ խոսում, որովհետեւ անհասկանալի է, թե այս երկիրը որտեղից է ղեկավարվում։ Էրդողանի կողմից։ Բայց ես խոսում էի ԵԱՀԿ ՄԽ-ի մասին։ Տեսեք․ Ֆրանսիան չկարողացավ Գերմանիայի հետ պայմանավորվել Թուրքիայի դեմ սանկցիաներ սահմանելու հարցում։ Մինչդեռ սա կլիներ Արցախում պատերազմի դադարեցման ամենառեալ քայլը։ Սա չարվեց, ԱՄՆ-ն չկարողացավ ճնշում գործադրել Մեծ Բրիտանիայի վրա։ Ասածս այն է, որ պետք է աշխատեք այդ ուղղություններով։ Բայց նաեւ այն էֆեկտը, որի սպասումն ունի Երեւանը, չկա ո՛չ Ֆրանսիայի, ո՛չ ԱՄՆ-ի կողմից։

- Բայց չէ՞ որ ո՛չ Ֆրանսիան, ո՛չ ԱՄՆ-ն Կովկասում չեն։ Կովկասում Ռուսաստանն է։

- Ո՞ր դեսպանատունն է, որ Երեւանում ամենամեծ տարածքն ունի՝ ԱՄՆ-ի։ ԱՄՆ-ն մեծ ազդեցություն ունի այն մարդկանց վրա, որոնք շրջապատում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Դրա համար, իմ կարծիքով, նրանք թերացել են։ Մյուս կողմից, Ռուսաստանը երբեւէ պարտավորություններ չի ունեցել Արցախի գոտում պատերազմական գործողություններ տանելու առումով։ Ռուսաստանը «փակել է» Հայաստանի Հանրապետությունը՝ Ադրբեջանի տարածքով զորքեր մտցնելու սպառնալիքի առաջ՝ թույլ չտալու, որ այդ զորքերը լինեն ՀՀ տարածքում։ Սա Ռուսաստանի պարտավորության շրջանակներում է, բայց Ռուսաստանը չի պարտավորվել կռվել Արցախի տարածքում։ Ռուսաստանն աջակցություն հատկացնում է։

- Ինչպիսի՞։

- Ռազմական։ Պարզապես այդ մասին, ի տարբերություն այլ երկրների, ամեն անկյունում չի տարփողում։ Չի խոսում այդ մասին։ Մատակարարումները շարունակվում են, ռազմական աջակցությունը՝ սպառազինությունների տեսքով, կա։ Բայց Ռուսաստանն Արցախում չի կռվում։ Սխալվում են նրանք, եթե կարծում են, որ ՌԴ-ն պետք է կռվի նաեւ Արցախում։ Բայց, ցավոք, երկրները, որոնք կարող էին Ռուսաստանին օգնել, կասեմ այսպես՝ բավարար չափով չեն օգնում։

- Մարիա Զախարովան հայտարարում է, որ Արցախում կան մինչեւ արմունկներն արյան մեջ թաթախված գրոհայիններ, ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Պատրուշեւը վերահաստատում է նախկինում ասվածը։ Այդ դեպքում ի՞նչն է խանգարում Ռուսաստանին՝ ոչնչացնել վարձկանների ճամբարներն Արցախում, ոչ թե Իդլիբում։ 

- Պրոբլեմը տեսեք, թե որն է․ Սիրիայի այդ գրոհայինները կրում են ադրբեջանական բանակի համազգեստ, գտնվում են ադրբեջանական բանակի շարքերում։ Նրանց հարվածներ տեղալը հանգեցնելու է ադրբեջանական զինծառայողների ոչնչացմանը, ինչը կնշանակի, որ ՌԴ-ն պատերազմում է Ադրբեջանի դեմ։ Սա պատերազմ է Ադրբեջանի դեմ։ Սա է խնդիրը։ ՌԴ-ն Իդլիբից փորձում է մաքսիմալ կերպով պակասեցնել գրոհայինների հոսքը Ղարաբաղ։ Նրանք չեն էլ ուզում արդեն գնալ Արցախ, որովհետեւ, նախ՝ ադրբեջանցիները շիաականներ են, երկրորդը՝ շատ մեծ են կորուստները․ 2500-ից 250-ն արդեն սպանված է։ 180 մարմին արդեն տեղափոխվել է։ Եվ, կրկնում եմ, Սիրիայում գործելով՝ ՌԴ-ն փորձում է մաքսիմալ կերպով նվազեցնել գրոհայինների հոսքը։ Եվ կա մի հանգամանք եւս․ եթե ՌԴ-ն ներքաշվի Ադրբեջանի դեմ պատերազմի մեջ, պատերազմի մեջ է ներքաշվում նաեւ Թուրքիան։ Սա հայերին բոլորովին պետք չէ։ Արդեն հիմա Թուրքիան իր ռազմական ներկայությունն ավելացնում է Ադրբեջանում։ Այնպես որ, օգնել կարող ենք, բայց կռվել՝ ոչ։

- Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ հայերը ենթարկվել են ցեղասպանության, նաեւ հիշատակեց Բաքվի ու Սումգայիթի դեպքերը։ Հիմա․ թուրքերը Շուշիում են, երեկ հայկական զինուժը հերոսական մարտեր մղելով՝ նրանց հետ է շպրտել։ Բայց չէ՞ որ սա շարունակվելու է, եւ Ադրբեջանին չեն կանգնեցնելու այդ էժան՝ թնդանոթի միս գրոհայինների ահռելի կորուստները։ Հայերն ինչքա՞ն կարող են դիմագրավել։ Իսկ եթե ընկնի Շուշին, Արցախը դատապարտված կլինի։ Կլինի նոր ցեղասպանություն, Արցախում բնակչություն չի մնա։ Այդ դեպքում Վլադիմիր Պուտինի խոսքերն ի՞նչ արժեք ունեն։

- Որքանով ես եմ տեղյակ՝ Շուշիի բնակչությունն էվակուացվել էր կամ՝ մասնակիորեն։ Ստեփանակերտ են տեղափոխում նրանց, ովքեր չեն կարող կռվել։ Եվ սա հայերի համար հարկադրված միջոց է։ Եվ ինչպես էլ Արցախում դասավորվի իրավիճակը, ես հիպոթետիկ մակարդակով, բայց կարծում եմ, որ այնտեղ ոչ ոք չի ապրելու։ Ադրբեջանցիները ոչնչացնում են ամենը, ինչ այնտեղ կա։ Նրանք ուզում են, որ այս հողը ոչ մեկինը չլինի։ Այս առումով, իրենց քաղաքականությունը հասկանալի է։ Ռուսաստանի քաղաքականությունն այն է, որ ցեղասպանության կրկնությունն անթույլատրելի է։ Եվ ՌԴ-ն սա վերահաստատեց։ Նաեւ մի այսպիսի բան․ կարծում եմ, որ երբ Վլադիմիր Պուտինն այդ մասին հայտարարում էր, նա, ամեն դեպքում, նկատի ուներ Հայաստանի Հանրապետությունը։ Եվ եթե Հայաստանը ճանաչեր Արցախը, միանար Հայաստանի հետ, նա այդ քաղաքականությունը կտարածեր ողջ տարածքի վրա։ Բայց Երեւանը չճանաչեց Ստեփանակերտը, եւ Արցախն անկախ պետություն է։ Եվ նույնիսկ այս տեսանկյունից շատ դժվար է Վլադիմիր Պուտինի խոսքերը մեկնաբանել այնպես, իբրեւ թե նա նկատի է ունեցել նաեւ Լեռնային Ղարաբաղը։ Եվ ես էլ Արցախի համար անհանգստանում եմ ոչ պակաս, քան դուք։ Բայց, ցավոք, մենք հիմա երկարատեւ պատերազմի փուլ ենք մտնում։ Հավատում եմ, որ երկարատեւ պատերազմում հայերը կհաղթեն։ Բայց սա շատ մեծ զոհերի գնով կլինի։ Եվ նաեւ հնարավոր եմ համարում, որ ձեր կողմից կռվեն Դոնբասի կամավորները։ Սա ճիշտ կլինի, ու մենք նման փորձ ունենք Լիբիայում, երբ Ռուսաստանը ֆորմալ առումով այնտեղ չէր կռվում, բայց իրականում կռվում էր։ Ու կռվում էր թուրքերի դեմ։ Եվ ես շատ հավանական եմ համարում, որ ամեն ինչ ստանա այն տեսքը, որի մասին խոսում ենք։ Այսինքն՝ մաքսիմալ մեծ աջակցություն։