Եթե ծնողն այդ շանսից էլ չի օգտվում, ապա նրա խոսելը դառնում է անիմաստ

Եթե ծնողն այդ շանսից էլ չի օգտվում, ապա նրա խոսելը դառնում է անիմաստ

Երեխաների որդեգրման վերաբերյալ վերջին աղմկահարույց իրադարձությունների հետ կապված՝ զրուցել ենք ընտանեկան իրավունքի մասնագետ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, իրավագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ  Արմեն Հայկյանցի հետ։ Նա ասաց, որ որդեգրման 2 տարբերակ կա․ «Ունենք ներպետական եւ օտարերկրյա որդեգրում։ Երբ երեխան որդեգրվում է ՀՀ քաղաքացիների կողմից, սա ներպետական որդերգրում է, օտարերկրյա որդեգրումն այն է, երբ ՀՀ քաղաքացի երեխան որդեգրվում է օտարերկրյա քաղաքացիների կողմից եւ արտասահմանում բնակվող ՀՀ քաղաքացիների կողմից»։

- Ո՞ր երեխաներն են ենթակա որդեգրման, եւ ի՞նչ է որդեգրումն ընդհանրապես։

- Որդեգրումը առանց ծնողական խնամքի եւ դաստիարակության մնացած երեխաներին ընտանիքներում տեղավորելու առավել նախապատվելի եղանակն է, որը նախատեսված է ՀՀ օրենսդրությամբ։ Եթե երեխան չի համարվում առանց ծնողական խնամքի եւ դաստիարակության մնացած, ուրեմն նա որդեգրման ենթակա չէ։ Մենք պետք է հասկանանք, թե  որ երեխաներն են, որոնք մտնում են այդ կատեգորիայի մեջ։ Դրանք այն երեխաներն են, որոնց ծնողները բացակայում են, ծնողները մահացած են հայտարարվել, անգործունակ են ճանաչվել, մեկ տարի շարունակ հրաժարվել են զբաղվել երեխայի խնամքով եւ դաստիարակությամբ, կամ ծնողը զրկված է ծնողական իրավունքներից։ Այս պայմաններում երեխան հայտնվում է թիրախային վիճակում, նա իր տարիքի բերումով չի կարող ինքն իրեն խնամել եւ ինքնադաստիարակվել, եւ անհրաժեշտ է համապատասխան անձի ներկայությունը։ Երբ երեխան զրկվում է նման օբյեկտիվ հնարավորությունից, պետությունը ստանձնում է այդ դերակատարումը։ Երբ հերթը հասնում է պետությանը, այն սահմանում է կոնկրետ օրենսդրական մեխանիզմներ, որպեսզի դրանց կիրառմամբ երեխան հնարավորինս դուրս գա այդ իրավիճակից։ Մենք ունենք պետական մարմիններ, որոնք զբաղվում են նման երեխաների հայտնաբերմամբ։ Առաջինը խնամակալության հոգաբարձության մարմիններն են, որոնք օրենքով ՏԻ մարմիններն են։ Երբ նրանք հայտնաբերում են նման երեխաների, հաշվառում են, նրանց ապահովում են ժամանակավոր խնամքով եւ դաստիարակությամբ, տվյալները փոխանցում են մարզպետարաններին։ Մարզպետարանն իրականացնում է միջանկյալ հաշվառում, եւ տվյալները փոխանցում են լիազորված մարմնին՝ տվյալ դեպքում աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարությանը, այնտեղ էլ իրականացվում է երեխաների կենտրոնացված հաշվառում։ Այսինքն՝ ստացվում է, որ այդպիսի երեխաները պետության կողմից ֆիքսվում են եռաստիճան հաշվառման համակարգով։ Հաջորդ հարցն այն է, թե երեխաներին որտեղ եւ ինչպես տեղավորել, որպեսզի իրականացվեն նրանց պատշաճ խնամքն ու դաստիարակությունը։ Երեխաներն առաջնահերթորեն ունեն իրավունք՝ ընտանիքում դաստիարակվելու, դա երեխայի առաջնահերթ իրավունքն է, պետությունն առաջին հերթին փորձում է ստեղծել ընտանեկան միջավայր երեխայի համար։ Դրա առաջին մեխանիզմներից մեկը հենց որդեգրումն է։ Ընտանեկան օրենսգիրքը սահմանում է ընտանիքում տեղավորելու մի քանի եղանակ՝ որդեգրում, խնամակալություն, խնամատար ընտանիք։ Եթե այս երեք հնարավորությունները չկան, ապա նոր երեխան հանձնվում է սոցիալական պաշտպանության հիմնարկներ՝ մանկատներ։ Որդեգրման հիմնական նպատակը, երեխայի լավագույն շահը հաշվի առնելով, նրա խնամքի եւ դաստիարակության հետագա ապահովումն է հնարավորինս ընտանեկան միջավայրում։

- Ո՞ր դեպքում է երեխայի որդեգրումը կատարվում ծնողների համաձայնությամբ եւ ո՞ր դեպքում՝ առանց համաձայնության։

- Երեխան առանց ծնողների հայտարարության կարող է որդեգրվել օրենքով սահմանված մի քանի դեպքերում․ եթե երեխայի ծնողներն անհայտ են, եթե երեխայի ծնողները զրկվել են ծնողական իրավունքից, եթե անհայտ բացակայում են կամ մահացած են ճանաչվել, եթե անգործունակ են ճանաչվել եւ եթե ծնողները մեկ տարի շարունակ խուսափում են երեխայի խնամքն ու դաստիարակությունը կազմակերպելուց։ Այս դեպքերում նրանց համաձայնությունը չի ենթադրվում։ Դրությունը մի փոքր բարդանում է, երբ այս հիմքերը չկան, բայց ծնողը տալիս է համաձայնություն։ Այսինքն՝ հնարավոր է երեխայի որդեգրում ծնողի համաձայնությամբ կամ ծնողական իրավունքներից ծնողի հրաժարման դեպքում։ Ծնողի համաձայնությամբ երեխան կարող է որդեգրվել միայն մեկ դեպքում․ եթե երեխան ունի մեկ ծնող։ Ընտանեկան հարաբերությունները շատ քիչ ծավալով են կարգավորվում օրենսդրությամբ, մնացած մասը մնում է բարոյական, ավանդույթների դաշտում, մարդկային, հումանիստական արժեհամակարգում։ Օրենքը թույլ է տալիս, որ ծնողը հրաժարվի երեխայի նկատմամբ պարտականություններից, բայց չի պարտավորեցնում հիմնավորել, թե ինչ դրդապատճառով, հաշվի է առնում ընդամենը նրա ցանկությունը, դա նրա խիստ անձնական իրավունքն է։ Ծնողական իրավունքներից հրաժարվելը տեղի է ունենում սահմանված ձեւով դիմում գրելով, այդ դիմումի ձեւը սահմանում է կառավարությունը։ Դա նշանակում է, որ նույնիսկ դիմումն ազատ ձեւով չի լինում, պետությունն այդ հարցը վերցրել է իր վերահսկողության ներքո։ Անձը, որը լրացնում է այդ դիմումը, որով հրաժարվում է իր ծնողական իրավունքներից, դա չի իրականացնում մեկուսի, դա վավերացվում է որոշակի անձանց կողմից։ Կարող են ծնողի վրա նեգատիվ իմաստով ազդել, որ նա հրաժարվի իր երեխայից, բայց այս ընթացակարգերը թույլ են տալիս, որ ծնողը հնարավորինս ճողոպրի, եւ կերեւա, որ ծնողին ստիպել են հրաժարվել, եւ նա դա կամավոր չի արել։ Դիմումը վավերացվում է նոտարական կարգով, եթե դիմումը գտնվում է ծնողի գտնվելու վայրում, իսկ նոտարական վավերացումը ենթադրում է որոշակի գործընթաց, որի ընթացքում կարող է ի հայտ գալ՝ ծնողը դա անում է կամովի՞, անում է դա վճարման հիմա՞ն վրա, այսինքն՝ նյութական շահագրգռվածությամբ, որն արգելված է օրենքով։ Եթե նոտարական վավերացմամբ չի լինում, ապա դիմումը պետք է հաստատի այն կազմակերպությունը, որտեղ գտնվում է երեխան՝ կազմակերպության ղեկավարի կողմից։ Բայց այստեղ էլ է օրենքը հաշվի առնում, որ նրանք երկուսով օբյեկտիվությունը չեն կարողանում ապահովել, եւ անպայման նախատեսում է, որ այդ դիմումի հաստատումը լինի սոցիալական ոլորտի կազմակերպության տարածքային կառույցի ներկայացուցչի պարտադիր ներկայությամբ։ Ես սա ասում եմ այն բանի համար, որ տեսնենք, որ ծնողները, որոնք հետագայում ասում են, որ ինչ-որ մեկն ազդեց իրենց կամքի վրա, եւ իրենք չհասկացան, ապա օրենքի այնպիսի մեխանիզմներ են նախատեսվում, որ հնարավորինս նրանց պետք է օգնեն, որ նա հասկանա, թե ինչ է անում։

- Ծնողական իրավունքներից հրաժարված ծնողը կարո՞ղ է հետագայում հրաժարվել իր այդ որոշումից, դա ի՞նչ իրավական հետեւանքներ ունի։

-  Օրենքը տալիս է նման ծնողներին շանս՝ շտկելու այդ սխալը, եթե գտնում են, որ սխալ համաձայնություն են տվել։ Երեխան որդեգրվում է դատական կարգով։ Մինչեւ դատարանի՝ որդեգրման վերաբերյալ վճռի օրինական ուժի մեջ մտնելը, ծնողներն իրավունք ունեն հրաժարվել իրենց այդ դիմումից։ Դիմումը տալուց հետո եթե գործընթացը հասնում է նրան, որ երեխան որդեգրվում է, դա օրերի հարց չէ, դա կարող է ամիսներ տեւել, եւ ծնողին միշտ տրվում է հնարավորություն՝ հասկանալու, որ եթե սխալ է վարվել, գնա եւ վերացնի։ Դրա համար որեւէ պատասխանատվություն չի նախատեսվում, նա վախենալու բան չունի։ Եթե համաձայնությունը տալու պահին ազդել են նրա կամարտահայտության վրա, նա չի կողմնորոշվել, վախեցել է եւ այլն, օրենքը թույլ է տալիս սխալը շտկել։ Եթե դա էլ չի անում, եւ դատարանի որոշմամբ երեխան որդեգրվում է, դրանից հետո ծնողի խոսելը դառնում է անիմաստ։

Շարունակելի