Արգելել կառավարությանը՝ հաստատել ընտրության արդյունքները 

Արգելել կառավարությանը՝ հաստատել ընտրության արդյունքները 

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնի հավակնորդ Դավիթ Ղազարյանը դատական հայց է ներկայացրել Պոլիտեխնիկի դեմ՝ ինչպես ինքն է նշել՝ «խայտառակ ընտրության» արդյունքները չեղարկելու պահանջով, որն ընդունվել է վարույթ․ «Հաջորդ հայցով միջնորդել եմ կիրառել հայցի ապահովում՝ արգելել ՀՀ կառավարությանը հաստատել այդ ընտրության արդյունքները։ Սրա վերաբերյալ որոշումը կլինի 1-2 օրվա ընթացքում»։

Հիշեցնենք, որ մարտին կայացած ռեկտորի ընտրության 1-ին եւ 2-րդ փուլերի արդյունքները շարունակում են վիճելի մնալ, քանի որ 2-րդ փուլի ժամանակ հանձնաժողովի նախագահը հրաժարվեց արձանագրել ընտրության արդյունքները՝ ընդգծելով մի քանի քվեաթերթիկների անվավերությունը, որից հետո հանձնաժողովի անդամները, գործելով առանց նախագահի, 3/2 հարաբերակցությամբ հոգաբարձուների խորհրդի հաստատմանն էին ներկայացրել ռեկտորի քվեարկության արդյունքները: Սակայն մրցույթից հետո պարզվել էր, որ քվեարկության արդյունքները ստորագրել է հաշվիչ հանձնաժողովի ոչ թե 3 անդամ, այլ՝ 2։ Դրանից հետո ընտրական գործընթացը հայտնվեց ԿԳՄՍՆ-ի ուշադրության կենտրոնում, որը պետք է քննարկեր՝ համապատասխանո՞ւմ է գործընթացը ընտրական կարգին, թե՞ ոչ, ինչից հետո կառավարությունը կա՛մ կհաստատի ընտրության արդյունքները, կա՛մ՝ ոչ։

Այդուհանդերձ, ԿԳՄՍ-ն որոշել է դրական եզրակացություն տալ ռեկտորի ընտրության արդյունքներին եւ ներկայացնել կառավարության հաստատմանը, ինչը Դ․ Ղազարյանը անընդունելի է համարում, նախ, որովհետեւ հիմք չկա հաստատելու, կազմված պաշտոնական արձանագրության մեջ կա ընդամենը 2 ստորագրություն, ոչ թե՝ 3, եւ հետո դրանով կառավարությունը կօրինականացնի խարդախություններով ու խախտումներով կազմակերպված ընտրություն կոչվածը։    

Խնդիրը նրանում է, որ պաշտոնական արձանագրությունից բացի կա նաեւ ձեռագիր արձանագրություն, որտեղ արդեն 3 հոգու ստորագրություն է առկա․ «Այսինքն այն մարդը ով հրաժարվել է հետո ստորագրել է այդ հաշվիչ հանձնաժողովի արձանագրության տակ։ անվավեր քվեթարթերիկների մասով միջանկյալ մի արձանագրություն են կազմել՝ ձեռագիր գրված, որտեղ ոչ ամսաթիվ կա նշված, ոչ արձանագրության ձեւն է պահված, ոչ հասկանալի է ինչի մասին է խոսքը եւ դա հիմք են ընդունում, որն ուղղակի աբսուրդ է»,-ասում է Դ․ Ղարզարյանը, ով 2 արձանագրություններն էլ հրապարակել է իր էջում եւ հորդորել ու պահանջել կառավարությանն ու ԿԳՄՍՆ-ին չհաստատել ՀԱՊՀ ռեկտորի ընտրության արդյունքները եւ դրանով չկագնեցնել ավելի մեծ խնդրի առաջ։  

Դ․ Ղազարյանը հույս ունի, որ այսօրվա կառավարության նիստում կամ հարցը օրակարգում չի ընդգրկվի կամ էլ չեն հաստատի արդյունքները, որից հետո կլինի ռեկտորի եւ հոգաբարձուների նոր կազմի ընտրություններ։ Նա կարծում է, որ հոգաբարձուների խոհրդի նախագահ Հովիկ Մուսայելանը կարող էր շատ բաների «դեմն առնել», բայց չարեց դա․ «Չեմ կարող ասել, թե դրա պատճառները ինչն էին, որովհետեւ բավականին բաներ կային, որ ինքը որպես նախագահ կարող էր չհասցնել այս ամենին, ընդորում հարցը միայն ընտրության օրվան չի վերաբերում, այլ նաեւ մինչեւ ընտրություն շրջանին, որը բերեց հասցրեց այս փակուղու առաջ»։  
  
Ինչ վերաբերում է իր հայցին, ապա դատական այս հայցը միայն իր անունից է, բայց տեղյակ է, որ ռեկտորի մյուս հավակնորդները եւս պատրաստվում են դիմել դատարան, ուղղակի սպասում են նախարարության եւ կառավարության որոշմանը․ «Եթե կառավարությունը հաստատի արդյունքները իրենք էլ են դիմելու, բայց ես չեմ սպասել կառավարության հաստատմանը՝ ինչ որ բաներ ենթազգալով»,- ասում է Ղազարյանն ու նկատում, որ հաշվի առնելով մեր դատական համակարգի ծանրաբեռնվածությունը դատական գործընթացը կարող է երկար տեւել՝ գուցե տարուց ավել․ «Այդ պատճառով ես նաեւ դիմել եմ, որպեսզի հայցի ապահովման համար արգելեն որեւէ գործողություն այս պրոցեսի վերաբերյալ, որը անձամբ ինձ էլ դուր չի գալիս, որովհետեւ եթե այդքան ձգվի, ուրեմն համալսարանը այդքան ժամանակ ռեկտոր չի ունենալու, ինչը ինձ համար ընդհանուր առմամբ վատ սցենար է։ Բայց դա այն քայլն է, որին ես ստիպված եմ գնալ, որպեսզի թույլ չտամ, որ մեր կառավարությունը աչք փակի մի բանի վրա, որտեղ ուղղակի հաստատելու բան չկա»։