Եկեք ծուռը նստենք, դուզը խոսենք

Եկեք ծուռը նստենք, դուզը խոսենք

Եկեք ծուռը նստենք, դուզը խոսենք

Մենք՝ լրագրողներս, իրականում, լուր տալուց բացի նաև ուժեղ փիառշիկներ ենք, ես կասեի՝ ուժեղ սև փիառշիկներ։ Մենք կարող է իրենից ոչինչ չներկայացնողին դարձնենք հայտնի, հերոս, «կինոյի դեմք», և իրական հերոսներին ոչնչացնենք, դարձնենք զրո։ Ցավոք սրտի։

Շատ հաճախ մենք չենք գիտակցում, թե մեր գրած իբր սուր, քննադատական հոդվածը իքս պաշտոնյայի, քաղաքական գործչի մասին, իրականում, ինչ մեծ օգուտ է տալիս նրան։ Մինչդեռ մեզ թվում է, թե մենք հերթական «փիս» հոդվածն ենք գրել հերթական մեկի մասին, ու հեսա երևի էլի կնեղանան մեզանից, թե բա՝ «ինքը գիտե՞ք ինչ լավ մարդ ա, խի՞ եք տենց բաներ գրում իրա մասին»։

Բերեմ մի քանի օրինակ սեփական փորձից:

1․ Վերջին շրջանում մի քանի անգամ առիթ ունեցա գրելու ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանի մասին, որ Անանյանի գնալուց հետո նրա ձեռքերը բացվել են, ազատություն է ստացել, և արդեն ինքն է որոշում՝ ում ազատի, ում նշանակի և այլն։ Ու էդ ամենը ներկայացրել էի իբրև թե բացասական կոնտեքստում՝ ըստ այդմ քննադատական երանգով նկարագրելով ՊԵԿ փոխնախագահի կերպարը։ Բայց արի ու տես, որ ես էդ տիկնոջը իմ «հուժկու քննադատությամբ» զոռով սարքեցի ՊԵԿ-ում հարց լուծող։ Գուցե ինքը էդքան չկար, բայց ես նրան դարձրի այդպիսին։ Հիմա շատերը արդեն մտածում են, որ ՊԵԿ-ում Շուշոն ա ռուլիտ անում, և պետք է միայն իր հետ գործ բռնել՝ դրանից բխող տարատեսակ հետևանքներով։

2․ Սահմանադրական վերջին բոլոլաների ժամանակ իմ շատ այլ կոլեգաների նման ես էլ քանիցս առիթ ունեցա անդրադառնալու իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանին, ով զեկուցում էր ՍԴ-ի վերաբերյալ նախագծերը։ Եւ անդրադառնում էի՝ նրան քննադատելով, հեգնելով, թե «սահմանադրագետ», «իրավաբանական մտքի գիգանտ» Վահագն Հովակիմյանը ՍԴ-ի մասին նախագիծ է գրել՝ հերիք չէ, մի բան էլ զեկուցում է։ Ու էդպես էնքան գրեցինք, մինչև որ արդեն Վահագն Հովակիմյանն էլ է երևի սկսեց հավատալ, որ ինքն իսկապես թույն իրավաբան է։ Նույնսիկ ես եմ արդեն հավատաում իմ կերտած հերոսի կերպարին, որ նա «այնպիսի հզոր իրավաբան է» է, որն ի զորու է մի գիշերում Սահմանադրություն փոխել։ Կարճ ասած՝ անվախ հերոս, քաջն Վահագ, որ մին զարկի, օրենք փոխի։

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանին գուցե այդպես էլ չհաջողվեց Վահագն Հովակիմանից նորմալ լրագրող ստանալ, փոխարենը Նիկոլը Վահագին պատգամավոր դարձրեց, մենք էլ նրանից սահմանադրագետ կերտեցինք։ Մեղավո՞ր ենք մենք այդ հարցում, թե՞ ոչ։ Չգիտեմ։ Գուցեև մեղավոր ենք։

3․ Վերջին թարմ դեպքն էլ Հայկ Սարգսյանի կազմակերպած փարթին էր, որի մասին առաջինը ես «ավետեցի»։ Թվում էր՝ դարի սկանդալն է, հեսա Հայկին մանդատից կզրկեն, նրա ռեպուտացիան անկում կգրանցի, հասարակությունը նրան վատ աչքով կնայի։ Բայց ոչ, մենք ընդամենը հերթական PR-ը ապահովեցինք Հայկի համար, ով սիրում է հենց աղջիկների հետ կայֆեր անել, փարթիներ կազմակերպել (ի տարբերություն այս իշխանությունում ոմանց), և հետո գովազդեցինք նրա լողափը, որը «ուրիշի անունով է, բայց դե բոլորս էլ գիտենք, որ նրան է պատկանում»։ Մարդը 10 հազար դրամ տուգանվելով՝ ուժեղ գովազդ ապահովեց իր բիզնեսի համար, որովհետև արդեն շատերը ցանկություն են հայտնում գնալ և օգտվել այդ «սկանդալային» լողափի փարթիներից։

Հիմա հարց, մենք՝ լրագրողներս, լա՞վն ենք, թե՞ վատը։ Մենք լա՞վ ենք անում, որ սուր հոդվածներ ենք գրում, մարդկանց քննադատում ենք, «սկանդալային բացահայտումներ» ենք անում, թե՞ վատ ենք անում՝ պետք է նրանց մասին միայն լավը գրել և ուղարկել մոռացության գիրկը: 

PS. Հարստանամ, գովազդային գործակալություն եմ բացելու, անունը դնեմ Black PR Agency:

#Կեսկատակ
#Կեսլուրջ