Ո՞վ է պառակտում ազգը
Բառերն անզոր են արտահայտելու այն, ինչ այսօր զգում է յուրաքանչյուր հայ մարդ։ Բոլորիս հայացքներն ուղղված են դեպի Արցախը, բոլորիս աղոթքները՝ առ Աստված։ Եվ միանգամայն ավելորդ են համախմբման կոչերը, որովհետեւ այսօր բոլորս միասնական ենք մեր ցանկությունների ու նպատակների մեջ․ օր առաջ ավարտվի այս արյունոտ պատերազմը, մեր զավակները վերադառնան իրենց օջախները, խաղաղություն հաստատվի Արցախում, եւ վերջապես լուծվի 30 տարի ձգվող հարցը՝ Արցախը ձեռք բերի ազատություն, կայունություն եւ կարգավիճակ։
Բայց այս օրհասական պահին անգամ միասնականության կոչերի անվան տակ ոմանք ուղղակի թշնամանք ու ատելություն են սերմանում, հրահրում, սադրում, վիրավորում ու հայհոյում։ Եվ կարեւոր չէ, թե խոսքն ինչի մասին է։ Արցախյան պատերազմում կռված գեներալը՝ Մանվել Գրիգորյանը, կոչ է անում եւ հայտարարում, որ մեկնում է ռազմի դաշտ, անեծքի հեղեղ է հնչում։ Փաստաբանն ասում է՝ իմ կյանքի նպատակը դարձնելու եմ իրավական առումով թուրքերի հանցագործությունները բացահայտելը, անիծում են։
Երգչուհի Սիրուշոն Արցախից նկար է դնում, արշավ են սկսում նրա դեմ։ Աշոտյանն ասում է՝ գնում եմ բանակ, ատելության իսկական շքահանդես է սկսվում։ Մարգարիտ Եսայանը հայրենիքին սեր է բացատրում, քոմենթները չենք հասցնում ջնջել։ Ո՞ր մեկը թվարկես։ Միասնության կոչեր անողներն ու համախմբման մասին օր ու գիշեր բարբաջողները պետք է հասկանան, որ ազգը հենց իրենք են պառակտում։ Իրենց անմար ատելությունն է այսօր մեր երկրում նեգատիվ մթնոլորտ ու հույզեր առաջացնում։ Հետ քաշեք ձեր ֆեյքերին։ Վերջ տվեք ազգը սեւ ու սպիտակի բաժանելը։ Գլենդելում նստած հայ տանտիկիններ, դադարեցրեք պատերազմի քարոզչությունը։ Դուք չեք ապրում արկերի տարափի տակ՝ լռեք, մի շիկացրեք հայաստանյան մթնոլորտը։
Կարծիքներ