Երկի՜ր է վարի տալիս, թողնու՞մ է, որ Արմենին օգնենք․․․

Ժողովուրդը մի լավ խոսք ունի՝ ցավ տամ, ցավդ մոռանաս։ Այս իշխանությունը հենց այս սկզբունքով է առաջնորդվում։ Հայ ժողովրդին այնպիսի հարված է հասցրել, որ բաց վերքը արնածորում է։ Երբ բաց է վերքը, արնածորում է, ու վերքը մշակելու, արյունը կանգնեցնելու փոխարեն նրա «դալլաք բժիշկը» հիվանդի վերքին անընդհատ աղ է լցնում, անընդհատ փորում, ցավացնում, մրմռացնում, ի՞նչ է մնում վիրավորին։ Անընդհատ գոռալ, ցավից ճչալ ու օգնություն աղերսել։ Այնպիսի ցավ է հասցնում, որ նախորդ ցավը մարդը մոռանում է։ Ամեն անգամ ավելի սաստիկ ցավ։
Հայ ժողովուրդը հիմա այս վիճակում է, իսկ «դալլաք բժիշկը՝ աղը բռում պահած» , սպասում է՝ երբ վիրավորը ցավից չի գոռում՝ նորից աղ է շաղ տալիս վերքին․․․ Դալլաք բառի բացատրությունը մեր լեզվաբանները տիպիկ են բնութագրել ։
Այն նշանակում է վարսավիր, բաղանիքում լողացնող սպասավոր, արյուն առնող։ Արաբական բառ է, որը մեզ մոտ օգտագործվում է փոխաբերական իմաստով։ Մալխասյանի բառարանում այսպիսի դիպուկ բնութագրումների հանդիպեցի․ « Տգէտ ժողովուրդը մինչև հիմա էլ բժշկի փոխարէն դալլաքներին է դիմում։ Դալլաքը թրաշելիս երեսս կտրեց»։ Մալխասյանը մեր օրերի համար չէր պատկերացնում, որ իշխանությունը կարող է դալլաք լինել, որ նա ժողովրդի երեսը կտրելու փոխարեն, դանակը սիրտը կկոխի։ Այլապես կօգտագործեր «դալլաք իշխանություն» արտահայտությունը։ Մարդիկ, որոնք մասնագիտական համապատասխան կրթություն, փորձ չունեն, որոնք ազգություն չունեն ու մարդը նրանց համար իրենց դանակի օգտագործման փորձադաշտն է։ Մարդը նրանց համար լաթի կտոր է, որը կարող են կտրել, դզել, կցմցել, շպրտել, եթե իրենց պետք չէ, եթե իրենց «այլանդակ դեմքը չի գեղեցկացնում»։ Մենք ականատես ենք եղել ու լինում նման ողբերգության ։ Տասնյակ հազարավոր զոհերի ու հաշմանդամների կտրտված, հաշմված մարմիններ, որոնք առ այսօր տեր են կանչում։ Ականատես ենք եղել, թե ինչպես են մեքենայով անցնում հղիի վրայով ու երեխայի հետ անշնչացնում։ Ականատես ենք եղել դատավարություն կոչված կրկեսի ժամանակ քաղբանտարկյալների մահերի, նսեմացման։ Ականատես ենք եղել կացարանում 15 զոհված զինծառայողների անպատասխան մոխրացմանը։ Ականատեսն ենք Արցախի հանձնմանը, 120 հազար հայերի սովամահությանը, Հայաստանի մաս- մաս հանձնմանը․․․ Ամեն օր նոր ողբերգության, նոր ցավի ենք ականատես։
․․․ Ու այս ողբերգությունների ընդհանուր շղթայի մեջ ողբերգությունից, ցեղասպանությունից խոսող քաղաքական գործիչների կալանավորմանն ենք ականատես։ Վերջերս, երբ Արմեն Աշոտյանի կալանքով մտահոգ մարդիկ անհանգստանում, ակցիաներ էին անում, մեկը գրեց՝ երկի՜ր է վարի տալիս, թողնու՞մ է, որ Արմենին օգնենք․․․
Չի հանգստանում, «աղը բուռն առած» անընդհատ ցանում է հայ ժողովրդի բաց վերքի վրա, չի թողնում, որ Արցախ ու Հայաստան աշխարհի ցավը գեթ մի պահ հանգստանա։ Այս ամենը ներկայացրի այն ֆոնի վրա, որ հասկանաք՝ ժողովրդին ժամանակ չի տալիս մտածելու, անընդհատ փորում է վերքը, ցավացնում, նոր ողբերգություններ պատճառում, գնում անասնագոմեր և հայիլ- մայիլ կտրած ասում, որ կովերը լավ են ապրում․․․ Ինչո՞վ են լավ ապրում, որ նրանց արոտավայրերը խլել, թշնամու՞ն ես տվել։
Ո՞նց կարելի մոռանալ հոգնած, հյուծված, տունուտեղը, երկիրը կորցրած մարդու մրմունջը՝ երկի՜ր է վարի տալիս, թողնու՞մ է, որ Արմենին օգնենք․․․ Այդ հիասթափված մարդուն պիտի ասեմ՝ մեր ժողովուրդը ամեն ինչ, բոլորին հիշու՜մ է։ Ամեն օր հազարավոր գրառումներով հիշեցնում է իշխանության կողմից պատանդառված Արմեն Աշոտյանի և մնացածների մասին․․․ Պարզապես վերքը բաց է և «աղ անողը» պատրաստ կանգնած է,,։ Միակ փրկությունը ձեռքերը կապելն ու արգելելն է, որ աղը շաղ տա։ Դրանից հետո մենք կտեսնենք այն մեծ ողբերգությունը, որ նա պատճառել է մեզ, մեր երկրին։
Կարծիքներ