Կարմիր հրապարակի տոնական համերգը չեղարկել են. ի՞նչ է հայտնի Մայիսի 9-ի ծրագրից

Մոսկվայում որոշել են Մայիսի 9-ին Կարմիր հրապարակում կայանալիք տոնական համերգը բացառել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված ծրագրից։
Այս մասին հայտնի է դարձել Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի ստորագրած հրամանից։ Միջոցառման չեղարկման պատճառները չեն բացահայտվում։
Փաստաթղթի նոր տարբերակում պահպանվում է տոնական հրավառության վերաբերյալ կետը։ Որպես լրացուցիչ մաս ներառված է նաև Կարմիր հրապարակում բացօթյա թանգարանը։
Հիշեցնենք, որ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակը կնշվի Մոսկվայում, մայիսի 9-ին՝ Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթով։ Այն կսկսվի տեղական ժամանակով 10:00-ին։
Մայիսի 9-ին մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին սպասվում են տարբեր թեմատիկ ներկայացումներ, ցուցահանդեսներ, թատերական ներկայացումներ և համերգներ փակ վայրերում։
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին մասնակցելու համար Մոսկվա են ժամանելու մի շարք երկրների ղեկավարներ և պատվիրակություններ։ Ավելի քան 20 օտարերկրյա պետությունների ղեկավարներ հայտարարել են Ռուսաստանի մայրաքաղաք այցելելու իրենց պատրաստակամության մասին։
Մասնավորապես, Հաղթանակի օրը Մոսկվա կայցելեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան, Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելի, Բուրկինա Ֆասոյի նախագահ Իբրահիմ Տրաորեն, Աբխազիայի նախագահ Բադրա Գունբան, ինչպես նաև Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։
Հրավիրված են նաև Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոն և Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը։
Կարծիքներ