Բզեզի բունը

Բզեզի բունը

Դատական համակարգի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի բացասական վերաբերմունքը, թերեւս, հասկանալի է՝ ընդդիմադիր քաղաքական գործիչը 2 տարի նստել է քաղաքական պայքարի համար եւ ոչ մի կերպ չի մոռանում, որ դատավորներն են իրեն կալանքի սանկցիաներ տվել, դատապարտել։ Իհարկե, կարող էր քեն չպահել՝ մանավանդ դրանից 8-9 տարի է անցել, եւ ինքը հիմա այլեւս ընդդիմադիր գործիչ չէ, այլ՝ պետության ղեկավար։ Բայց անհիշաչարություն, պետական ինստիտուտների նկատմամբ հարգանք չենք կարող բոլորից պահանջել։ Թեեւ ենթադրվում էր, որ իր տխուր փորձը՝ դատարանների հետ առնչվելու, պետք է միայն օգնեին հասկանալու այդ համակարգի գերկարեւորությունը եւ դատավորների անկախության նշանակությունը։ Նաեւ պետք է գիտակցեր, որ ինչքան շատ է ճզմում եւ փորձում հնազանդեցնել այդ հսկա համակարգը, որը երկրի երրորդ իշխանությունն է եւ ոչ պակաս հզոր, քան իշխանության մյուս ճյուղերը, այնքան հակազդեցությունը մեծանալու է։

Եթե դու դատավորներին ստորացնում ես՝ «վնգստացող» անվանելով, եթե ԲԴԽ նախագահին ես փորձում նվաստացնել եւ փոխարինել մի դրածոյով, եթե դու ճնշում ես գործադրում մի քանի՝ քեզ ենթակա դատավորների նկատմամբ եւ անօրինական որոշումներ ես կորզում նրանցից, դատական համակարգը՝ իր ամբողջության մեջ, համարժեք պատասխանելու է քեզ։ Առաջին ատյանի դատարանի տված կալանքը վերաքննիչը բեկանելու է, դատախազության մեղադրանքը դատարանն է մերժելու, արդարադատության նախարարի միջնորդությունը՝ անհնազանդ դատավորին պատժելու, ԲԴԽ-ն։ Փաստաբանների պալատը քո դեմ հայտարարությամբ է հանդես գալու։ Համալսարանի իրավաբաններն ամեն օր բացահայտելու են քո օրենսդիրների տգիտությունը։ Սահմանադրական դատարանն է ընդվզելու։ Միջազգային ատյաններից են արձագանքներ լինելու եւ այլն, եւ այլն։