Վրաստանում չեն հանդարտվում. մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը
Ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներն ու նրանց կողմնակիցները Թբիլիսիում երթ են կազմակերպել ընդդեմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների, հայտնում է վրացական Փիրվելի հեռուստաալիքը։
Ցուցարարները հավաքվել են մայրաքաղաքի երկաթուղային կայարանում, որտեղ գտնվում է ընդդիմադիր «Լելո» կուսակցության գրասենյակը, իսկ այնտեղից շարժվել դեպի Ռուսթավելի պողոտա, որտեղ գտնվում է խորհրդարանի շենքը՝ մասնակցելու ժամը 19:00-ին նախատեսված հանրահավաքին:
Ընտրությունների արդյունքները չճանաչող երթի մասնակիցները ձեռքերում պահել են Վրաստանի և ԵՄ-ի դրոշները։ Նրանք պնդում են, որ երկրում ընտրությունները կեղծվել են և պահանջում են վերաքվեարկություն։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հավաքել է ձայների 53,93 տոկոսը։ Չորս ընդդիմադիր կուսակցություններ հաղթահարել են հինգ տոկոսի արգելքը՝ «Կոալիցիան հանուն փոփոխությունների»՝ 11,03 տոկոս ձայնով, «Միասնություն-Ազգային շարժում»՝ 10,16 տոկոս, «Հզոր Վրաստան»՝ 8,81 տոկոս, «Գախարիան՝ Վրաստանի համար»՝ 7,76 տոկոս։
Հավելենք նաև, որ երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ևս չի ճանաչել ընտրությունների արդյունքները։
Կարծիքներ