Զանգվածային ծեծկռտուք՝ Վրաստանի խորհրդարանում

Վրաստանի խորհրդարանում այսպես կոչված օտարերկրյա գործակալների մասին օրինագծի քննարկման ժամանակ կրկին զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել։ Նիստի ժամանակ ընդդիմադիր «Քաղաքացիներ» կուսակցության նախագահ Ալեկո Էլիսաշվիլին հարձակվել է խորհրդարանական մեծամասնության առաջնորդ և «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեի վրա՝ խոսելով «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի մասին»:
Իշխող կուսակցության կողմից երկրի խորհրդարան վերաներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը լայն արձագանք է գտել ընդդիմության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից և ստացել բացասական իմաստով «ռուսական օրենք» բնորոշումը։
Դրանից հետո դահլիճում կոլեկտիվ ծեծկռտուք է սկսվել։ Ավելի վաղ, այս օրինագծի հետ կապված քննարկման ժամանակ ևս ծեծկռտուք էր տեղի ունեցել։
Հավելենք, որ աղմկահարույց օրինագծի քննարկման հետ կապված լրատվամիջոցների և այցելուների մուտքը խորհրդարան սահմանափակվել է, հայտարարվել է «անվտանգության դեղին իրավիճակ»։
Վրաստանի ժամանակով 10:00-ին էլ տարբեր կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ բողոքի ակցիա են կազմակերպել խորհրդարանի շենքի մուտքի մոտ։ Բողոքի հիմնական ակցիան նախատեսված է ժամը 19:00-ին՝ խորհրդարանի շենքի մոտ։
Կարծիքներ