Հովիկ Աֆյան. Առաջին բառը

Հովիկ Աֆյան. Առաջին բառը

Երրորդ օրվա առավոտն էր: Երկիրն արդեն անձեւ ու անկազմ չէր, եւ խավար չէր տիրում անհունի վրա, Աստծո հոգին էլ ջրերի վրա չէր շրջում: Նա արդեն ասել էր` թող լույս լինի, եւ լույս էր եղել, եւ դա բաժանվել էր խավարից ու կոչվել էր ցերեկ: Նա արդեն բաժանել էր ջրերը՝ ջրերից, ու ստեղծվել էր երկինքը, եւ ահա, երրորդ օրն է, ու Աստված նորից անցավ ջրին. այն համատարած էր: Նա հավաքեց երկնքի տակ գտնվող բոլոր ջրերը մի տեղ, եւ երեւաց ցամաքը: Եվ Աստված տեսավ, որ բարի է… Անհեռատես Աստված:

Սպիտակ էր: Ձյունն Աստված չէր ստեղծել, բայց այն անդադար գալիս էր: Երեւի ամեն փաթիլը վստահ էր, որ հենց ինքն է ծածկելու աշխարհը: Բայց ինչ-որ անսանձ սեւ կետեր համառորեն չէին սպիտակում: Նույնիսկ շարժվում էին: Դանդաղ, բայց առաջ: Անխոնջ, համառ, ուժեղ... կետերը սեւ գիծ էին ստեղծել ու առաջ էին շարժվում Աստծո ստեղծած աշխարհում: Բայց ոչ, նրանք բարձրանում էին ծովից քիչ հեռու՝ սպիտակ սարը: Նրանք կանայք էին՝ սեւ շորերով: Կանանցից մեկին օգնում էին, որ բարձրանա: Երկու կողմից մտել էին թեւերն ու տանում էին: Կինը հեւում էր: Նա հղի էր:

...
Սարի սպիտակ գագաթներին Աստծո ոտնահետքերը կան: Երեւի դրա համար էլ պաշտամունքի վայրերն այնտեղ են ստեղծում: Քարանձավ էր: Ներսում մի արձան կար՝ երկար մազերով, ձկան պոչով, մեծ կրծքերով: Ծովի քարսիրտ աստվածն էր, որը երբեք չէր տեսել ծովը: Դիմացը խարույկի համար ամեն ինչ կար: Կանայք հերթով մտան Աստծո տուն ու վառեցին կրակը: Հղին տեղավորվեց Աստծո դիմաց: Ոչ ոք չէր խոսում. բառեր չկային: Դրանք Աստված չի ստեղծել, իսկ մարդիկ դեռ դրա կարիքը չունեին, նույնիսկ՝ կանայք: Հնչյուններ էին: Մեղեդի էր: Աշխարհում ստեղծված առաջին երգը: Սիրո՜ւն...

Կանայք սկսեցին մերկացնել հղիին: Ներսում արդեն տաք էր: Կրակը լուսավորեց ծովի աստծո դեմքը, ու թվաց, որ նա ժպտում է: Հղիին դա հույս տվեց: Նա նույնպես ժպտաց՝ Աստծուն ի պատասխան: Ամեն ինչ պատրաստ էր, ու կարելի էր սկսել: Ամենածեր կինը նստել էր հենց Աստծո կողքին, նա ամենաբարձրն էր երգում: Միջին տարիքի կանայք հղիի բացված ոտքերի առջեւ տեղավորվեցին, ավելի երիտասարդները երկրորդ շարքում կանգնած էին: Սկսվեց... Երեւաց: 

- Ի՜...,- բղավեց դիմավորողը: 

Նորամայրը խորը շունչ քաշեց ու ժպտաց: Բոլորը կրկնեցին դիմավորողին.

- Ի՜...

Երեխան տղա էր: Եվ Աստված տեսավ, որ բարի է: Քարսիրտը շարունակում էր ժպտալ, նորամայրը` նույնպես:

...
Օրորոցը ծովն էր: Գարնանայի՜ն: Օրորոցայինը՝ հալչող սառույցի ձայնը, ծովի շոփշյունը: Գարնանը ծովը նարնջագույն էր դառնում: Կանայք, Աստծո օրինակով, ցամաք էին ստեղծում ծովի մեջ՝ հենց իրենց նարնջագույն հանդերձանքով մտնելով ծովը: Կանայք շարժում են ծովը, որ դրա վրայի սառույցները շուտ հալչեն: Կապույտը բացվի: Գարնան ծեսն է: Բարի՜... Բառեր էլի չկան, երգն է` ծովածին:

Կապույտը շատանում է: Վերեւից նարնջագույնը դառնում է մի օղակ, որն ավելի ու ավելի է բացում կապույտը՝ հետ մղելով սպիտակը, սառը, սառույցը: Կանայք իրար ձեռք են բռնել ու շրջան կազմել՝ ծովում: Եթե նրանց հագի նարնջագույնը չլիներ, բոլորը ծովի մաս կլինեին: Առանձնանում են՝ ծովից եւ իրարից: Մեկն իր գլխաշորով է, մյուսը՝ առանց դրա, մեկը թեւերն ազատել է կտորից, մյուսը ծածկել է ամբողջ մարմինը: Ոչ մեկը մյուսին նման չէ: Բոլորն էլ կին են:

Վերջ: Արեւն է ու դրա աստվածը՝ ծովի մեջ՝ արեւաշողը: Երկրպագումն սկսվում է: Կանայք հավաքվում են արեւի եւ ծովի հպման կետում: Այն աշխարհի կենտրոնն է, արգանդը, ամենատաք վայրը: Մայրերը գրկել են իրենց դուստրերին: Տղա երեխաները մնացել են ափին: Նրանք ծով չեն մտնում: Միայն նորածինները, որ օրորվեն: Ծովը կնոջ տեղն է, ափը՝ տղամարդու, որ սպասի, որ հիանա: 


Տղամարդիկ ավելի են հեռանում ծովից՝ այն միշտ պահելով իրենց ներսում: Նրանց խնդիրը կշտացնելն ու մայրացնելն է: Վերջ: Կողքիդ կինը կուշտ է ու հղի, վերցրու նիզակդ ու առաջ՝ ծովից հեռու: Եթե ծերուկ չես, որ այրվես ափին, կամ տղա երեխա, որ ծովասառույցների վրա պառկես՝ մինչեւ որսորդ դառնալդ, ուրեմն նիզակդ ու հետեւում ծովը: Պատանիները մի պահ հետ էին նայում: Միայն մի պահ, թաց պահ: Արցունքն էր ստեղծվել, աշխարհում առաջինը տղամարդիկ են լացել՝ կանանց տեսքից, նրանց ու ծովի միասնությունից եւ այդ ծեսին իրենց մասնակցության անհնարինությունից:

Ծովում կանայք լրիվ մերկ են՝ ինչպես ծնվել են: Ամառային ծեսն է: Տա՜ք… Ամառը բացահայտում է բոլոր գաղտնիքները… Կնոջ մարմնի: Ոչ մեկը չի զարմանում, ոչ ոք չի վառվում, հիացող չկա. տղամարդիկ հեռու են: Քանի աշխարհում կին կա, զարմացողները, վառվողներն ու հիացողները տղամարդիկ են լինելու: Միայն նրանց կողքին կանայք հագուստի կարիք ունեն, որովհետեւ հագուստը ծածկում է մարմինը՝ բացահայտելով հոգին:

Ամառվա ծեսը մարմնի տոնն է, անհոգի՜, վայրի՜... Ծովից դուրս են գալիս կանայք, բարի՜: Ծիծաղն էր ստեղծվել, աշխարհում առաջինը կանայք են ծիծաղել, իրենց ու ծովի միասնությունից, այդ ծեսին իրենց մասնակցության հաճույքից:
...

Բոլոր գույները ճանապարհին են: Հողը թաց է, փափո՜ւկ: Սեւ գիծը բարձրանում է երփներանգ սարը: Աշուն է: Կանանցից մեկին օգնում են, որ բարձրանա: Երկու կողմից մտել են թեւերն ու տանում են: Կինը հեւում է: Նա հղի է: Ծովի քարսիրտ աստծո առջեւ խարույկ  են վառում: Բառեր դեռ չեն ծնվել, բայց դրանք բոլորի ներսում կուտակվել են ու շուտով դուրս պետք է գան: Կրակը լուսավորում է ծովի աստծո դեմքը: Նա չի ժպտում: Հղին մրսում է: Ամենածեր կինը տեղավորվում է Աստծո կողքին: 

Սկսվում է...

- Ո՜ւ...,-բղավում է դիմավորողը:

- Ո՜ւ...,- բոլորը կրկնում են դիմավորողին:

Երեխան աղջիկ է: Նորամայրը հետ է գցում գլուխը... Ծովի քարսիրտ աստվածը...

...
Ծովը հանգիստ է: Ափին սեւ հագուստով կանայք շարքով կանգնել են, ու ամենածեր կինը մոտենում ու համբուրում է նորամոր ճակատը: Աշխարհում ցավն էր ծնվել: Համբույրից: Համբույրով: Նորամայրը հասկացավ, որ ժամանակն է: Նորածին դստերը գրկին ամուր սեղմեց: Քնած էր: Նորամայրն առանձնացավ սեւ գծից ու շարժվեց առաջ՝ դեպի ծովը: Ալիք չկար, ու նորամայրը դողում էր: Նա զգաց, որ ոտքերն արդեն թաց են: Հիշեց քարսիրտ աստծո դեմքն ու զգաց, որ աչքերը եւս թաց են: Ծովը զոհասեղանն է: Աղջիկ-նորածիններին մայրերը պետք է այնտեղ դնեն ու դուրս գան ծովից՝ Աստծո կամքով: Հետո պետք է հնչի Քամու երգը, եւ կա՛մ Աստված կների նորամորը, կա՛մ կտանի նորածնին: Երբ երեխան նետվի ցամաք, ուրեմն աստված ներեց, եթե երգն ավարտվի, ու երեխան ծովում մնա, ապա տարավ: Նորամայրը դողում էր. ալիք չկար:

Քամու երգը դեռ երբեք այդքան սառը չէր հնչել նորամոր համար: Երկու կողմից բռնել էին թեւերը, որ ոտքերը չթուլանան: Աստծո առաջ ծնկելն անթույլատրելի էր. Աստված չպետք է տեսնի մեր թուլությունը: 

Նորամայրն ուզում էր, որ Քամու երգը երբեք չավարտվի: Երեխան զարթնեց ու ճչաց: Նորամայրը սառել էր՝ դեմքով: Կանայք ավելի բարձր սկսեցին երգել: Երեխան փոքրիկ ձեռքերը շարժում էր, ու փոքրիկ ալիք ծնվեց, որը նրան մի քիչ մոտեցրեց ափին, ապա ավելի հեռու տարավ: Երեխան ավելի ու ավելի հեռու էր գնում, ու նրա ձեռքերն ավելի արագ էին շարժվում, ու ճիչն ավելի սուր էր ծակում կանանց ականջները: Հանկարծ մայրը պոկվեց իրեն պահող կանանցից ու նետվեց ծովը: Նա հասավ երեխային ու հանեց նրան ծովից: Սեւազգեստ կանայք փակեցին իրենց դեմքերն ու սկսեցին գոռալ՝ ահից, որ Աստված տեսնում է այս հանցագործությունը, եւ իրենք դա թույլ տվեցին: Նորամայրը վազում էր: Նա ամուր սեղմել էր նորածնին ու վազում էր... Դեպի ափը չէ, դեպի ծովի հեռուն:

Գիշերը փոթորիկ եղավ ծովում, եւ նորամայրն անհանգիստ գրկեց որդուն, որ չէր քնում: Իսկ տղան, որ ձմռանը ծնվեց, ասաց առաջին բառը, իր չէ, աշխարհի. մամա:

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ