Նույնասեռական զույգ չի դիմել որդեգրման համար․ ովքեր կարող են երեխա որդեգրել եւ ինչ ընթացակարգով է դա ընթանում

Նույնասեռական զույգ չի դիմել որդեգրման համար․ ովքեր կարող են երեխա որդեգրել եւ ինչ ընթացակարգով է դա ընթանում

Ազգային անվտանգության ծառայությունն այսօր հաղորդագրություն է տարածել, որ բացահայտել է օտարերկրացիների կողմից հայաստանյան օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման դեպքեր:

Ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ Հայաստանի երկու քաղաքացիներ, օգտագործելով իրենց կապերը հանրապետական մանկաբարձական հաստատություններից մեկում, մի շարք գերատեսչություններում, ինչպես նաև մանկատներում, երկրի օրենսդրության կոպիտ խախտմամբ կազմակերպել են Հայաստանի քաղաքացի հանդիսացող երեք տասնյակից ավելի երեխաների որդեգրումները խնամքը ստանձնած Իտալիայի քաղաքացիների կողմից:
Իսկ թե ինչպիսի՞ն է որդեգրման կարգը, ովքե՞ր կարող են ՀՀ-ից երեխաներ որդեգրել, այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք ՔԿԱԳ գործակալության Միջազգային պայմանագրերի և ապոստիլի բաժնի պետ Ալբերտ Վիրաբյանի հետ։

Վերջինս նշեց, որ օտարերկրացիները ՀՀ-ից երեխա որդեգրելու իրավունք ունեն․ «Կարող են որդեգրել, որովհետեւ իրենք գրեթե նույն իրավունքներն ունեն նույն ոլորտում, ոնց ՀՀ քաղաքացիները, բացառություններ կան, որ նախապատվությունները տրվում են մեր քաղաքացիներին։ Օտարերկյա քաղաքացին պարզապես չի կարող մոտենալ իրավասու մարմնին եւ ասի՝ ուզում եմ ՀՀ-ից երեխա որդեգրել, ոչ մեկ իրենից փաստաթուղթ չի ընդունի, որովհետեւ կոնվեցիան արգելում է, ինքը երաշխիք պետք է ունենա։ Եթե երեխան որդեգրվեց, գնաց օտար տարածք, այդ պետությունը պետք է երաշխավորի երեխայի իրավունքները։ Եթե ինքը թույլտվություն չտա, այդ երեխան չի գնա»։

-Քանի որ այդ թեման այժմ շատ է քննարկվում, այսպիսի մի հարց․ օտարերկյա նույնասեռական զույգը կարո՞ղ է ՀՀ-ից երեխա որդեգրել։

-Ոչ, չի կարող։ Սահմանադրությունն ասում է՝ ինչ է ամուսնությունը, դա տեղի է ունենում կնոջ եւ տղամարդու միջեւ, նույնաբովանդակ տանում է ընտանեկան օրենսգիրքը։ Մեր համար ընդունում ենք, որ ամուսնությունը կնոջ եւ տղամարդու միջեւ է, ելնելով դրանից, դա անդրադառնում է բոլոր հարաբերություններում, ոչ միայն որդեգրման։ ՀՀ-ում չի գրանցվում նույն սեռի մարդկանց միջեւ ամուսնություն։ Ամուսիններ համարվում են կինն ու տղամարդը։ Մեզ երբեւիցե չեն ուղարկել նույնասեռական ամուսնությունների դիմում, որ ամուսինները լինելով նույնասեռ՝ ուզում են երեխա որդեգրել։

-Թիվ կա, թե քանի՞ երեխա է ենթակա որդեգրման։

-Արդարադատության նախարարությունը չի հաշվառում, թե քանի երեխա է որդեգրման ենթակա։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն է հաշվառում իրականացնում, ամբողջական ցուցակն իրենց մոտ է։ 

-ՀՀ-ից երեխա որդեգրողները շա՞տ են։

-Ես կարող եմ ասել, թե մեր մոտ ինչքան որդեգրող կա։ Բայց ընդհանուր առմամբ՝ ներքին, միջպետական որդեգրումները չեմ կարող ասել, որովհետեւ հաշվառումը մենք չենք իրականացնում։

-Որդեգրման համար գումար վճարվո՞ւմ է։

-Ոչ, վճար չկա, բացի որդեգրման ակտի համար պետական տուրքից եւ դատական ծախսերից։

-Այսինքն՝ դատարանի միջոցով է որդեգրումն իրականացվում։

-Որդեգրումն ավարտված է համարվում դատական կարգով։ Ներքին որդեգրումները կառավարության որոշումով են ստանում, իսկ միջազգային որդեգրումները մինչեւ դատարան մտնելը կառավարության կողմից քննարկվում եւ համապատասխան թույլտվություն է տրվում։

-Յուրաքանչյուր երեխայի համա՞ր քննարկվում է։

-Այո, յուրաքանչյուր երեխայի համար։

-Մի խոսքով՝ երկար պրոցես է։

-Բավականին ժամանակատար պրոցես է։ Օտաերկյա քաղաքացիները, եթե ուզում են ՀՀ-ից կամ ինչ-որ մի պետությունից որդեգրեն երեխա, իրենք իրենց պետության իրավասու մարմնին դիմելու ժամանակ արդեն անցնում են բավականին լուրջ ընթացակարգ։ Բացի նրանից, որ նրանք ներկայացնում են փաստաթղթերի ցանկ՝ աշխատանք, դատվածություն, առողջական վիճակ, եկամուտներ, իրենք անցնում են կենսապայմանների ուսումնասիրության, մասնագետները իրենց հետ զրույց են ունենում, 20 էջանոց զեկույց են պատրաստում։ Նոր այդքանց հետո պետությունը թույլտվություն է պատրաստում։ Մի քանի ամիս տեւում է։

-Դուք այսօրվա դեպքին ծանո՞թ եք, որ բազմաթիվ երեխաների անօրինական կարգով որդեգրման են տվել։

-Տեղեկություններ չունեմ՝ ինչի մասին է խոսքը։

-Մեկ անձը կարո՞ղ  է երեխա որդեգրել։

-Այո, կարող է, մեր օրենքով սահմանափակում չկա։