Հաջորդ քայլը դատավոր Աննա Դանիբեկյանինն է

Հաջորդ քայլը դատավոր Աննա Դանիբեկյանինն է

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը, մեզ հետ զրույցում մեկնաբանելով ՍԴ որոշման եզրափակիչ մասը, նշել էր, որ, սովորաբար, Սահմանադրական դատարանի որոշումներով պետք է վերականգնվի ստատուս քվոն, այսինքն՝ դատավարությունը պետք է գնա հետ այն պահից առաջ, երբ խախտումը սկսվել է, ինչը նշանակում է, որ գործը պետք է վերաբացվի։ 
Պարզաբանումներ ստանալու համար մենք զրուցեցինք Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանի հետ։

- Որո՞նք են լինելու Քոչարյանի պաշտպանական խմբի հաջորդ քայլերը։

- Մինչեւ որոշումը վերջնական չհրապարակվի, վերջնական չիմանանք՝ ինչ ազդեցություն է ունենալու, գործողություններ չենք կարող պլանավորել։ Հնարավոր է էնպիսի բովանդակություն լինի, որ որեւէ գործողություն կատարելու իմաստ չունենա, եւ դա արդեն հետագայի համար օգտագործվի, հնարավոր է նոր բողոքարկումներ անենք։

- Ո՞ր ատյանում, ի՞նչը կոնկրետ։

- Այն դատական ակտերը, որոնք տարածվել էին՝ խախտելով իրավունքը, հենվելով ՍԴ-ի ներկայիս դիրքորոշման վրա։ Եթե ՍԴ որոշմամբ արձանագրվում է, որ իրավունքի խախտում է տեղի ունեցել, ապա այդ դատական ակտերը կարող են վերանայվել։

- Լավ, երբ ասում եք՝ նայած, թե ինչպես կլինի ՍԴ պատճառաբանական մասում, ապա ինչո՞ւ էին ձեր պաշտպանական խմբի անդամները, Արամ Վարդեւանյանը հենց ՍԴ բակում հայտարարում, որ ՍԴ որոշումը նշանակում է, որ Քոչարյանը պետք է ազատ արձակվի։

- Եթե մենք հիմք ենք ընդունում, որ այդ ակտերը կայացվել են իրավունքի խախտումով, դրանք պետք է վերանայվեն։ Եթե իրենք վերանայվում են, ապա վերանայման ընթացքում պարոն Քոչարյանն ազատության մեջ պետք է լինի։

- Այնուամենայնիվ, մեկնաբանվեց, որ այնտեղ կալանքի մի քանի հիմք կա, մեկը հակասահմանադրական է համարվել, եւ դատարանը կարող է հենվել մյուս 2 հիմքերի վրա։

- Իրականում մենք այստեղ ուրիշ խնդիր ունենք, որովհետեւ մենք դատավարական փուլն անցել ենք։ ՍԴ որոշման եզրափակիչ մասում ՍԴ վերջնական որոշումը վերաբերում է կալանքին՝ մինչդատական վարույթում, իսկ մենք հիմա արդեն գտնվում ենք դատական վարույթում, եւ ՍԴ որոշումը վերջնական նշանակություն է ունենալու այդ վարույթում դատավորի գործողությունների համար։

- Ըստ ամենայնի, սահմանադրագետը, ում մեջբերում եմ, Ձեզ հետ համաձայն չէր լինի, քանի որ ասաց․ «Բայց, մյուս կողմից, ակնհայտ է, որ քաղաքացու պրոցեսուալ իրավունքը խախտված է։ Սակայն նորից մի «բայց»՝ պրոցեսուալ իրավունքի խախտումն աներկբայորեն չի գալիս կալանքի վերացման, որովհետեւ այնտեղ այլ հանգամանքներ էլ կան, որ պետք է քննության առնվեն»։

- Էլի գալիս ենք այն հարցին, որ բովանդակությունը շատ կարեւոր է։ Կարող է, օրինակ, լինել այնպիսի բովանդակությամբ որոշում, որը ենթադրում է, որ ընդհանրապես քրեական հետապնդում չէր կարող հարուցվել։ Կամ ինչ-որ կոնկրետ ընթացակարգով պիտի հարուցվեր, ինչը ենթադրում է, որ նաեւ հետագա բոլոր գործողությունները՝ թե՛ խափանման միջոցի ընտրությունը, թե՛ այլ, չէին կարող լինել։ Ու կարող է լինել այնպիսի որոշում, որն ընդամենը խախտումն է արձանագրում, որոշակի քննության հարուցումը, եւ կարող է նաեւ որոշումը պահպանվել։ Դրա համար հիմա մենք բոլորս ենթադրությունների դաշտում ենք, եթե չկա ամբողջ որոշումը, դիրքորոշում հայտնելն անշնորհակալ գործ է։

- Իսկ այն, որ առաջին պահին դա գնահատվեց որպես ձեր հայցի բավարարում…

- Չէ, մենք ընդունում ենք, որ մասամբ բավարարեց, որովհետեւ եզրափակիչ մասում նշված է՝ այսինչ հոդվածը հակասահմանադրական ճանաչել։  
Ունենք փաստ, որ մինիմալ շեմով՝ մինիմալ պահանջի մասով, բավարարված է, պահանջի բովանդակային մասով բավարարված է, թե ոչ՝ կիմանանք որոշման բովանդակային մասի հրապարակումից հետո։ Տվյալ դեպքում արձանագրում ենք, որ խախտում նկատվել է, հակասահմանադրական ճանաչելու հիմքեր նկատվել են՝ հղում անելով անձնական ազատության իրավունքին, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ ազատության իրավունքի խախտում դատարանն արձանագրել է։

- Իսկ եթե փորձեք քաղաքական գնահատական տալ ՍԴ որոշմանը։

- Այ,  հենց դա է, որից խուսափում ենք։

- ՍԴ որոշումը կարելի է քննադատել, բայց առաջարկում են չկատարել։

- Ցանկացած երեւույթ աշխարհում քննադատել կարելի է, այդ թվում՝ օրենքներ, Սահմանադրություն, եւ մենք կարող ենք արձանագրել, որ Սահմանադրության մեջ կան թերություններ, բայց Սահմանադրության պահանջները պետք է կատարվեն։

- Հիմա՝ քայլերի մասով․ ի՞նչ պետք է անեք։

- Գործընկերներիս հետ այդ հարցը չենք քննարկել, բայց իմ անձնական կարծիքն այն է, որ, ամեն դեպքում, այդ հարցը պետք է որոշի դատավոր Աննա Դանիբեկյանը, որովհետեւ իր վարույթում է։ Որ նախնական դատական նիստ հրավիրվի, ու կալանքից ազատվի։ Այդ ժամկետը կլինի առավելագույնը սեպտեմբերի 12-ին, երբ նշանակված է առաջին դատական նիստը։