Ոստիկանության աշխատողներին ծանր օրեր են սպասվում

Ոստիկանության աշխատողներին ծանր օրեր են սպասվում

Թեեւ արդեն հայտարարվեց, որ հունիսի 20-ին կայանալու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, սակայն, հաշվի առնելով, թե ինչպիսի անկայուն ու անկանխատեսելի մարդու հետ գործ ունենք՝ ի դեմս վարչապետ Փաշինյանի, հետեւաբար, չենք կարող վստահ լինել, որ հենց այդ օրը կկայանան ընտրությունները: Քանի որ երկիրը դարձել է Փաշինյանի անձնական քմահաճույքների ու պահի տակ ընդունած որոշումների գերին, ապա չի բացառվում, որ մի օր էլ նա զարթնի ու ասի, որ արտահերթ ընտրությունների համար հանրային պահանջ չկա, ընտրություններ չեն լինելու, ու վերջ: Դրանով նա նախ անհարմար դրության մեջ կդնի այն քաղաքական ուժերին ու մարդկանց, որոնք շտապեցին անցնել Փաշինյանի թրի տակով ու համաձայնեցին նախապատրաստվել նրա կազմակերպելիք ընտրություններին: 

Բայց եթե անգամ ընդունենք, որ հունիսին կայանալու են ընտրություններ, ապա դժվար է պատկերացնել, թե ինչպես է իր նախընտրական քարոզարշավն անցկացնելու Նիկոլ Փաշինյանը: Քանի որ իր կուսակցության «ուսապարկերը» չունեն հանրային ճանաչում եւ քաղաքական իմիջ, չկա այլ առաջնորդ, ապա հնարավոր չէ, որ Փաշինյանը նստի իր աշխատասենյակում եւ առցանց հետեւի, թե ինչպես են իր կուսակիցները նախընտրական քարոզարշավ անում:

Այդպես ժամանակին արեց Սերժ Սարգսյանը, ով 2017-ի նախընտրական քարոզարշավին ընդհանրապես դուրս չեկավ ընտրողների հետ հանդիպման, նրա փոխարեն դա անում էին իր կուսակիցներն ու Կարեն Կարապետյանը: Բայց քանի որ փաշինյանական թիմի միակ «աստղն» ինքն է, ապա քարոզարշավի ողջ ծանրությունը մնալու է իր ուսերին: Իսկ ինքը՝ Փաշինյանը, տեղաշարժվելու հետ կապված մեծ խնդիրներ ունի, մեղմ ասած: Եթե նա կառավարության շենքից մինչեւ մոտակա նախարարություն գնալու համար, որի հեռավորությունը մոտ 200 մետր է, մի ամբողջ ոստիկանական զինված զորախումբ է օգտագործում՝ իր անվտանգությունն ապահովելու համար, ապա ինչպե՞ս է շրջելու մայրաքաղաքի տարբեր թաղերում, շենքերի բակերում, ինչպե՞ս է գնալու մարզեր, ասենք՝ Սյունիք, Տավուշ, Գեղարքունիք, որոնց սահմանները գնալով նեղանում են, եւ թուրքը դարձել է նրանց անմիջական դրկից հարեւանը, եթե ոչ տանտերը՝ շնորհիվ Փաշինյանի:

Պարզ է, որ որոշ համայնքներ կատարելիք նախընտրական այցերը կլինեն ծածուկ, գաղտագողի, կազմակերպված տեղական իշխանիկների կողմից։ Ինչ-որ իշխանամետ մարդիկ կգան, կհամբուրեն Փաշինյանի ձեռքերը, կխնդրեն փակել «Արմնյուզ»-ը, թավիշին վերջ տալ եւ այլն: Ու այս բեմականացումները կնկարահանվեն եւ կմատուցեն հասարակությանը՝ որպես ապացույց «ժողվարչապետի» բարձր վարկանիշի: 

Իսկ ինչպե՞ս կանցնի քարոզարշավը խոշոր համայնքներում, որտեղ դժվար կլինի ծածուկ պահել Փաշինյանի այցը: Այստեղ նորից կդժվարանա ոստիկանության աշխատակիցների գործը. նրանք ստիպված կլինեն ամենուրեք հսկայական զորախմբով հետեւել Փաշինյանին, իրար ձեռք բռնած՝ փրկօղակ կազմել, նրան առնել այդ օղակի մեջ, ավտոմեքենաների միջից զենքը պահել ընտրողների վրա, համայնքապետարանների ու շենքերի տանիքներին դիպուկահարներով հսկել մարդկանց: Մի խոսքով, խստացված ռազմական դրության իրավիճակում Փաշինյանն իր քարոզչությունը կիրականացնի ոստիկանության եւ ԱԱԾ աշխատակիցների նյարդերի ու առողջության հաշվին: