Այն, որ արդյունքում կունենանք նաև ֆինանսական մեծ կորուստներ, փաստ է

Այն, որ արդյունքում կունենանք նաև ֆինանսական մեծ կորուստներ, փաստ է

Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների անհրաժեշտությունը՝ մինչեւ ապրիլի 14-ը փակ կլինեն ԿԳՄՍ ենթակայությամբ գործող թատերական եւ համերգային կազմակերպությունները, թատրոնները, համերգասրահները, թանգարանները եւ գրադարանները։ Այս օրերին ինչպես կրթական, այնպես էլ մշակութային բոլոր օջախներն անցել են առցանց աշխատանքային ռեժիմի:   

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանն ասում է, որ իրենց այցելուների համար մի քանի տարբերակով պատրաստել են վիրտուալ այցեր, այդ թվում 360 աստիճան հարթակի միջոցով արված։ «Այսինքն՝ կարելի է զբոսնել ամբողջ թանգարանով, մանրամասն նայել ամեն ինչ: Բացի այդ, ես եւ գլխավոր ֆոնդապահը լայվ էինք մտել, որտեղ մանրամասն պատմում էինք եւ ներկայացնում մեր թանգարանի էքսպոզիցիան: Հետո, մի քանի այլ թանգարանների հետ համատեղ ստեղծվել է հարթակ, այսինքն՝ թանգարանների միջեւ էլ են իրականացվում տարբեր ծրագրեր․ օրինակ՝ հիմա Իսահակյանի թանգարանի հետ պատրաստում ենք մի ծրագիր, որպեսզի իրենց մոտ եղած թանգարանային առարկաները, որ այսպես թե այնպես առնչվում են Սարյանի հետ, նրանք դա ներկայացնեն իրենց պատմությամբ, եւ հաջորդիվ նույնը նաեւ մենք կանենք»,- ասում է Ռուզան Սարյանն ու նկատում, որ թանգարանն իր առցանց ռեսուրներով նույնպես պահանջված է. 

«Երեկվա դրությամբ բավականին դիտումներ եղել են՝ վիրտուալ տուրերի հետ կապված: Բացի այդ, մեր թանգարանը բավականին ակտիվ է Ֆեյսբուքում, եւ այդ առումով անկում չկա, հիմա նաեւ մի ծրագիր ենք պատրաստել երեխաների համար, որը կոչվում է. «Ես տանը նստած՝ նկարում եմ գարուն»։ Մենք ուզում ենք տեղադրել Սարյանի այգու ծաղկած ծառերը, որովհետեւ հիմա երեխաները չունեն հնարավորություն դուրս գալու եւ այս գարունը վայելելու, իրական ֆոտոներ կտեղադրենք եւ իրենց կառաջարկենք նկարել գարուն: Տեսնենք ինչ կստացվի։ Նաեւ մրցույթ կհայտարարենք, այն նկարները, որոնք արժանանան օգտատերերի ամենաշատ հավանումներին, մրցանակներ կստանան թանգարանի կողմից»։ Տնօրենն ընդգծում է, որ բոլոր առցանց ծրագրերն անվճար են: 

Կախված նրանից, թե ինչքան փակ կլինեն թանգարանները, այդքանով մեծ կլինեն նաեւ թանգարանների ֆինանսական կորուստները. «Ամբողջ աշխարհում է հիմա նույն պատկերը` Լուվրից սկսած, մեր թանգարաններով վերջացրած, բոլորս նույն վիճակում ենք, եւ քանի որ չի եղել նախադեպ, որպեսզի հասկանանք թե, սա երբ կավարտվի եւ ինչով կավարտվի, պարզ չէ ֆինանսական կորուստների չափը, բայց այն, որ մենք կունենանք նաեւ ֆինանսական մեծ կորուստներ, փաստ է: Եթե ինչ-որ մասով մենք ֆինանսավորվում ենք պետության կողմից, ապա գրեթե նույն չափով աշխատում ենք լրացնել նաեւ մեր արտաբյուջեն: Հիմա ստացվում է, որ այս արտաբյուջեն չի լրացվելու՝ ինչքան որ փակ լինենք: Եվ մեծ դժվարությունների առաջ կկանգնենք, որովհետեւ մենք արտաբյուջեով վերցրել ենք աշխատակիցներ, որոնք մեզ անհրաժեշտ են թանգարանի բնականոն աշխատանքը կազմակերպելու համար, հիմա ես ինչպե՞ս իրենց պետք է աշխատավարձ տամ։ Այսպիսի խնդիրների առաջ ենք կանգնելու, որը բավականին ցավոտ է մեզ համար»: Թանգարանում իրականացնում են նաեւ հերթապահություն, որովհետեւ կան սարքավորումներ, որոնց աշխատանքին պետք է հետեւել. «Ես էլ, ֆոնդապահն էլ գնում ենք, հերթապահում ենք, վերջին հաշվով՝ պետք է նաեւ ծաղիկները ջրել»:

Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ստեղծված իրավիճակում թանգարանն իր ծրագրերն անում է առցանց հարթակում` օգտագործելով բոլոր հնարավոր ճանապարհները. սոցիալական ցանցերը, թանգարանի կայքէջը, վիրտուալ ողջ տիրույթը: «Խոսքը միայն տեսագրված ցուցադրությունների մասին չէ, կա նաեւ 360 աստիճան այդ հարթակը, որը հասանելի է դարձնում թանգարանի էքսպոզիցիան այցելուներին: Դրանից բացի, մենք նաեւ հատուկ ծրագրեր ենք մշակել, որոնք հիմա իրականացնում ենք` կոնտակտի մեջ մնալով մեր պոտենցիալ այցելուների հետ: Թանգարանի ֆեյսբուքյան էջը մոտ 10 հազար հետեւորդ ունի, բացի այդ՝ «Երեւան իվենթսի» միջոցով մենք sms հաղորդագրություններ ուղարկելով փորձում ենք մեր տարբեր տեսակի ծրագրերը հասանելի դարձնել մեր այցելուներին»,-ասում է Եղիազարյանն ու նշում, որ այս ընթացքում հասցրել են մշակել 2 ընդարձակ ծրագիր. «Մեկը կոչվում է` տուն-թեյ-գիրք, որն իրենից ներկայացնում է ֆոտոմրցույթ եւ շատ ակտիվ արձագանք է ստացել: Սա ծրագիր էր, որ «չելենջի» վերածվեց, եւ տարածումը շատ լայն եղավ: Մյուսն այն է, որ մենք ունենք հստակ ժամեր՝ իվենթների տեսքով, որի ընթացքում պրեմիերաներ ենք անում օնլայն հարթակում` ցուցադրում ենք թանգարանի կողմից նկարահանված անիմացիոն մուլտֆիլմեր»: 

Այսօրվանից մեկնարկել է նաեւ թանգարանի նոր կրթական ծրագիրը, որը կոչվում է «Ընտանեկան փոստարկղ», որի ընթացքում ամեն երեխա կունենա իր անձնական նամակագրական կապը Հովհ. Թումանյանի հետ: «Դրա հաջորդ փուլը կանենք արդեն ոչ արտակարգ, խաղաղ պայմաններում, երբ անցնենք բնականոն աշխատանքի: Ի դեպ, այն բոլոր ծրագրերը, որոնք մեկնարկել են, եւ անում ենք, ենթադրում են նաեւ շարունակականություն: Առաջիկա օրերին, ըստ հոբելյանական օրացույցի, մենք կունենանք օնլայն ցուցահանդեսներ՝ անդրադարձ կատարելով այս տարվա հոբելյարներին: Սոցիալական հարթակով նոր ծրագիր է մշակվում, եւ ցուցահանդեսի ոչ ֆորմալ ձեւաչափ է ստեղծվում, որը հասանելի կլինի մարդկանց այդ ձեւով: Էլի ծրագրեր կան, որոնք նախատեսված են այս մեկ ամսվա ողջ ընթացքի համար, եւ որոնք մշակել ենք «հակաճգնաժամային թանգարան» ծրագրի շրջանակում»,-ասում է թանգարանի տնօրենն ու հավելում, որ թանգարանում հերթափոխ չի իրականացվում, բոլոր աշխատանքներն իրականացվում են տնից, միայն ինքն է, ըստ անհրաժեշտության, գնում թանգարան: