Դեռ մեղադրյալ չկա եւ դատախազության աշխատակիցը հպարտանում է դրանով

Դեռ մեղադրյալ չկա եւ դատախազության աշխատակիցը հպարտանում է դրանով

Այսօր առավոտյան մեր թերթում լուր է հրապարակվել, որտեղ գրել էինք, որ «Սուրմալուի» պայթյունի գործով արդեն մեղադրյալ կա, որի ինքնությունը չեն բացահայտում առայժմ:
Պարզվեց` պարզ վրիպակ է տեղի ունեցել. նմանօրինակ մի պայթյուն «Սուրմալու» տոնավաճառում տեղի էր ունեցել նաեւ անցած տարի` 2021 թվականի ապրիլի 6-ին, այդ գործով  կա մեղադրյալ, մեր լրագրողը դատախազությունից տեղեկություն էր ստացել, որ կա մեղադրյալ եւ շփոթմունքն առաջացել էր այդ տեղեկությունից: Մենք արդեն ուղղել ենք վրիպակը: Բայց վրիպակի պատճառը նաեւ այն էր, որ ենթագիտակցորեն մենք վստահ ենք եղել, որ այս գործով էլ պետք է անպայամն արդեն մեղադրանք առաջադրված լինի եւ մեղադրյալ ներգրավված լինի:

Սակայն գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը առավոտից արդեն հասցրել է պիտակավորել մեր լուրը` այն ապատեղեկատվություն անվանել եւ վրիպակի փաստն օգտագործել է հերթական անգամ լրատվամիջոցներին դաս տալու համար: 

Մենք էլ փորձենք այս առիթն օգտագործել` հասկանալու համար, թե ինչպե՞ս է պատահում, որ չորս օր առաջ տեղի ունեցած դեպքի առիթով հարուցված քրեական վարույթը տեղից այնքան չի շարժվել, որ դեռեւս որեւէ մեկին մեղադրանք չի առաջադրվել: Սա այն դեպքն է երբ «սելը ճռռալու փոխարեն, սելվորն է ճռռում»:

Գոռ Աբրահամյանն ասում է, որ այս դեպքը մեծածավալ քննչական գործողություններ է պահանջում եւ դեպքի վայրին առայժմ չեն կարողացել մոտենալ: Բայց այս բացատրությունն առնվազն ծիծաղելի է: Տարրական տրամաբանությունը եւ օրենքների չնչին իմացությունը հուշում է, որ դեպքից անմիջապես հետո արդեն պարզ էր մեղավորների մոտավոր շրջանակը: Եւ հարց է ծագում` ինչպե՞ս է պատահում, որ ցանկացած զանցանք կատարած անձի (մի հավ գողացողի) կարող են անմիջապես մեղադրանք առաջադրել, ձերբակալել ու կալանավորել, իսկ նման մասշտաբի ողբերգության մեղավորներից ոչ մեկին դեռ չեն «հայտնաբերել»: 

Ինչպե՞ս է պատահում, որ հանրահավաքի մասնակիցներից մեկը փողոցում մի անցորդի հետ վիճում է, նույն օրը եւեթ քրեական գործը հարուցում են, մարդուն ձերբակալում եւ կալանքի սանկցիա ստանում կամակատար դատավորից: 

Հայտնի պրոդյուսերը քաղաքական վերլուծություն է անում` հարցազրույց է տալիս, ազգամիջյան թշնամանքի հոդվածը, որը Հայաստանում շատ հազվադեպ է կիրառվում, բերում կպցնում են, կալանավորում, շաբաթներ պահում բանտում, ապա գործն ուղարկում դատարան, որտեղ նա հենց առաջին նիստի ժամանակ հանկարծամահ է լինում եւ ոչ ոք դրա համար պատասխան չի տալիս: Իսկ մեղադրանքն, ի դեպ, հարուցել է, հաստատել է եւ մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկել նույն այն դատախազությունը, որը ներկայացնում է Գոռ Աբրահամյանը:

Գյումրիում հանրահավաքի մասնակիցներին սադրում են, ձվեր են նետում, մի քանի տաքգլուխ երիտասարդներ ծեծում են ինչ որ մարդկանց, որոնք հետո հայտարարում են, որ բողոք չունեն, բայց ոչ միայն գործ է հարուցվում, այլեւ երիտասարդները ամիսներով բանտում են հայտնվում` առանց դատավճռի: 

Մի անհասկանալի ձայնագրության հիման վրա կալանավորվում է հայտնի քաղաքական գործիչը` Ավետիք Չալաբյանը եւ անհեթեթ մեղադրանքով պահվում է կալանավայրում: 
ԱԻՆ նախարարին մեղադրանք է առաջադրվում ինչ որ ջեռուցման կաթսայի բացակայության եւ մանր-մունր չարաշահումների համար ու նա արագ` հենց իր աշխատասենյակից կալանավորվում է, դեռեւս քննությունը չավարտված եւ նստած է ու նստած: 

Քաղաքաշինության կոմիտեի նախագահին մի քանի հազար դոլարի յուրացման մեղադրանքով կալանավորում են եւ 2 տարի շարունակ պահում բանտում, չնայած առողջական ծանր վիճակին: 
Պաշտպանության նախկին նախարարին մեղադրանք են առաջադրում, որի շրջանակներում իրականացված փորձաքննությունները հերքում են նրա մեղքը, բայց նա կալանավորվում է եւ 10 ամսվա ընթացքում ընդամենը դատական 6 նիստ են անում, բայց նա արդեն մեկ տարի նստած է` որպես չկատարած հանցանքի, կամ` կատարած հանցանքին անհամարժեք պատիժ: Շարունակե՞նք: Օրինակները հարյուրավոր են:

Հասկանալի է, որ դատախազությունը վերածվել է քաղաքական մարմնի եւ քաղաքական հանձնարարություններ է կատարում, իսկ «Սուրմալուի» դեպքով չկա այդ հանձնարարությունը: Իսկ չկա, որովհետեւ որեւէ քաղաքական դեմք, ընդդիմադիր այս տոնավաճառին չի առնչվում, միջադեպում չկա: Իսկ գուցե չկա, որովհետեւ ոչ թե պաշտոնական չարաշահումների, անփութության, պաշտոնական անգործության փաստերի հետ գործ ունենք, այլ տեռորիստական ակտի՞, որի թելերը հանրապետությունից դուրս են տանում կամ` դեպի մերձիշխանական շրջանակներ: Կարող ենք, չէ՞, նման հեռուն գնացող եզրակացություններ անել: Հակառակ դեպքում արդեն իսկ մեղադրանք կլիներ առաջադրված եւ գործով որպես մեղադրյալ ներգրավված կլինեին.
1. Տոնավաճառի տնօրենը եւ սեփականատերը, որոնք անզեն աչքով արդեն նկատելի է, որ բազմաթիվ խախտումներ է արել եւ մարդկային կյանք վտանգել:
2. Տեսչական մարմնի ղեկավարը ու աշխատակիցները, որոնք մի ձեւական ստուգում են արել եւ հետեւողական չեն եղել իրենց պարտականությունների կատարմանը` պաշտոնական անգործություն են դրսեւորել, որը հանգեցրել է ծանր հետեւանքների:
3. Հրավառ նյութեր ներկրող անձը կամ անձինք, որոնք 4 տոննա տրոտիլին համարժեք պայթուցիկ նյութ են կուտակել տոնավաճառի տարածքում:
4. Հրավառ նյութերի տաղավարի տերը, որի տարածքում են գտվել այդ նյութերը եւ անվտանգության կանոնները չեն պահպանվել, խախտել են նորմատիվները:
5. Տոնավաճառի անվտանգության աշխատակիցը, փոխտնօրենը, հաշվապահը եւ այլլք:

Հաստատ ուրիշներն էլ կլինեն մեղադրյալների ցանկում` թաղային ոստիկանից մինչեւ վարչական շրջանի ու քաղաքապետարանի աշխատակիցներ: Եւ սա` միայն անզեն աչքով եւ լրագրողական հայացքով:

Ի դեպ, որպես մեղադրյալ ներգրավելը դեռ աշխարհի վերջը չէ: Սա ընդամենը կարգավիճակ է` քննությունն առավել ամբողջական իրականացնելու համար: Եւ պարտադիր չէ մեղադրյալը կալանավորվի: Եթե քննության ընթացքում կպարզվի, որ նրա մեղքը չի հանգեցրել այս հետեւանքներին, անձի նկատմամբ մեղադրանքը կարող է նաեւ կարճվել:

Բայց մեղադրանքի առաջադրումը եւ մեղադրյալների մասին հայտարարությունը կարող էր մի փոքր հանդարտեցնել հասարակությանը եւ ցույց տար, որ իշխանությունը` իր իրավապահ կառույցներով, ձեռքերը ծալած չի նստել եւ նրա ակտիվությունը միայն քաղաքական հետապնդումների ժամանակ չի արտահայտվում, այլ հանրային կարեւորության նման դեպքերի ժամանակ: